Իմ քաղցր լեզու. գրում են Նինիոծմինդայի դպրոցների սաները
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Նինիոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի և շրջանի հանրային դպրոցների սաներն իրենց լավագույն շարադրություններն են ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն, որոնք ներկայացնում ենք ստորև.
Իմ քաղցր լեզու
Ամեն ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն: Մայրենի լեզուն աշխարհի ամենահին, քաղցրաբառ լեզուներից է: Լեզուն մեծ նշանակություն ունի մեր կյանքում: Հայերիս մայրենի լեզուն հայոց լեզուն է: Այն շատ գեղեցիկ և հարուստ լեզու է: Այն հայ ժողովրդի հարստությունն է: Ճիշտ է, կարևոր է , որպեսզի մարդ իմանա օտար լեզուներ, սակայն միշտ պետք է հիշի, որ հարազատը իր մայրենին է: Պետք է սիրով պահապանի մեր մայրենի լեզուն: Իսկ լեզուն պահպանվում է գործածելով, պետք է մտածենք, խոսենք, գրենք, կարդանք, երգենք մաքուր հայերենով, չխառնենք մեր գեղեցիկ լեզվին օտար բառեր: Խոսակցության մեջ տարբեր լեզուների բառեր, արտահայտություններ գործածելը մայրենի լեզվին միայն վնասում է: Լեզվի պահպանման համար մարդիկ պետք է իրար սովորեցնեն, օգնեն, թե ինչպես պետք է ճիշտ խոսել: Ես շատ եմ սիրում մեր քաղցր մայրենի լեզուն: Եվ կարդում եմ զանազան գրքեր:
Խաչատուր Փութուլյան
Նինոծմինդայի հանրային թիվ 3 դպրոցի VI դասարանի աշակերտ, «ՌՋ» կենտրոնի սան
Իմ քաղցր լեզու
Լեզուն է ամեն մի ժողովրդի
ազգային գոյության և էության
ամենախոշոր փաստը, ինքնուրույնության
ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու
հեռավոր անցյալի կախարդական բանալին,
հոգեկան կարողությունների ամենաճոխ
գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
Հովհ.Թումանյան
Ամեն մի գրավոր կամ բանավոր խոսք պետք է կազմվի տրամաբանական հաջորդականությամբ: Թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքը պետք է լինի գեղեցիկ ու արտահայտիչ:
Գեղեցիկ լեզուներ շատ կան աշխարհում, սակայն կա մի լեզու, որ իր բնույթով տարբերվում է մյոսներից. հեզ՝ ինչպես իր երկրի աղջիկները, վեհ՝ ինչպես Մասիսը, խոհեմ՝ ինչպես տաճարները և տոկուն՝ ինչպես հայ զինվորները: Սա հայերենն է, հայ մարդու հավատն ու հպարտությունը:
Իմ քաղցր լեզու՛, ես երջանիկ եմ, որ քեզ կարող եմ կոչել Մայրենի: Երանի՜ նրան, ով քեզնով է խոսում ու դատում: Այդ երանելին, ինչպես և ես, քեզ չենք տիրապետում, այլ դու ես մեզ տիրապետում՝ միշտ ու հավիտյան:
Իմ քաղցր լեզու՛, քեզանով է պայթել մեր գոյության հունդը, քեզանով ենք դարձել տուն, երկիր: Արարատյան հողում դու շառաչել ես, որ քո հնչյունը գիր դառնա: Դու մեր պայքարող ոգու կանչն ես եղել: Մենք առանց քեզ չէինք կարող պայքարել, ապրել:
Արքաները այս լեզվով են խոսել, հոգնած շինականն է խոսել լծորդ լծականի հետ: Դու մեր անցած բոլոր ուղիներում զրահ ես եղել, եղել ես զորավիգ, դարձել ես Մհեր, Դավիթ…
Վեց տարեկան հասակում ես սովորեցի հայոց տառերը, և դրանից առավել կարևոր իրադարձություն իմ կյանքում չի եղել ու թերևս չի էլ լինի: Եվ այդ օրվանից ծաղկում ապրեց իմ հոգին, ու ես հասկացա, որ չկա ավելի վեհ գիտակցում, քան այն, որ հայ ես ու քոնն է հայերենը, հասկանում ես, որ արյան փոխարեն երակներովդ հայերեն բառեր են հոսում, շրջանառություն կատարում սրտումդ ու սրտիդ բաբախյունները դառնում են ավելի հստակ:
Դարերի խորքից սկիզբ առած հայ ժողովուրդը իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է իր գոյությունը պահպանելու համար և գլխավորը՝ լեզուն : Այդ լեզուն հայի շուրթին է եղել թե՛ վշտի, թե՛ ուրախության պահերին: Այն ճոխ է ու հղկված, անաղարտ է ու սուրբ: Հայ ժողովուրդը տառապել է, հալածվել ու անարգվել է թշնամուց, բայց երբեք չի կորցրել իր համար ամենաթանկն ու սուրբը՝ մայր լեզուն: Եվ եթե այսօր այն վեհ ու գեղեցիկ է հնչում, այդ նրանից է, որ սերունդները սրբորեն են վարվել նրա հետ:
Տառապանքի ու պայքարի տարիներին հայ մայրը զավակի հետ մեկտեղ հաճախ հայատառ մատյաններ է փրկել: Եվ կարողացել է ապրել մեր ժողովուրդը, որն այնքա՜ն շատ թշնամիներ ուներ և այնքա՜ն քիչ բարեկամներ: Նա ապրեց իր լեզվով, իր պատմությամբ՝ անհամար ցավերն ու մահերն արհամարհելով, առասպելական փյունիկի պես մոխիրներից հառնելով:
Իմ քաղցր լեզու՛, դու ժողովրդի ողնաշարն ես, մեզ ուղիղ ես պահել ու հպարտ, որպեսզի չծռվենք ամեն հողմից ու փորձությունից:
Հայ է նա, ով ծանր պահերին անգամ չի մոռանում իր սրբությունը՝ մայր լեզուն:
Մեր նախնիների ավանդած ժառանգությունը մենք պարտավոր ենք անաղարտ պահելու և փոխանցելու գալիք սերունդներին, որ դարեր շարունակ մեր լեզուն պայծառ շողա և իր շողքը գցի ապագայի վրա: Մենք էլ այժմ սրբորեն ենք պահում մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի պատգամը, որը կրակված սրտով ավանդել է մեզ, և որը պետք է հնչի յուրաքանչյուրիս շուրթերից՝ իբրև նորօրյա աղոթք:
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո մայր լեզուն չմոռանաս…
Վրաստան, Նինոծմինդայի թիվ 3 հանրային դպրոցի XII դաս. աշակերտուհի Ղազարյան Անժելա, «ՌՋ» կենտրոնի սան
Իմ քաղցր լեզու
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզվին. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը:
Մ. Նալբանդյան
Հայոց լեզու … Մի լեզու, որը կարող է մեկնել անմեկնելին, կարող է բացատրել անբացատրելին: Լեզու, որը լի է հուզառատ աշխարհներ բացող նրբերանգներով: Լեզու, որով ցնորքների լուրթ երկնքում թևածող ոգիներն են երկնում իրենց հրաշագեղ ու հոգեզմայլ երգերը: Եվ վերջապես լեզու, որը նման է եդեմի և այն բացում է մեր առաջ գաղտնիքներով լի դռներ, պարուրում է մեզ եդեմային բերկրանքով, կյանքում չապրած և չզգացած սրտաթրթիռ հուզոմներով: Լեզուն շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում: Հայոց լեզուն է հայ ժողովրդի գոյության հիմքը:
Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ, և իմ մայր լեզուն հայերենն է: Պատիվ է ինձ համար լինել հայ, դաստիարակվել հայեցի ոգով, ճանաչել հանճարներին, ովքեր իրենց գործունեությամբ միշտ բարձր են պահել մեր մայր լեզուն, տվել հերոսներ, ովքեր կյանքի գնով են պաշտպանում հայրենի հողը:
Լեզուն ճկուն է ու ճոխ այն դեպքում, երբ նրա միջոցով կարողանում ենք ազատորեն արտահայտել ցանկացած գաղափար, մարդկային զգացմունքներ:Հենց հայոց լեզուն ունի գաղափարներն ու զգացմունքները ճշտությամբ ու խորությամբ արտահայտելու համապատասխան ու նուրբ ձևեր:
Սա մեր լեզվի հարստությունն է: Ցանկացած հայ պետք է բարձր պահի իր մայրենի լեզուն, դրա համար հարկավոր է, որ մարդ կատարելագործի իր գիտելիքները: Դրա համար պետք է ոչ միայն գրելու ժամանակ լավ բառընտրություն կատարել, այլև այդ լեզվով շատ կարդալ:
Հայոց լեզուն աշխարհի հնագույն լեզուներից է: Այն հայ ժողովրդի մեծագույն հարստությունն է: Ճիշտ է մարդ պետք է օտար լեզուներին էլ տիրապետի, սակայն միշտ պետք է հիշի, որ հարազատը իր մայրենին է: Պետք է մտածել, խոսել, կարդալ և երգել մաքուր հայերենով:
Հայերը աշխարհով մեկ սփռված լինելով, միևնույն է, միշտ անաղարտ են պահում իրենց լեզուն: Այդպիսին եմ նաև ես, ով չի ապրում իր հայրենիքում, ով կարոտ է իր մայր հողին:
Շատ դժվար է ապրել արտերկրում՝ հայրենիքից հեռու, և մաքուր պահել մայրենի լեզուն:
Ցանկացած սփյուռքահայ երիտասարդ, ինչքան էլ փորձի անաղարտ պահել հայոց լեզուն՝ իր ճկունությամբ ու ճոխությամբ, միևնույն է չի կարողանա, եթե հայ գրողների ստեղծագործությունները կարդալու սեր չունեն:
Ես ցավ եմ զգում, որ ապրելով հայրենիքից հեռու, հնարավորություն չունեմ ուսումնասիրելու հայոց պատմությունը: Ցավ եմ ապրում այն բանի համար, որ տարեցտարի կրճատվում են մայրենի լեզվի ժամերը:
Բոլորիս ցանկությունն՝ է կապ հաստատել մայր հայրենիքի հետ, որն էլ կնպաստի մայրենի լեզվի պահպանմանը:
Սակայն ինչքան էլ դժվար լինի պահպանել հայոց լեզուն, միևնույն է մեր ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը մեր մայրենին է:
Նանայան Լարիսա Վրաստան, Նինոծմինդա, թիվ 1 հանրային դպրոցի XI դաս. աշակերտուհի
Իմ քաղցր լեզու
Գոյություն ունի երեք սրբություն՝ մայր, լեզու, հայրենիք: Այս սրբություններն այնպես են շաղկապված միմյանց , որ անհնար է պատկերացնել մեկն առանց մյուսի: Պատահական չեն հետևյալ արտահայտությունները՝ մայր լեզու, մայր հայրենիք, հայոց լեզու:
Ես արդեն սովորում եմ իններորդ դասարանում, բավականաչափ ծանոթ եմ մեր պատմությանը: Գիտեմ, որ դաժան ճակատագիր էր բաժին հասել իմ ժողովրդին. Այդ պատմությունը լի է արյունով և մաքառումներով, բայց և լի է հերոսական էջերով ու լույսի որոնման ճանապարհով, անմահության ձգտումով: Այո’, անմահ է հայ ժողովուրդը, որովհետև իր ծոցում ծնել է մի առավել անմահ զավակ՝ « այր մի՝ Մաշտոց անունով », ով կարողացավ անարյուն ճակատամարտեր մղել և ստեղծել մեր «զինանոցը»՝ հայոց անմահ այբուբենը, որը հայ մարդու ապրելու, հարատևելու ամենավառ վկան է: Մեսրոպյան երեսունվեց տառերը մեր ոգեղեն խորհուրդն են, մեր ինքնության պայծառ արահետները:
Մաշտոցյան լեզուն մեզ մեկընդմիշտ փրկեց ձուլումից, օտարի հոգևոր ծանր լծից: Այնքան թանկ է մեզ համար մեր քաղցր ու ոսկետառ լեզուն, որ ինչ էլ ասենք, ինչպես էլ գովերգենք՝ քիչ է դարձյալ:
Հայ գրականությունը լեցուն է չափածո և արձակ էջերով, որոնք ձոնված են մեր հազարագանձ լեզվին: Մի դեպքում այն մեր «խիղճն է», մյուս դեպքում՝ «մեր հացն, ու համը մեր բերանի», մի այլ դեպքում՝ մեր մեծ երթի «հույսն ու դրոշը», իսկ Չարենցի ըմբռնումով՝
Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս ,
Առնական է , կոպիտ , բայց միևնույն պահին
Պայծառ է նա , որպես մշտաբորբոք փարոս ,
Վառված հրով անշեջ դարերում հին …
Այդ անշեջ հուրը վառվել ու վառվելու է նոր դարերում, ավելի ճիշտ՝ հավերժի դարերում, որովհետև, ինչպես «հուշում է» Հովհաննես Շիրազը ՝
Ժխորում էլ Բաբելոնի ,
Խոսի’ր, լեզվով քո մայրենի ,
Հայոց լեզվով , որ միշտ ջահել ,
Մեզ բյուր դարեր հա’յ է պահել:
Անմահության և հավերժելու խորհուրդ ես, ի’մ քաղցրաբառ լեզու , ի’մ հայրենի բարբառ, ոսկեղենիկ ի’մ մայրենի …
Աննա Այվազյան, IX դասարան
Իմ քաղցր լեզու
«Ու թե քեզ դավենք, ուրեմն
Չունենք հող ու հայրենիք…»
Ես քեզ հիշում եմ ամեն օր, ամեն ժամ ու լուսաբաց, ի’մ կարոտի լեզու:
Հպարտանում եմ, որ ապրում ես դու, ապրում եմ և ես, նաև աշխարհով մեկ սփռված իմ ժողովուրդը:
Գիտեմ՝ հայրենիքը, ազգությունը, լեզուն և հարազատներին չեն ընտրում: Գիտեմ նաև, որ մայրական կաթի և առաջին բառի հետ երկու սրբություններ և կարոտներ ուղեկցում են մեզ ողջ կյանքում:
Ուստի, այսօր երևի ամենադժվարն օտար հողում ապրող իմ հայրենակցինն է, որ քայլում է աշխարհի տարբեր ծայրերով ու չի լսում հարազատ բառեր, չի զգում մայրենի լեզվի քնքշությունն ու քաղցրությունը, չի կարողանում մեկ ուրիշի հետ հաղորդակցվել իր իսկ լեզվով:
Օտար, օտա~ր է ամեն ինչ: Ու որքա~ն նա պիտի զգա քո ջերմության պակասը, ի’մ ոսկեղենիկ:
Դու դարերով աղոթք դարձար մեր շուրթերին, ամեն օր մեր լեզվով մրմնջացող աղոթք ու սրբություն, որը միշտ մեզ հետ է՝ ուրախ և տխուր պահերին: Դա կաթոգին սեր է, որ ծնվում է առաջին բառից: Հետո նա դառնում է օրոր, երգ, հորովել, ծիրանի ծառ, նաիրյան դալար բարդի, որդան կարմիր, նարեկ ու մագաղաթ: Առանց նրա մարդն իրեն մենակ է զգում օտար հողում և մայրենի լեզվի կարոտն առավել ուժգին է դառնում:
Ու նա է, որ տուն է կանչում քեզ կարոտով, դառնում վերադարձի կանչ, քնքուշ բարբառ, հավատի ու հույսի լուսավոր շող:
Հզոր է մեր ժողովուրդը, քանի որ դարավոր հողմերի դեմ պայքարելով ապրել է ու գոյատևել: Ու դա քո շնորհիվ, իմ քա’ղցր լեզու, ա’յո քո շնորհիվ: Առավել դժվար պահերին, երբ օտար սմբակների տակ տրորվել է մեր հայրենի հողը՝ դու գինի ես եղել հայ մարտիկների շուրթերին, դարձել մյուռոն ու տվել ես ոգի, հույս ու հավատ:
Դարերից եկած սուրբ մասունք ես դու, ի’մ հայոց լեզու, քաղցր բառ ես մեր շուրթերին: Դու մեղրահաց ես, սուրբ բարբառ ես, ի’մ քաղցր լեզու:
Ապրելով Վրաստանում, ես ինձ ապահով ու հզոր եմ զգում, երբ խոսում եմ մայրենի լեզվով: Ուզում եմ ասել,որ ուր էլ ապրեմ, որտեղ էլ որ լինեմ, իմ ամեն առավոտը քեզնով պիտի սկսվի, քեզ կրելու եմ իմ հոգում՝ որպես պատգամ ու երդում: Ես պիտի ապրեմ ու պաշտեմ քեզ, ի’մ աստվածային լեզու:
Չէ՞ որ ես ապրում եմ քո էությամբ, քո սփռած լույսի ջերմությամբ, քո քաղցր, հարազատ բարբառի քաղցրությամբ:
Չգիտեմ, դու՞ ես պահպանել հայ ազգին, թե՞ ժողովուրդն ինքն է փայփայել ու անաղարտ պահել քեզ, ի’մ մեղրանուշ լեզու:
Մտովի հիշում եմ քո փառավոր ու հերոսական պատմությունը, որն այսօր էլ է շարունակվում: Արդյոք քո հզոր ուժի շնորհիվ չէ՞ր, որ ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացան ու անմահացան քո զավակները:
Ահա թե ինչու եմ սիրում քեզ ու ծնրադիր աղոթում քո հարատևման ու պահպանման համար: Հպարտ եմ, որ հայ ազգի ներկայացուցիչ եմ, որ ունեմ քեզ պես քաղցր լեզու…
Ղարագուլյան Վիոլետա, XII դասարան
Իմ քաղցր լեզու
Ինչից է սկսվում հայրենիքը …
Մի մասի համար՝ հայրենիքը հայրենի հողն է, մյուսների կարծիքով՝ ժողովուրդը, շատերն էլ պնդում են, ինչպես Իսահակյանը, թե հայրենիքը լեզուն է: Իսկ իմ կարծիքով՝ հայրենիքը այդ երեք սրբությունների անքակտելի միասնությունն է, ինչպես ծառի արմատը, բունն ու սաղարթները: Չլինի մեկը՝ չի գոյատևի և մյուսը: Եվ իզուր չի ասված՝ «Լեզվի մահն արագացնում է ժողովրդի հոգևոր մահը»:
Պատմության մեջ քիչ ժողովուրդներ կան, որոնք ունենան այնքան մեծ կորուստներ, ինչքան հայերը: Հաճախ ենք խոցվել, երբեմն՝ արնաքամ լինելու աստիճան: Խլել են մեր գանձերը, հոգևոր արժեքները, քանդել են եկեղեցիները, այրել՝ մագաղաթները: Մեր պատմական հայրենիքի կեսից ավելին մեր ձեռքում չէ, գերի է: Մեր սուրբ հողի մի քարքարոտ պատառիկ է մնացել մեզ: Անկողոպտելի է մնացել միայն մեր ոսկեղենիկ լեզուն, մեր հազարագանձ մասունքը: Սուրբ Մաշտոցի արարումից հետո մեր լեզուն ու մեր ժողովուրդը անկործանելի զինյալներ ունեցան, որոնք չեն վախենում ո’չ թրից, ո’չ ժանգից, ո’չ կողոպուտից: Դրանք մեր գրերն են՝ հայոց այբուբենը, որ ավելի շատ անմատույց բերդ է՝ աննվաճ, կուռ, մեր գոյության իրավունքն է, ապրելու կռվանը: Մայրենի լեզուն մեր դարավոր երթի դրոշակակիրն է, մեր մաքառման հրացանակիրը: Չլիներ մաշտոցյան գյուտը՝ մոռացման ծովին կուլ կգնար հայոց լեզուն, չլիներ հայոց լեզուն՝ չէր լինի մեր ժողովուրդը, չլիներ ժողովուրդը՝ մեր փրկված հողի սուրբ պատառիկին տեր կանգնող չէր լինի: Չէր ծաղկի, ի վերջո, մեր մանուկ հանրապետությունը՝ բիբլիական հողի վրա:
Դպրոցում մենք սովորում ենք մի քանի օտար լեզուներ, բոլորին էլ հավասար տիրապետում եմ, բայց հայոց լեզուն ինձ համար ամենաթանկն ու ամենահարազատն է. այն իմ մեջ է մտել մորս կաթի հետ, առաջին անգամ իմ թոթով լեզվով խոսել եմ սկսել իմ մայրենիով՝ հայոց լեզվով:
Իրավունք չունի պարծենալու այն հայը, ով գիտի մի քանի օտար լեզուներ, բայց չի տիրապետում իր մայրենիին: Եվ ինչպես ասել է Ստեփան Զորյանը. «Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց»:
Հայոց լեզուն հարուստ է և ճկուն, այն իր ողջ իմաստաբանությամբ փայլատակել է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում:
Հազարագանձ հայերենով են գրվել մարդկային մտքի փառահեղ շատ կոթողներ. Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» հանճարեղ երկը, Նահապետ Քուչակի անզուգական բանաստեղծությունները, Թեքեյանի հետևյալ տողերը.
Քե’զ հայ լեզու կսիրեմ
Մրգաստանի մը նման …
Մեր քաղցրաբառ հայերենը, իրոք, որ մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն, և ինչպես մեր Տերյանն է ասում.
Դա լեզու չէ, դա ոսկի է և երկնային երաժշտություն…
Իբրև սրբության սրբոց պահպանենք մեր վեհաշունչ, մեր արքայական հայոց լեզուն:
Սիրե’նք ու սովորենք այն, պահենք անաղարտ՝ հեռու օտարաբանությունից և աղավաղումներից, մայրենիով գրված շատ գրքեր ընթերցենք, որպեսզի կարողանանք ճիշտ բառընտրություն կատարել, ճիշտ և գրագետ շարադրել մեր մտքերը և ձևակերպել ասելիքը: Բոլորս ի’ պաշտպանություն մեր քաղցրիկ մայրենիի…
Սաթխայի հանրային դպրոցի XII դասարանի աշակերտուհի
Արմինե Պալոյան
Իմ քաղցր լեզու
Մեր լեզուն՝ մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:
Հայոց լեզվի մասին խոսքս ես սկսեցի Հ.Սահյանի խոսքերով, որոնք դեռ առաջին անգամ կարդալուց, կպել են սրտիս լարերին և անընդհատ կարծես ուզում են ասել, հայտնել ինչ որ մեկին, հիշեցնել, թե ինչ սրբություն ունենք մենք մեր հոգում, որից չնայած անընդհատ օգտվում ենք, բայց չգիտենք դրա արժեքի մասին: Բայց որտեղից մեզ այդ գանձերը:Ով է ստեղծել այդ՝ գանձատունը:
Այդ գանձատունը մեր Հայոց Աստվածատուր այբուբենն է, որը ունի 39 ադամանդ, 39 անպարտելի մարտիկ:
Չմոռանանք, որ համարվելով աշխարհի փոքր պետություններից մեկը, ունենք մեր յուրօրինակ այբուբենը: Ասում են, մարդ ինչքան լեզու գիտի, այնքան էլ մարդ է: Բայց, եթե մարդ գերազանց չգիտի իր լեզուն՝ անգամ կես մարդ չէ:
Չմոռանա՛նք, որ մեր հայոց գրերով գրված պատմվածքներն են կարդացել և ոգևորվել մեր զինվորները, ավելի ջանասիրությամբ և ինքնամոռաց պսշտպանել մեր Հայրենիքը: Չմոռանա՛նք, որ մեր լեզվով թարգմանված Աստվածաշունչն է համարվում «թարգմանությունների թագուհին»:
Եվ, ի վերջո, բերենք Ավ.Իսահակյանի խոսքերը՝ «Քանի դեռ հայոց լեզուն ապրում է, հայ ազգը չի մեռնի»: Ուզում եմ դիմել ինձ նման օտար երկրներում ապրող հայերին: Պահե՛ք և պահպանեք հայոց լեզուն, սովորե՛ք և տարածե՛ք մեր մայրենին՝ աշխարհի որ ծայրում էլ լինեք…
Բդոյան Գոհար ,Վրաստան, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Նինոծմինդա քաշաքի թիվ 1 հանրային դպրոցի VIII դասարանի աշակերտուհի,
«Ռաֆայել Ջավախ» կենտրոնի սան
Իմ քաղցր լեզու
Ամեն ազգ ունի իր լեզուն: Լեզուն մեծ նշանակություն ունի մեր կյանքում, քանզի լեզուն մեր ինքնության գրավականն է: Լեզուն ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստն է: Աշխարհում կան շատ լեզուներ, սակայն դրանցից շատ քչերն են, որ կարողացել են պահպանել իրենց գոյությունը:
Հայոց լեզուն համարվում է հենց այն եզակիներից մեկը, որ պայքարել է հանուն իր գոյության: Մեր լեզուն այնքան հին է, որքան մենք, իսկ թե որքան հին ենք մենք, նույնիսկ ներկայիս գերհզոր մարդիկ չեն կարող ասել:
Հայոց այբբենարանը հայ ազգի երկրորդ բանակն է, իսկ տառերը՝ զինվորներ, ովքեր խրոխտ կանցնած, պատրաստ են ամեն պահի պատերազմելու, և այս ամենի վկայությունն է նրանց անցած հերոսական ճանապարհը, ճանապարհ, որ լիքն էր խոչընդոտներով և դժվարություններով: Հայոց լեզվի ամենամեծ հաղթանակը այն է, որ նա մնաց ինքնուրույն և չձուլվեց ոչ մի այլ լեզվի: Մեր լեզուն եղել է ինքնատիպ, ազգապահպանության երաշխիք:
Հայոց լեզուն կարծես լինի արյուն, որ հոսում է յուրաքանչյուր հայի երակներով: Հայերենը աստվածային լեզու է, որով հնարավոր է երկխոսել Աստծո հետ, ինչպես հոգով, այնպես էլ անմիջական խոսքով, որն, իհարկե, բոլորին չէ, որ տրվում է, և ինչպես ասել է Ջորջ Բայրոնը. «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»:
Հայերեն… Լեզու, որ կարող է բացատրել անբացատրելի զգացմունքները, կարող է պատմել անպատմելի երջանկությունը: Լեզու, որ ունի այնպիսի խորություն, որի մեջ մխրճվելով՝ մի պահ պատկերացնում ես քեզ զգացմունքի բարձրության վրա:
Ինչպես յուրաքանչյուր ծաղիկ իր բույրն ու հմայքն ունի, այդպես էլ հայերենի յուրաքանչյուր տառ իր տեղն ու դիրքն ունի, իր յուրահատուկ հնչերանգն ունի, որ միանալով իրար կազմում են բառեր և դառնում հոգուդ մեղեդին: Հայերենը գտնվում է երազանքի և իրականության խաչմերուկում, և խոսելով նրանով՝ իրական ես համարում բոլոր երազանքներդ: Հայոց լեզվի դրախտային աշխարհը ոտք դնողի առջև բացվում են գաղտնիքներով լի բոլոր դռները:
Մեր լեզվի փառաբանման հարցում այսպես է գրել պատմիչ Եղիշեն. «Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն՝ հզոր, ասորերենը՝ աղերսական, պարսկերենը՝ պերճ, ալաներենը՝ գեղեցկազարդ, եգիպտերենը՝ տափակախոս ու խավարաձայն, հայերենը՝ քաղցր, որ միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:
Տիրապետեով հայոց լեզվին, նրա իրական ու պատմական իրողությանը, ձևավորվում է մարդկային անհատականությունը, տալիս է անհնարին անկոտրում հզորություն իր իսկ խոսքի նկատմամբ: Չէ որ արդար և ճշմարիտ խոսքը՝ իրական հարստություն է, աննվաճելի գանձ, որի միջոցով հնարավոր է նվաճել ցանկացած բարձունք, ու հաղթահարել ցանկացած դժվարություն:
Սերը դեպի մայրենի լեզուն դատարկ ձայն չէ, ինձ համար առաջին հերթին այն հոգու կանչ է, կանչ դեպի իմ ինքնությունը, ազդանշան, որը ստիպում է սթափվել երբեմն օտար թվացող, բայց և հարազատ ծննդավայրում, կանչ, որը մտովի տանում է դեպի իմ ակունքները, իմ հայրենի եզերք, իմ հզոր Հայրենիք: Չմոռանանք, որ լեզուն մեր հայրենիքն է: Ինչպես հայրենիքը, այնպես ել լեզուն՝ կարիք ունի ամենօրյա պաշտպանության: Ուստի մեզանից միայն մի բան է պահանջվում. ամեն օր, ամեն ժամ պահպանել մեր լեզուն: Այն մեր ազգի գոյության առաջին գրավականն է…
Լաուրա Մզիկյան
Վրաստան, Նինոծմինդա,թիվ 3 հանրային դպրոցի X դաս. աշակերտուհի
Իմ քաղցր լեզու
Իմ հայ լեզու՛, իմ բարձրագնա, ես քո հանճարներով իմաստնացած ու քեզնով հպարտ զավակդ, այսօր պիտի խոսեմ քո մասին:
Իմ սուրբ լեզու՛, իմ հրա՛շք, աշխարհում քեզ սիրում եմ ամեն բանից առավել. չէ որ դու իմն ես, իմը այնքան, ինչքան ոչ մի բան իմը չէ: Քեզ ինձ է պատգամել իմ մայրը, ինչպես չհիշեմ քեզ, երբ աշխարհի ամենաթանկ էակի շուրթերը քեզնով են ինձ օրոր շշնջացել, քեզնով է լցվել իմ մանկությունը, քեզնով են իմ առաջ դռներ բացվել դեպի գրքերի և գիտությունների զարմանալի աշխարհը:
Երբ ժպտում եմ արևին ու աշխարհին` ժպտում եմ հայերեն, երբ ուզում եմ հասկանալ առվի կանչը, թռչունների ծլվլոցը` նրանք ինձ հետ խոսում են հայերեն: Ինձ համար ամբողջ տիեզերքը լցված է քեզանով, իմ մայր լեզու:
Ես արդեն հասուն եմ այնքան, որ կարող եմ խոսել աշխարհի հետ: Եվ ինչ հրաշք է, որ աշխարհին ուղղված խոսքս հնչելու է հայերենով:
Ես հպարտ եմ իմ լեզվով, նրանով, որով հող հայերենին ու մայրենի լեզուն ոչ ոքի չզիջելու պատգամներ են մրմնջացել Խորենացին, Նարեկացին, Աբովյանը, Թումանյանն ու Տերյանը:
«Ձե՛զ եմ ասում, Ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, տասը լեզու սովորեցեք, բայց Ձեր լեզուն, Ձեր հավատը ղայիմ բռնեցեք»: Որ հայի սիրտը չեն հուզում Աբովյանի այս տողերը, կամ՝ «Ախ, լեզուն, լեզուն որ չըլի, մարդ ինչի նման կըլի»:
Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ բյուրեղյա զգացմունքներ կարելի է արտահայտել քեզնով, իմ հարազատ լեզու:
Տերյա՞նն է բախտավոր, որ իր նրբանուրբ տողերը հյուսել է հայերենով, թե՞ մենք՝ հայերս, որ ունենք այդքան սրտակից, մարդկային հոգու խորքերը թափանցող բանաստեղծ:
Ինձ թվում է՝ ուրիշ ոչ մի լեզվով Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան» երգը այդքան տրտմություն ու թախիծ չէր առաջացնի: Մեր հնչյունն անգամ հայերեն է և թարգմանելի է ու խոսուն, ու գերող…
Հաճախ են ասում ,թե՝փորձիր հայերենով ցանկացած օտարերկրացու հետ խոսել, կհասկանա:«Մեղավորը» այստեղ բառերն են՝քաղցրածորուն,թե հայերենով խոսողի թախծոտ աչքերը,որոնք այնքան խոսուն են ,այնքան շատ բան ասող,շատ բան տեսած ու փորձությունների ենթարկված:
Պատահական չէ, որ հայերենը աշխարհի ողջ առաջադեմ մարդկության հետաքրքրության առարկան է:Վիկտոր Հյուգոն, ծանոթանալով հայերենին գրել է.
«Այն ժամանակ ,երբ Ֆանունը դեռ գոյություն չուներ,կար հինավուրց մի երկիր,անունը՝Հայաստան,ու գոյություն ուներ հայերեն հարուստ գրականություն:Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանելը»:Մեր լեզուն մեր վկայագիրն է,մեր ինքնության,մեր հարուստ պատմության,մեր ապագայի առհավատչյան: Շատերն են փորձել արմատախիլ անել հայի տնկած շիվը,հանել հայի աչքերը,կտրել լեզուն,որ չխոսի հայերենով,թաղել ավազի մեջ (մի ազգ ինչպես՜թաղել),բայց ավազների միջից կիսաթաղված մանուկը ձեռքը պարզել է և կարմիր ավազի վրա հայերենով գրել:
Ես հավիտյանս պարտական եմ քեզ, իմ հայ՜ լեզու,պարտավոր եմ լինել ոչ միայն զավակդ, այլև պահապանդ,պարտավոր եմ մեծարենցյան ու տերյանական մրմունջները ուղեկցել դեպի հավերժը, պարտավոր եմ զինվորագրվել Մեծ Վարդանի պատգամին.«Մեռնենք,բայց այն, ինչ ավանդ ենք ստացել մեր նախնիներից՝մեր լեզուն ու հող հայրենին,չտանք ուրիշներին»:Ես ուզում եմ ,որ բյուր ու բյուր անգամ ավելի շատ հայ մանուկների շուրթերից հնչի մեր մայրենին, ուզում եմ,որ հավիտյան հիշենք բանաստեղծուհու խոսքերը.
ՈՒ տե՛ս, որդի՛ս,ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես
Քո մայր լեզուն չմոռանա՛ս …
Նինոծմինդայի հանրային թիվ 1 դպրոց IX դաս., Ղազդանյան Անի «ՌՋ» կենտրոնի սան
Իմ քաղցր լեզու
Շատ եմ լսել, երբ լեզվին անվանում են մայրենի: Միշտ խորհել եմ, թե ինչու են այն կապում «մայր» բառի հետ: Գուցե այն պատճառով, որ անբարբառ մանկան ականջին հասած առաջին բառերը և մոր շուրթերից լսած մեղմիկ օրորոցայինները եղել են այդ լեզվով: Կամ գուցե՝ ժամանակի ընթացքում մարդիկ նկատել են, որ նմանություն կա մոր և լեզվի միջև: Հասկացել են, որ լեզուն ազգի կյանքում կատարում է այն դերը, ինչը որ մայրն է անում իր զավակի համար:Լեզուն մոր նման անգին է ու անկրկնելի: Նա թևերն ու երկինքն է ազգի, սուրն ու վահանն է, ցավն ու սփոփանքն է, կյանքն ու կռիվն է, միակն է…
Իմ խոսքերում համոզվելու համար, մեկ-մեկ նստում եմ մտքիս մեքենան և շարժվում դեպի անցյալ:Հետևում եմ մեր լեզվի անցած ճանապարհին և հասկանում նրա դերը հայ ժողովրդի կյանքում:
«Չորս հարյուր հինգ թվական: Վաղարշապատի փողոցները լեփ-լեցուն էին մարդկանցով:Նրանք իրենց աչքերը հառած սպասում էին հեռվում երևացող ձիավորին, ով իր հետ բերում էր երեսունվեց զինվոր:Վերջապես ժամանուն է ձիավորը՝ Մեսրոպ Մաշտոցը, իր հետ բերելով հայերի փրկությունը»: Հայոց լեզուն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է: Հայերը խոսել են այս լեզվով անհիշելի ժամանակներից: Սակայն գալիս է ժամանակ, երբ լեզուն կանգնում է վտանգի առաջ: Այլ լեզուների համար ստեղծվում են այբուբեններ, գրվում գրքեր, և նրանք դառնում են հզոր ու անկոտրում: Իսկ ինքն ապրում է միայն մարդկանց մտքերում և խոսքերում, կանգնում վերացման եզրին: Հարկավոր էր փրկել: Այս պատասխանատու գործն հանձն առավ մի իմաստուն այր՝ Մեսրոպ Մաշտոցը: Մի ողջ ազգ սպասում էր նրան, և նա եկավ: Իր ստեղծած զինվորները փրկեցին և՛ մեր լեզուն, և՛ մեր ազգը:
Կրկին նստում եմ մտքիս մեքենան և շարժվում առաջ: Կանգ եմ առնում տասնիններորդ դարում: Կարդում եմ Խ. Աբովյանի խրատները: «Ա՜խ, լեզուն, լեզուն, լեզուն որ չըլի, մարդ ընչի նման կըլի: Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխիր, հավատդ ուրացիր, էլ ինչով կարես ասիլ, թե որ ազգիցն ես»:
Հիշում եմ, երբ առաջին անգամ ուսուցիչս պատմեց Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի մասին: Ինձ շատ հետաքրքրեց նրա ստեղծագործության վերնագիրը, և տուն հասնելուն պես, ես սկսեցի կարդալ այն՝ հասկանալու համար, թե ինչն է Հայաստանի վերքը: Կարդալու ժամանակ ես կարծես զգում էի այն ոգևորվածությունը և ցավը, որ զգում էր Աբովյանը: Նրա խոսքերը դիպչում էին սրտիս: Եվ ես ավելի ու ավելի էի հասկանում նրա ասածները: Չէ որ լեզուն այն անգնահատելի արժեքն է, որը մեզ առանձնացնում է մյուսներից: Մեր լեզվի միջոցով օտարները կարող են գնահատել և հարգել մեզ: Եվ լեզվի միջոցով է, որ մենք կարող ենք ցույց տալ նրանց մեր իրական արժանիքները՝ հայերիս հզոր, խելացի և մշակույթով հարուստ ազգ լինելը: Բայց եթե մենք ուրանանք մեր լեզուն և հավատը, ինչպես մեջբերում է Աբովյանը, մենք կկորցնենք և կոչնչացնենք այն հարստությունը, որը փոխանցվել է մեզ դարերի ընթացքում: Մենք՝ հայ ազգի երիտասարդներս, պարտավոր ենք պահել, պահպանել և փոխանցել մեր լեզուն հաջորդներին՝ այնպես մաքուր և անաղարտ, ինչպես ժառանգել ենք մեր նախնիներից: Ճիշտ քայլեր կատարելու համար միշտ էլ պետք է լսել մեծերին. «Ձե՛զ եմ ասում, ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արևին ղուրբա՛ն, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք»:
Սկզբում այդքան էլ չէի հասկանում այս խոսքերի իմաստը, բայց երբ սկսեցի սովորել և ուսոմնասիրել օտար լեզուները, ես համոզվեցի, որ լեզուն ազգի մտածելակերպի արտաքին դրսևորումն է: Ես ծանոթացա օտարների մտածողությանը, մշակույթին և ավելի բարձր գնահատեցի մեր լեզուն: Համեմատեցի այն մյուսների հետ և զգացի մեր լեզվի ուժն ու փառավորությունը: Ես համաձայն եմ Աբովյանի հետ: Կարող ես իմանալ տաս լեզու, բայց մայրենի լեզուն երբե՛ք չպետք է անտեսել: Եվ տեղին են Ռ.Պատկանյանի խոսքերը:
Թե դու հայ ես, հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստաը պիտի լինի հոսո աստղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիր, մի՛ էլ սիրիր կուրորեն.
Բայց դու հայի օգուտները միշտ վեր դասե ամենեն:
Շատերից ենք լսում, որ նրանք հայ են: Բայց խոսքով չէ, որ պետք է հայ լինել: Իսկական հայն այն մարդն է, ով գիտի իր ժողովրդի անցյալը, ապրում է նրա ներկայով և պայքարում նրա պայծառ ապագայի համար: Ապրելով սփյուռքում, հեռու լինելով հայրենիքից, ես ավելի ու ավելի եմ սիրում իմ երկիրը, իմ մշակույթը և իմ լեզուն: Ես իմ պարտքն եմ համարում պահել և պահպանել հայոց լեզուն: Եվ քանի որ մոտենում է հայոց լեզվի տոնը, ես ուզում եմ ասել.
Շնորհավոր տո՛նդ, իմ քաղցր լեզու: Գիտեմ, որ անցել ես շատ դժվար ու երկարատև ճանապարհ: Բայց այսօր դու կաս և քո շնորհիվ է, որ ապրում է հայ ազգը: Խոստանում եմ, որ կպահեմ ու կպահպանեմ քեզ, ինչպես կաներ իսկական հայը:
Հովհաննիսյան Թագուհի
Վրաստան, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի հանրային դպրոցի XI դասարան,
«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի սան