«Կազմվող դասագրքերը Սփյուռքին ևս պետք է մատչելի լինեն». Արփինե Թավաքալյան

Փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ-ի նախագահական նիստերի դահլիճում Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր–սեղան քննարկումը, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի աջակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի «Հիբրիդ կրթություն» ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը կլոր–սեղան քննարկման ժամանակ իր զեկույցում անդրադառնալով հայոց լեզվի հիմնախնդիրների լուծմանն ուղղված համալսարանի աշխատանքներին՝ նշել է, որ նոր լեզվաքաղաքականության մշակման աշխատանքներում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հայերենը, հատկապես Հայաստանի սահմաններից դուրս ապրող մարդկանց համար, երկրորդ լեզու է համարվում: Գործունեություն ծավալելով և համագործակցելով սփյուռքյան կրթօջախների հետ՝ Արփինե Թավաքալյանն առաջարկում է դասագրքեր կազմելիս՝ նրանց համար մատչելի բառապաշար ունեցող և մատչելի տրվող դասագրքեր կազմել, քանի որ նրանք էլ դասագրքերի հետ կապված խնդիրների են հանդիպում:

«Լինելով վիրտուալ համալսարան, 2009 թվականից գործունեություն ծավալելով, տրամադրելով հեռավար կրթություն 7 լեզվով՝ մենք հավատացած ենք, որ նոր լեզվաքաղաքականության մշակման մեջ հեռավար կրթությունը և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը պետք է իրենց ուրույն տեղն ունենան: Մեր փորձը ցույց տվեց, որ այս միջոցով կարելի է հայերենը դարձնել ավելի գրավիչ, ապահովել լեզվի ներգրավածության բարձր մակարդակը, ինչն էլ նպաստում է արդյունավետության ավելի բարձր լինելուն»,-ասաց Արփինե Թավաքալյանը՝ հավելելով, որ առցանց դասընթացներ ստացող աշակերտներին հայերեն սովորեցնելուց բացի, անհրաժեշտ է նրանց համար լեզուն կիրառելու նպատակով միջավայր ստեղծել, որից հետո հայերենը ռազմավարական շատ կարևոր գործիք կդառնա:

Հավելենք, որ 2009 թվականին հիմնադրված ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀԲԸՄ ՀՎՀ) առաքելությունն է հայկական կրթությունը հասանելի դարձնել ամենուր և բոլորի համար: Կարևորելով հատկապես հայոց լեզվի հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ պահպանում և փոխանցում, ուսուցման եղանակների արդիականացում, նորագույն տեխնոլոգիաների կիրառում, ՀԲԸՄ ՀՎՀ-ն միտված է լրացնելու այս բացն իր առցանց դասընթացներով և բազմաբնույթ միջոցառումներով:

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը Սփյուռքի դպրոցների, համայնքային կենտրոնների և 7000-ից ավելի սփյուռքահայ, այդ թվում՝ օտարալեզու ուսանողների հետ աշխատելու մեծ փորձառություն ունի:

Գևորգ Չիչյան

 

 

Scroll Up