ՌԱԿ-ի հրավիրած ասուլիսը Թեքեյան կենտրոնում

Փետրվարի 7-ին Թեքեյան կենտրոնում կայացել է Ռամկավար ազատական կուսակցության հրավիրած մամուլի ասուլիսը: «Ռամկավար Ազատական կուսակցությունը ո՛չ դաշինքով, ո՛չ ուղղակի չի մասնակցի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին» թեմայով ասուլիսին մասնակցել են ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Լևոն Բլխյանը, կենտրոնական վարչության անդամներ Ալեքսան Կարադանայանը և Ջենի Գրիգորյան-Բարսեղյանը: Ներկա է եղել նաև ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ով հրավիրված չի եղել նախապես:

«Այսօրվա մեր ասուլիսի նպատակն է հանրությանը լուսաբանել, որ կա մեկ և միակ Ռամկավար ազատական կուսակցություն, որն ունի մեկ կենտրոնական վարչություն։ Մեր ասուլիսն ուղղված չէ որևէ անձի կամ դաշինիքի դեմ։ Մենք ուրախ ենք, որ պարոն Ծառուկյանն արդեն անդրադարձել է կատարվածին՝ մերժելով դաշինիքի մեջ ընդգրկել աշխարհասփյուռ ՌԱԿ-ը չներկայացնող խմբին։ Ջատագովելով հայրենիքի մեջ տեղի ունեցող ամեն միջոցառում, շեշտում ենք, որ ՌԱԿ-ը առայժմ քաղաքական կառույց չունի հայրենիքի մեջ և չպիտի մասնակցի 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններին»,- ասուլիսին ասել է Լևոն Բլխյանը։

Հակոբ Ավետիքյանը, արձագանքելով Լևոն Բլխյանին, նշել է, որ ՀՀ օրենքի համաձայն իրենք կարող են օգտագործել ՌԱԿ-ի անունը, դրոշն ու զինանշանը, և ոչ ոք չի կարող դա իրենց արգելել. «Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը գրանցված է ՀՀ-ում, հետևաբար, ունի իրավական բոլոր հիմքերն ընտրություններին մասնակցելու կամ այս կամ այն դաշինքին միանալու հարցում։ Դա մեր իրավասությունն է, դրսի կառույցները կարող են իրենց խոսքն ասել, սակայն որևէ բան արգելել չեն կարող»։

Ավետիքյանի խոսքով՝ Ռամկավար ազատական կուսակցության Սփյուռքի կառույցներին ոտքի է հանել Հայաստանի իշխանությունը, որպեսզի դրանք դեմ դուրս գան ՀՀ ռամկավարներին և թույլ չտան միանալ ընդդիմադիր որևէ ուժի, այս կերպ ցանկանալով մոնոպոլիզացնել Սփյուռքը։

«Մենք Հայաստանի ներքին քաղաքական խաղերին չենք մասնակցում: Մենք Հայաստանում որևէ կառույցի հետ դաշինքներ չենք կազմում, ոչ էլ կցանկանանք ունենալ: Մենք Հայաստանի ներքին խնդիրներին չենք միջամտում: Տեղական ՌԱԿ-ի որոշելիքն է՝ մասնակցե՞ն ընտրություններին, թե՞ ոչ, ում հետ գործակցեն: Մենք պարզապես պահանջում ենք, որ Հայաստանի մեջ ստեղծված կուսակցությունը մեր անունից հանդես չգա, թող հանդես գան որպես ՌԱԿ հայաստանյան կառույց, ոչ թե որպես կենտրոնական վարչություն կամ Սփյուռք,- մանրամասնել է Լևոն Բլխյանը և իր խոսքը եզրափակել հետևյալ հայտարարությամբ,- Մենք գործել ենք «Հավետ հայրենիքի հետ» նշանաբանով։ Մենք համոզված ենք, որ օգտակար լինելու համար ժողովրդին պետք է վարչաձևի հետ աշխատենք։ Սա չի նշանակում մեղսակից լինել, ամենևին։ Աշխատենք, գործակցենք, որպեսզի ժողովուրդը օգտվի։ Եթե մենք այդ ուղղության մեջ ենք և տեսնում ենք, որ այստեղի կուսակցությունը դեպի ընդդիմությունն է շարժվում և փորձում է Սփյուռքի հայությանն էլ դեպի ընդդիմություն տանել, մենք այստեղ մեծ վտանգ ենք տեսնում, որովհետև բևեռացումը, որը ստեղծում է Սփյուռքի և հայրենիքի ժողովրդի միջև, ո´չ Սփյուռքին է շահ բերում, ո´չ էլ հայրենիքին»:

 

Scroll Up