Հայոց լեզուն հայի ինքնության անքակտելի մասն է, որի կորուստը հային կտրում է իր արմատներից

«Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է, որը գործնական հայրենասիրության մի տեսակ է: Աստվածատուր մեսրոպատառ հայոց լեզուն հայի ինքնության անքակտելի մասն է, որի կորուստը կամ չիմացությունը մեծավ մասամբ հային կտրում է իր արմատներից: Համացանցում հայերեն գրելն ամեն մեկի սրբազան պարտքը պետք է լինի, սկզբունքը և հստակ դիրքորոշումը: Անընդունելի են հայերեն չգրելու բոլոր պատճառաբանությունները, քանզի այսօր հեշտությամբ կարելի է այդ խնդիրը լուծել: Սա հարգանք է մեր լեզվի, ազգի, նախնիների և հենց մեր հանդեպ:

Ես բախտ եմ ունեցել որոշ ժամանակ ուսանել Դանիայում և մոտիկից ուսումնասիրել վիկինգների ժառանգներին: Ինձ ցայսօր էլ զարմացնում է նրանց նախանձախնդրությունն իրենց լեզվի, պետականության, թագուհու և պետական խորհրդանիշերի հանդեպ: Փորձի´ր դանիացուն օտար լեզվով ինչ-որ բան հարցնել, չի պատասխանի, քանզի պարտավոր ես իրենց երկրում դաներեն իմանալ: Սա ամեն դանիացու մտածողությունն է և սկզբունքը, որը նաև մեզ եմ մաղթում:

Տեսեք` ինչքան գումարներ ենք ծախսում, ջիգ ու ջանք ներդնում որևէ օտար լեզու սովորելու համար, բայց այս ամենը չպետք է լինի մեր մայրենի լեզվի հաշվին: Սիրե´նք և փայփայենք մեր լեզուն, քաջ տիրապետե´նք մայրենիին և այսուհետ միայն հայատառ գրենք համացանցում»,-«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում գրում է Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Հավելենք, որ 2012 թվականից փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնության հեղինակն է Զոհրապ Եգանյանը: Առ այսօր շարժմանը միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, ովքեր հայատառ գրելու կոչեր են անում:

Scroll Up