Հալեպում հայ զինծառայող է վիրավորվել

Հալեպի ալ Լիրմուն թաղամասում նոյեմբերի 18-ին կեսօրից հետո հայ զինծառայող է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ֆեսյբուքյան Բերիո լուրեր էջից: Վիրավորը սիրիական բանակի զինծառայող Բաբկեն Բաղդադյանն է: Զինված ընդդիմադիրները հրթիռ են արձակել սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկի վրա, որի հետևանքով զինծառայողներ են զոհվել և վիրավորվել: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց և անհրաժեշտ բուժօգնություն ստացել:

Բաբկեն Բաղդադյանը նույնպես ստացել է համապատասխան բժշկական օգնություն և դուրս է գրվել
հիվանդանոցից:

Հալեպում մի քանի օր առաջ Վիլլաներ կոչվող թաղամասում ռմբակոծությունից մի քանի հայ երիտասարդ է վիրավորվել: Ռումբն ընկել է Արամ Մանուկյան ազգային ակումբի մերձակայքում: Վիրավորված հայերին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ նախորդ շաբաթ երկու հայ Հայաստան մեկնելու ճանապարհին ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքներով անցնելիս առևանգվել է, սակայն փրկագին վճարելուց հետո ազատ է արձակվել:

Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների ընթացքում զոհվել է շուրջ 120 հազար մարդ, այդ թվում՝ տասնյակ հայեր:

Միլիոնավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:

armenpress.am

Scroll Up