«Ես ուզում եմ տեսնել միավորված ու հզոր Հայաստան». Անդրանիկ Բեզջյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու էին եկել այսօր մեր սահմանները պաշտպանող հայրենադարձ զինվորներ, Արցախի առաջին գոյամարտի մասնակից սփյուռքահայ ազատամարտիկներ և հյուրեր՝ Սփյուռքից ու Հայաստանից: Նրանցից մեկի՝ Հունգարիայից ժամանած մեր հայրենակցի՝ Անդրանիկ Բեզջյանի հետ էլ ծավալվեց իմ զրույցը՝ «Հայերն այսօր»-ի համար:

-Պարո՛ն Բեզջյան, խնդրում եմ ներկայացնել Ձեր գերդաստանի դիմանկարը:

-Իմ նախնիները ծնվել են Արևմտյան Հայաստանում: Մեր գերդաստանը 1910-ին Սասունից տեղափոխվել է Այնթապ (Գազիանթեպ), այնտեղից էլ՝Հալեպ, որտեղ Մուհանմեդ անունով մի շեյխ օգնել է նրանց: Մեր Բեզջյան ընտանիքի անունով է կոչվում Ստամբուլի հայկական մի վարժարան. այդպես է անվանակոչվել տատիկիս պատվին: Իմ նախահայրը դոկտոր, պրոֆեսոր Ալեքսան Խոջա-Բեզջանն է եղել, ում ձեռքի տակ Օսմանյան կայսրության տարիներին կրթվել ու աճել են մոտավորապես 28 նշանավոր բժիշկներ. Ալեքսան Խոջա-Բեզջյանը մահացել է Հալեպում: Իմ նախնիներից մեկն էլ՝ դաշնակցական հայտնի գործիչ, դոկտոր Հովսեփ Բեզջյանն էլ, ով հայտնի դաշնակցական է եղել, շատ մեծ օգնություն է ցուցաբերել կուսակցության կայացման , հզորացման գործին: Այսպիսին է իմ նշանավոր Բեզջյան գերդաստանի դիմանկարը, որով կարող եմ հպարտանալ:

-Դուք Արցախի առաջին գոյամարտին մասնակցություն ունեցե՞լ եք:

-Ես անձամբ չեմ մասնակցել այդ գոյամարտին. ընկերոջս՝ ԱՍԱԼԱ-ի տղաներից Մկրտիչ Մատաղյանի հետ որոշել էինք գնալ Լիբանան և այնտեղ մարզվել՝ Ղարաբաղ մեկնելու համար, սակայն, ցավոք, այդ ժամանակ հայրս մահացավ, ես էլ զինվորագրվեցի սիրիական բանակին: Երեք տարի բանակում էի, Լիբանանում եմ եղել, Հորդանանում, Թուրքիայի սահմաններում. երեք տարի ծառայել եմ և պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորվել եմ, սակայն ափսոս, որ ՝արաբական բանակում, իսկ ընկերս՝ Մկրտիչը, Ստամբուլում ինքնասպանություն գործեց:

-Բավականին դժվարություններ եք տեսել…

-Շա՛տ, սակայն ամենից շատ նեղություններ տեսել եմ Հունգարիայում՝ Ռամիլ Սաֆարովի ոճրագործության դեմ պայքարի առիթով. 10 օր ինձ բանտ նստեցրին: Այդ օրերին 10 հազարից ավել մարդ հավաքեցի այդ հարցի առիթով. Հունգարիայի նախագահը, ցավոք, իր պաշտպանության տակ առավ մարդասպանին:

-Պարո՛ն Անդրանիկ, այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալել Հունգարիայում. ի՞նչ մասնագետ եք:

-Մասնագիտությամբ ֆինանսիստ եմ, Բուդապեշտում հայկական համայնքի Հայ մշակույթի ինքնավարության անդամ եմ:

-Ի՞նչ առիթով եք շփվել Սփյուռքի նախարարության հետ:

-«Արի տուն» ծրագրի շնորհիվ եմ շփվել: Ես 6 երեխա ունեմ՝ 4 տղա, երկու՝ աղջիկ, որոնցից 4-ը մասնակցել են ծրագրին, երկուսն էլ, Աստված առաջ, այս տարի երևի կմասնակցեն: Այդ ծրագիրը հայրենաճանաչողության հրաշալի միջոց է, շատ ուրախ եմ, որ կապվեցինք Սփյուռքի նախարարությանը: Հայրենիքում եղած իմ երեխաները գերված են Հայաստանով. նրանց մտածելակերպն այնքա~ն հայեցի է, որ մեծ տղաս, ով 25 տարեկան է, ցանկանում էր գնալ Ղարաբաղ ու կռվել այն թեժ օրերին, ամուսնանալ հայաստանցի աղջկա հետ: Ես ինքս էլ պատրաստ եմ անգամ այս՝ 50-ամյա տարիքում, ծառայել Հայոց բանակում:

-Ի՞նչ կմաղթեք 25-ամյա Հայոց բանակին, Հայաստանին:

-Ես շատ ուրախ եմ , որ այս կյանքը տեսա, որ կա Հայոց բանակ. անիմաստ կլիներ մեր կյանքն ՝առանց հզոր բանակի ու Հայրենիքի:

-Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

-Հայրենիքն ինձ համար Հայոց հողն է, հայ մարդը, մեր բանակը: Հայրենիքն ինձ համար մեր նախնյաց երկիրն է, Պատմական Հայաստանը. ես ուզում եմ տեսնել միավորված և հզոր Հայաստան:

Զրուցեց Կարինե Ավագյանը

 

 

Scroll Up