Կարո Փայլանը Մեջլիսում ընդդիմացել է Ստամբուլի որոշ դպրոցներում Ամանորը տոնելու արգելքին

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ընդդիմացել է Ստամբուլի որոշ դպրոցներում Ամանորը նշելու հարցում ստեղծված խոչընդոտներին:
Ինչպես փոխանցում է «Ակօս»-ը՝ Փայլանը խորհրդարանի ամբիոնից Ստամբուլի Շիշլիի շրջանում կրթության հարցերով զբաղվող կոմիտեի կողմից այդ տարածքում գտնվող դպրոցներում Ամանորը նշելու արգելքի վերաբերյալ մի քանի հարց է ուղղել Թուրքիայի կրթության և գիտության նախարարին:
«Ի՞նչ է նկատի ունեցել կոմիտեն, երբ որպես Ամանորի տոներն արգելելու հիմք օգտագործել է «մեր մշակութային ավանդույթներին անհամապատասխան» արտահայտությունը», – հետաքրքրվել է հայազգի պատգամավորն ու ուշադրություն հրավիրել հարցին, թե արդյոք Թուրքիայի կրթության և գիտության նախարարությունում առհասարակ տեղյակ են Ամանորի և քրիստոնեական Սուրբ Ծննդի տոների միջև եղած տարբերության մասին:
Փայլանը նաև հիշեցրել է, որ հայաշատ Շիշլի թաղամասում կան նաև հայկական վարժարաններ, որտեղ Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշելը քրիստոնյա երեխաների իրավունքն է:
«Այն պարագայում, երբ մեր երկրում Ամանորից առաջ ամբողջ ժողովուրդը գնում է տոնական լոտոյի տոմսեր, ինչո՞ւ է որպես խնդիր դիտարկվում դպրոցներում երեխաների՝ նվերներով փոխանակվելը», – իր ելույթը եզրափակել է Փայլանը՝ ակնարկելով, որ լոտոյի խաղարկությունները նույնպես հակասում են իսլամական արժեքներին: