Հայի տեսակը. Լևոն Մելիքյան

Հայի տեսակը յուրահատուկ գեն է` օժտված ինքնապահպանման անբացարտելի ուժով, կենսունակությամբ, համառությամբ, որ աշխարհին ստիպում է խոնարհվել ու հիանալ, որ արարում է` անկախ դժվարություններից, որ ելնում է ամեն անգամ, երբ փորձում են ծնկի բերել ու վերածնվում է տաղանդավոր հայորդիների մեջ: Հայի տեսակն ամենուր է, որտեղ կա արարող, ստեղծագործող հայը:
«Հայերն այսօր»-ի զրուցակիցը Մոնսերատ Կաբալյեի անվան կոնսերվատորիայի դասախոս, Իսպանիայի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Լևոն Մելիքյանն է:
-Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Ձեր մուտքը երաժշտական աշխարհ: Ովքե՞ր են այն արվեստագետները, երաժիշտները, որոնք ուղղորդեցին, նպաստեցին Լևոն Մելիքյան ջութակահարի կայացմանը:
-Ջութակ սկել եմ նվագել վեց տարեկանից: Մի օր խանութում ջութակ տեսա, ծնողներիս խնդրեցի, որ գնեն: Դրանից սկսվեց իմ ջութակի պատմությունը: Ընդունվեցի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: Առաջին ուսուցիչս Պյոտր Հայկազյանն էր` hրաշալի մանկավարժ, մասնագետ, որ ուղղորդեց առաջին քայլերս երաժշտական աշխարհում: Մեկ տարի անց ծնողներս տեղափոխեցին ինձ Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոց: Ուսումս շարունակեցի մեկ այլ փայլուն ուսուցչի` Տատյանա Հայրապետյանի մոտ, նրա դասարանում սովորեցի տասնմեկ տարի:
Ընդունվեցի Կոմիտասի անվան կոնսերվատորիա` ճանաչված մանկավարժ Կարպ Դոմբաևի դասարան: Հավաքվել էր շատ ուժեղ դասարան, սովորում էի Ռուբեն Ահարոնյանի, Հմայակ Դուրգարյանի և ուրիշ` հետագայում անվանի երաժիշտների հետ, դա մեծ դպրոց էր ինձ համար:
-Ձեր առաջին հիշարժան ելույթը:
-Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում ավարտական դասարանում ինձ ընտրեցին նվագել Ա. Խաչատյանի ջութակի կոնցերտը իր` Արամ Խաչատյանի ղեկավարությամբ, Ֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահում: Ամբողջ կյանքում կհիշեմ այդ համերգը:
-Ինչպե՞ս դասավորվեց Ձեր երաժշտական ուղին կոնսերվատորիան ավարտելուց հետո:
– Կոնսերվատորիան ավարտելուց անմիջապես հետո Զարեհ Սահակյանցը, որ Պետական կամերային նվագախմբի հիմնադիրն ու ղեկավարն էր, հրավիրեց Հայաստանի Պետական Կամերային նվագախումբ, որտեղ աշխատեցի շուրջ քսանմեկ տարի: Խորհրդային տարածաշրջանի լավագույն երաժշտական կոլետիվներից էր, շատ ջերմ հիշողություններ ունեմ այդ տարիների հետ կապված:
1980 թ.-ին սփյուռքահայ կոմիտեն ինձ և Խաչատուր Ամիրխանյանին գործուղեց Պորտուգալիա` Գյուլբենկյան նվագախումբ: Առաջին հայերն էինք, որ աշխատեցինք այդ կոլեկտիվում: Նվագախմբի կազմում բազմաթիվ համերգներ ու շրջագայություններ ունեցանք, ինձ համար մեծ փորձառություն էր: Հայաստան վերադառնալուց հետո՝ շարունակեցի աշխատանքս Կամերային նվագախմբում, միևնույն ժամանակ դասավանդում էի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:
-90–ականները բոլորս հիշում ենք որպես ծանր, ցուրտ տարիներ, ի՞նչ պայմաններում էին աշխատում երաժշտական խմբերը, ինչ դժվարություններ, խնդիրներ կային երաժշտական աշխարհում:
-Ծանր տարիներ էին: Կամերային նվագախումը չուներ փորձասրահ, որտեղ գոնե մինիմալ պայմանները լինեին փորձերի համար: Երկրում վիճակն այնքան ծանր էր, որ որևէ մեկին չէր հետաքրքրում, թե ինչ պայմաններում են աշխատում երաժիշտները: Մոտ մեկ տարի աշխատեցի Ազգային օպերային թատրոնի կամերային նվագախմբում` Վիլեն Չարչօղլյանի ղեկավարությամբ` որպես կոնցերտմայստեր: Անգամ այդ դժվար պայմաններում ամեն շաբաթ համերգ էինք տալիս` լեցուն դահլիճով: Մեր համերգներն օգնում էին մարդկանց թեկուզ կարճ ժամանակով կտրվել կենցաղային հոգսերից, կարծում եմ՝ շատ անհրաժեշտ էին, հատկապես այդ շրջանում:
-Ձեր գործունեության երկրորդ շրջանը կապված է Իսպանիայի հետ: Ինչպե՞ս և ե՞րբ սկսվեց այդ փուլը:
-1992 թ.-ին Օպերային թատրոնի կամերային նվագախումբը հրավեր ստացավ Իսպանիայից` մասնակցելու Սևիլյա Էքսպո միջազգային ցուցահանդեսին: Երեք ամիս տևած համերգները մեծ հաջողությամբ անցան, շատ ջերմ կապեր հաստատվեցին, ծանոթացա երաժիշտների ու երաժշտական խմբերի հետ: Վերադառնալուց հետո արդեն աշխատանքային հրավեր ստացա Իսպանիայից: Տեղափոխվեցի Իսպանիա բնակության և աշխատանքի անցա Սարսուելա թատրոնում` կոնցերտմայստեր: Հաջորդ տարին մրցույթով ընդունվեցի Իսպաիայի ռադիոյի և հեռուատատեսության սիմֆոնիկ նվագախումբ, որտեղ էլ աշխատում եմ մինչ օրս:
-Ինչպիսի՞ն է այսօր Ձեր աշխատանքային ռիթմը:
-Աշխատանքային ռիթմս առ այսօր շատ ինտենսիվ է` բավական աշխատատար, միևնույն ժամանակ հետաքրքիր աշխատանք Ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբում` համերգային մեծ ու փոփոխվող ծրագրով: Դասավանդում եմ Մոնսերատ Կաբալյեյի անվան կոնսերվատորիայում, հանդես գալիս մենահամերգներով:
-Ի՞նչ պահանջներ, նախասիրություններ ունի իսպանական ունկնդիրը, եթե համեմատեք. ինչո՞վ է առանձնանում, տարբերվում մեր` հայ ունկնդիրը:
-Իսպանիայի ունկնդիրը, ինչպես նաև հայաստանյանը, շատ սիրում է դասական երաժշտությունը, տարբերությամբ` Հայասատանի հանդիսականն ավելի նուրբ է ընկալում երաժշտությունն ու ավելի պահանջկոտ է: Հայաստանում նվագելն ավելի դժվար է ու պարտավորեցնող:
–Ունեք երկու դուստր, եկուսն էլ ընտրել են երաժշտությունը` որպես մասնագիտություն: Ի՞նչ դեր, ի՞նչ ազդեցություն է ունեցել Լևոն Մելիքյան հայրն այս հարցում:
-Ավագ դստերս`Սոֆյայի մասնագիտական ընտրության հարցում թե՛ ես, թե՛ մայրը մեծ լումա ունենք: Աշխարհահռչակ դաշնակահարուհի է, այսօր համերգներով հանդես է գալիս աշխարհի լավագույն բեմերում: Կրտսեր դուստրս`Էմման, ինքնուրույն է ընտրել երաժշտական ուղին: Մեծ հաջողություններ ունի հատկապես ժամանակակից պարի ասպարեզում` ելույթ է ունենում ճանաչված խմբերի հետ: Նաև երգում է, մոտ օրերս նրա առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն է:
-Շատ կարևոր հայրենանվեր գործունեություն եք ծավալում, որի մասին գուցե շատ չի ասվել կամ լուսաբանվել: Ձեր դստեր` դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանի հետ համատեղ իսպանացի ունկնդրին ներկայացնւմ եք հայ երաժշտությունը: Ի՞նչ համերգներ, ի՞նչ նախագծեր եք իրականացրել այս տարիներին:
-Սոֆյայի հետ բազմիցս համատեղ համերգներ ենք ունեցել` միշտ համերգային ծրագրում ընդրգրկելով հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Սոֆյան առաջարկ ստացավ նվագել սիմֆոնիկ նվագախնմբի հետ, որոշեցինք Իսպանիայի հանդիսականին ներկայացնել Բաբաջանյանի «Հերոսական բալլադը», փայլուն հաջողություն ունեցավ և ջերմորեն ընդունվեց երաժշտասեր հանրության կողմից:
2007թ. Խուան Մարչ ֆոնդասիոն կամերային լավագույն դահլիճներից մեկում կազմակերպեցինք հայ կամերային երաժշտության փառատոն, հրավիրված էին անվանի երաժիշտներ ինչպես Լևոն Մուրադյանը, հայտնի կլարնետիստ Գուստավո Դուարտեն: Համերգներին հնչեցին Բաբաջանյանի, Կոմիտասի, Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները:
Մասնակցել ենք ՀՀ անկախության քսանամյակին նվիրած մեծ համերգին` կոնսերվատորիայի դահլիճում, Ա. Խաչատյանի ծննդյան 110-րդ տարեդարձի հոբելյանական համերգին:
-Համերգային գործունեությանը զուգահեռ՝ դասավանդում եք, կրթում պատանի երաժիշտներին: Այսօր երտասարդներն արդյո՞ք հետաքրքրված են, ձգտում են դեպի դասական երաժշտությունը:
– Դասավանդում եմ Մոնսերատ Կաբալյեյի անվան կոնսերվատորիայում, այս տարիների ընթացքում ունեցել եմ և ունեմ շատ շնորհալի ուսանողներ: Նրանցից շատերը մասնակցել են միջազգային մրցույթների, գրավել մրցանակային տեղեր. երկու առաջին մրցանակ եվրոպական հեղիանակավոր մրցույթներում` Վալենսիայում և Իտալիայում:
Վերջին քսան տարիների ընթացում դրական փոփոխություններ եղան: Շատ երաժիշտներ եկան Արևելքից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայասատանից, Ռումինիայից: Իսպանացիները սկսեցին երկրից դուրս գալ` կրթություն ստանալու նպատակով: Այս ամենը նպաստեց երաժշտության պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը: Արդյունքն այսօր ակնհայտ է, կան շատ պատրաստված երաժիշտներ:
– Նշանաբան, որով առաջնորդվում է Լևոն Մելիքյանը կյանքում:
-Մարդ պետք է ազնիվ լինի ինքն իր առաջ : Եթե ազնիվ ես ինքդ քո առաջ, հոգիդ էլ հանգիստ է:
Զրուցեց Աղավնի Գրիգորյանը