«Հրանուշ Հակոբյանի այցելությունն առանձնահատուկ օր էր մեր վարժարանի համար». Հռիփսիմյանց վարժարանի տնօրեն

Աշխատանքային այցով դեկտեմբերի 10-13-ը Լիբանան այցելած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 13-ին, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի և պաշտոնական հյուրերի ուղեկցությամբ, որոնց թվում էին արհիապատիվ Տ. Գևորգ եպս. Ասատուրյանը, գերապատիվ հայրեր, վարժարանի բարերար անձնավորություններ, այցելել է Հայ Կաթողիկե Քույրերի Հռիփսիմյանց վարժարան:
Պատվիրակությանը դիմավորել են վարժարանի տնօրենության, ծնողական վարչության անդամները և ուսուցիչները:
Նախարար Հրանուշ Հակոբյանը պաշտոնական հյուրերի հետ հարգանքի տուրք է մատուցել վարժարանի շրջաբակում տեղադրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ՝ վառելով ոգեղեն կյանքի հավերժալույս մոմը և այն զետեղելով խաչքարի դիմաց:
Այնուհետև վարժարանի մուտքի մոտ ավարտական դասարանի աշակերտները նախարարին դիմավորել են աղուհացով:
Նախարարի այցելության առիթով վարժարանում տեղի է ունեցել գեղարվեստական հայտագիր՝ ներկայացված աշակերտների կողմից:
Ողջույնի խոսքում վարժարանի տնօրեն Արմինե Մակարոսյանն իր գոհունակությունն է հայտնել նախարարին՝ իրենց կրթօջախ այցելելու համար և հավելել, որ նման հանդիպումներ են նաև իրենց քաջալերում՝ դաստիարակել սերունդ, որը միշտ հայրենիքի կողքին կլինի, նրան ծառայելու ոգի կունենա:
«Նախարար Հրանուշ Հակոբյանի այցելությունն առանձնահատուկ օր էր մեր վարժարանի համար, ուրախության, գնահատանքի և հպարտութայն պահեր ապրեցինք բոլորս: Շատ պաշտոնյաներ էին մեր դպրոց այցելել, բայց այս հանդիպումը այլ էր, առանձնակի ջերմ ու մտերմիկ: Հանդիպման մի քանի րոպեներն էլ բավական էին՝ հասկանալու, որ գործ ունենք բացառիկ անձնավորության հետ, գիտակից, լավ պատրաստված, միաժամանակ՝ շատ պարզ, համեստ: Թե´ մեծերի, թե´ փոքրերի հետ նախարար Հրանուշ Հակոբյանը ընկերական էր ու շատ անկեղծ: Այդ հանդիպումը հավերժ կդրոշմվի ո´չ միայն ներկաներիս՝ ուսուցչական կազմի, աշակերտների, ծնողների հիշողություններում, այլև կմնա դպրոցի պատմության էջերում»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց վարժարանի տնօրեն Արմինե Մակարոսյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում կարևորել է Մայրենիի պահպանումը և հորդորել աշակերտներին լավ սովորել, որպեսզի կարողանան բարձունքներ նվաճել ու օգտակար լինել ո´չ միայն իրենց համայնքին, բնակության երկրին, այլև՝ հայրենիքին:
Նախարարը կարևորել է նաև 95-ամյա վարժարանի մատուցած հայապահպան ծառայությունը՝ աշակերտներին հայեցի դաստիրակություն փոխանցելու ուղղությամբ, և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում, որպեսզի Սփյուռքում մեծացող հայ աշակերտների հոգում միշտ վառ մնա հայկական ինքնությունն ու հայրենասիրությունը:
Այնուհետև վարժարանի կողմից նախարար Հրանուշ Հակոբյանին է փոխանցվել հուշանվեր՝ վարժարանի և բակում տեղադրված խաչքարի համայնապատկերով:
Հավելենք, որ վարժարանի շրջաբակում տեղադրված խաչքարը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Խաչքարը պատրաստվել է Հայաստանում: Հեղինակը Զավեն Փալիկյանն է, իսկ հովանավորը՝ տեր և տիկին Բոյաջյանները: Խաչքարի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 19-ին՝ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ, որի ընթացքում ցուցադրվել է նաև նախարար Հրանուշ Հակոբյանի տեսաուղերձը: Արարողությանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Հայ կաթողիկե եկեղեցու երջանկահիշատակ կաթողիկոս Ներսես Պետրոսը, Հռոմի Պապական ներկայացուցիչ կարդինալ Նոսը և այլք:
«Խաչքարը ներկայությունն է մեր հայրենիքի, միաժամանակ խորհրդանշում է հիշելու և պահանջելու չմարող ոգին, որը փոխանցում ենք նաև մեր աշակերտներին»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակել է Արմինե Մակարոսյանը: