Լիբանանի հայ համայնքը Հայաստան-Սփյուռք գործակցության դասական օրինակն է. Հրանուշ Հակոբյան

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի և դեսպանության անձնակազմի ուղեկցությամբ՝ դեկտեմբերի 10-ին մասնակցել է «Հայաստանը Լիբանանի սրտում» խորագրով միջոցառմանը` կազմակերպությամբ Թեքեյան մշակութային միության Լիբանանի տեղական վարչության, համագործակցությամբ «Բեթանիա-Հարիսա»-ի և բարձր հովանավորությամբ ՀՀ դեսպանության:

Միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստանի և Արցախի հանրապետությունների անկախության 25-ամյակին, ներկա էին Մարոնիտ, Հայ առաքելական եկեղեցիների հոգևոր հայրեր, Լիբանանում պապական նվիրակ, դեսպան Գաբրիելի Քաչչան, Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աունի աղջիկը և նրա ամուսինը՝ գեներալ Շեմալ Ռուկոզը, Լիբանանի քաղաքական կուսակցությունների ղեկավարների ներկայացուցիչներ,  հայ համայնքի մշակութային, կրթական կառույցների, կուսակցությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում Հայաստանի ու Լիբանանի հազարամյա բարեկամությունը բնութագրող ողջույնի խոսքով է հանդես եկել ԹՄՄ Լիբանանի տեղական մարմնի ատենապետ Վիգեն Ասիլյանը:

«Անցած 2 հազարամյակների ընթացքում հայ-լիբանանյան հարաբերությունները միշտ բարեկամական են եղել: Իսկապես, այս 2 հազարամյակների ընթացքում ոչ ոք չի կարող մատնանշել պատմական, հասարակական, մշակութային, քաղաքական որևէ միջադեպ, որը կարող է ստվերել այդ հարաբերությունները: Իսկ 1991 թվականի ՀՀ անկախության հռչակումից հետո՝ այդ հարաբերություններն ավելի ամրապնդվեցին, հաստատուն դարձան և հաստատվելով պետական տիրույթում՝ դարձան էլ ավելի վստահելի»,-նշել է Վիգեն Ասիլյանը և հավելել, որ պատճառը նաև այն է, որ երկու ժողովուրդներն էլ ունեն միևնույն արժեհամակարգը և կարևորում են խաղաղությունը, ստեղծարարությունը, ժողովրդավարությունը, ազատությունը, արվեստը, մարդասիրությունը:

Այնուհետև ներկաներին բարի գալուստ է մաղթել «Բեթանիա-Հարիսա» սրբավայրի հոգևոր հայր Յունան Օբեյդը:

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը բանախոսել է Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների մասին՝ իր դրվատանքն արտահայտելով հայ-լիբանանյան դարավոր բարեկամության և սերտ համագործակցության առնչությամբ: Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության 25-ամյա ջերմ հարաբերություններին և ընդգծել երկկողմ հարաբերությունների խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Այնուհետև ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող «Հայաստան. Նոյյան երկիր» փաստավավերագրական ֆիլմը:

Ֆիլմի ավարտին ելույթ է ունեցել գեներալ Շեմալ Ռուկոզը, ով իր սրտի խոսքն է հղել ներկաներին: Խոսելով հայ-լիբանանյան հարաբերությունների մասին՝ վերջինս անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում բարձր է գնահատել հայ-լիբանանյան ավանդական, ջերմ, բարեկամական հարաբերությունները, նշել, որ հայ ժողովուրդը խորին երախտագիտությամբ է հիշում Լիբանանի և նրա ժողովրդի հոգատար վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայությանը օթևան տալու, օրհասական պահին սատար կանգնելու և աջակցելու հարցում:

Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքին՝ Հրանուշ Հակոբյանը հպարտությամբ և ուրախությամբ է ընդգծել, որ Լիբանանի հայ համայնքը, ամենակազմակերպվածներից մեկը լինելով, Հայաստան-Սփյուռք գործակցության դա­սա­կան օրինակն է, որն իր գործունեությունն ամբողջությամբ ծառայեցնում է հայա­պահ­պանությանը, սերունդների հայեցի դաստիարակությանը, հայի տեսակի, ազգային սովորույթների պահպանմանը: «Համայնքն առաջնորդվում է սարոյանական «իմ սիրտը լեռներում է» հոգեվիճակով, որը յուրաքանչյուր հայորդու ներաշխարհում խտացնում է սերն ու կարոտը Հայրենիքի հանդեպ ու թելադրում գործելակերպ, որը հավասարազոր է առաքելությանը: Այսօրվա ձեռնարկը Հայրենիքի հանդեպ այդ սիրո ու նվի­րու­մի, Հայաստան-Լիբանան բարեկամության և Լիբանանում հայ համայնքի դերի կարևորման վառ արտահայտությունն է»,-«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է Հրանուշ Հակոբյանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում բարձր է գնահատել նաև Թեքեյան մշակութային միության անցած պատկառելի ճանապարհը և գործունեության վիթխարի փորձը, այդ կառույցին հովանավորող կուսակցության շուրջ մեկդարյա վաստակը: Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Թեքեյան մշակութային միության Լիբանանի հիմնադիր մարմնին` Հակոբ Գասարջյանի գլխավորությամբ, ԹՄՄ Լիբանանի տեղական մարմնին` Վիգեն Ասիլյանի գլխավորությամբ, այս գեղեցիկ և հայաշունչ միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար` մաղթելով ուժ ու եռանդ նորանոր մտահղացումներ կյանքի կոչելու համար:

«Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությամբ մենք պիտի զորանաք, «բարձրանաք ու բարձրացնեք», սիրենք մեր Հայրենիքը, պատրաստակամ լինենք ու վայելենք նրա զարգացման գործում մեր ներդրումն ունենալու երջանկությունը»,- իր խոսքը եզրափակել է Սփյուռքի նախարարը:

Այնուհետև  Թեքեյան մշակութային միության Լիբանանի հիմնադիր մարմնի ատենապետ Հակոբ Գասարջյանը հուշանվեր է հանձնել նախարար Հրանուշ Հակոբյանին:

Միջոցառման ավարտից հետո «Բեթանիա-Հարիսա» ուխտավայրում կայացել է հայկական քանդակի պաշտոնական բացման արարողությունը: Ռիտա Աղդամելյան-Ասիլյանն իր ելույթում նշել է, որ քանդակն առաջին քրիստոնյա երկրի՝ Հայաստանի նվերն է քրիստոնեական սրբավայրերով հարուստ Լիբանանին և խորհրդանշում է Հայաստանի և Լիբանանի դարավոր բարեկամությունը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, դեսպան Սամվել Մկրտչյանը և ուխտավայրի հոգևոր հայր Յունան Օբեյդը կատարել են քանդակի բացման հանդիսավոր արարողությունը:

Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանը, ուխտավայրի հոգևոր հայր Յունան Օբեյդը և Լիբանանում Վատիկանի դեսպան Գաբրիելի Քաչչան երեք լեզուներով օրհնել են քանդակը:

Ավարտին ուխտավայրի սրահում կայացելէ Անատոլի Ավետյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված  Հայաստանի և Արցախի հանրապետությունների Անկախության 25-ամյակին:

Հավելենք, որ սրահում դրված է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման կոչի մեծադիր ցուցապաստառը, իսկ ներկաներին բաժանվել են Արցախին նվիրված արաբերեն գրքույկներ:

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%802

Scroll Up