«Հեքիաթը թե՛ մանուկներին, թե՛ մեծերին տանում է Լույսի ճանապարհով».Ռիչարդ Գիդաչյան

Մեր շուրջը մարդիկ են ապրում ու արարում բարի գործեր, որոնցից ոչ հաճախ է մեր հանրությունը տեղյակ: Նրանցից մեկն էլ Ռիչարդ Գիդաչյանն է, ով, մասնագիտությամբ լինելով լեզվաբան, աշխատելով նաև որպես օպերատոր, զբաղվում է գրահրատարակչությամբ՝ գրքի միջազգային ցուցահանդեսներին ներկայացնելով   հայկական  ժողովրդական հեքիաթների պատկերազարդ գրքեր:

-Պարո՛ն Գիդաչյան, ամիսներ առաջ, Դուք պատրաստվում էիք մեկնել Բարսելոնա՝ մասնակցելու Գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայ ո՞ր հեղինակի հեքիաթներն եք ներկայացրել:

-Ես մեկնեցի Իսպանիա, ուր Բարսելոնա քաղաքում կազմակերպված Գրքի միջազգային ցուցահանդեսին ներկայացրեցի Թումանյանի հեքիաթները՝ 15 լեզուներով, նաև իսպաներենով՝ թարգմանված արհեստավարժ թարգմանիչների կողմից: Գիրքը ձևավորել են նույնպես արհեստավարժ նկարիչներ, նկարազարդումների գույները շատ գրավիչ են. դա երեխաների ուշադրությունը գրավելու կարևոր գործոն է: Աշխատում եմ, որ ամեն անգամ գիրքը նոր նկարիչ ձևավորի, որովհետև ես ուզում եմ, որ գիրքը կարդալուն զուգահեռ՝ երեխաները զարգացնեն նաև իրենց ճաշակը, համեմատեն, թե որ նկարիչն է ավելի լավ նկարել, իսկ դա կերևա երեխաների կողմից ցուցաբերված հետաքրքրությունից, վերաբերմունքից: Կարծում եմ, որ երեխաները կհավանեն նրանց կատարած աշխատանքները,որովհետև բոլոր նկարիչներն էլ լավ գործ են արել: Արդեն երեք հեքիաթ է տպագրվել, շուտով տպարան կիջնի նաև չորրորդ գիրքը: Գրքի միջազգային բոլոր ցուցահանդեսներին մեր հայ գրքի նկատմամբ եղել է հետաքրքրություն:

-Ինչպե՞ս մտահղացավ հեքիաթներ հրատարակելու գաղափարը. ինչպիսի՞ հեքիաթներ եք ընտրում՝ իրապատում թե՞ հրաշապատում:

– Բոլոր երեխաները սիրում են քնելուց առաջ հեքիաթներ լսել. խնդրում են, ստիպում իրենց ծնողներին, տատիկներին, պապիկներին, որ հեքիաթներ կարդան, պատմեն իրենց համար: Այդիսկ պատճառով ես իմ կարգախոսը ընտրեցի այսպես՝«Ուրախ հեքիաթներ՝ քնից առաջ». ոչ բոլոր հեքիաթները կարելի է երեխաների համար կարդալ քնից առաջ. բնականաբար, ես չէի կարող նրանց համար ընտրել«Կիկոսի մահը» կամ էլ՝ «Ձախորդ Փանոսը»: Գրքի մեջ գրված է՝«Հայկական ժողովրդական և հայ գրողների հեքիաթներն աշխարհի ժողովուրդների լեզուներով»: Ես որոշել եմ այս մատենաշարով երեխաներին ներկայացնել բոլոր լավ հեքիաթները, որպեսզի օրորոցից սկսած՝ երեխաները լսեն ուրա՛խ հեքիաթներ: Ինքս, արդեն որերորդ անգամ, կարդում եմ մեր հեքիաթները և ընտրություն կատարում: Գրքերին կցված են խտասալիկներ՝ CD-ներ, որոնցում ամեն հեքիաթից հետո հնչում են նաև օրորոցային տարբեր երգեր, որոնք ապահովում են երեխայի հանգիստ, խաղաղ քունը. դրանք նաև դրական մեծ ազդեցություն են թողնում երեխաների նյարդային համակարգի վրա: Օրորոցայինների ընտրության հարցում ես խորհրդակցում եմ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլևանյանի և այլ երաժշտագետների հետ: Բնականաբար, հնչում են հայ կոմպոզիտորների գրած օրորոցայինները:

-Կարելի է ասել, որ այդ գրքերը բժշկության ու աղոթքի դեր են կատարում…

-Այո՛, այդպես է. երեխան պետք է մեծանա խաղաղ ու անվրդով մանկությամբ, իսկ հեքիաթների նման մատուցումը դրա լավագույն երաշխիքներից է: Ասեմ նաև, որ գրքում զետեղված են նկարների գունազրկված տարբերակները, որոնք կարելի է տպիչի միջոցով տպել և տալ երեխաներին՝ գունավորելու: Համակարգչին տիրապետող երեխաները կարող են նաև ներկել էկրանի վրա՝ վաղ հասակից ձեռք բերելով դիզայներական որոշակի հմտություն. դա նաև ստեղծագործական աշխատանք է, որի միջոցով կարող են բացահայտվել որոշակի շնորհներ: Գիրքը նաև լեզու սովորելոի օժանդակ ձեռնարկ է: Կոնտուրային նկարները ձևավորելուց հետո երեխան կարող է գրքից արտագրել տեքստը և տեղադրել այն իր գունավորած նկարների տակ: Արտագրությունը ևս աշխատանք է, այն կարող է օգնել՝ սովորելու մայրենի լեզուն և այլ լեզուներ: Այս գրքերում պետք է ներառենք նաև ազգագրական օրորոցայիններ:

-Հայ ո՞ր գրողների հեքիաթներին եք անդրադառնալու Թումանյանից հետո:

-Բոլոր գրողների հեքիաթներին պետք է անդրադառնամ՝ Ղազարոս Աղայանի, Խնկո Ապոր. պետք է ընդգրկեմ նաև մեր ժողովրդական բանահյուսության գոհարներից: Վերջերս Ռաֆայել Համբարձումյանն ինձ նվիրեց ժողովրդական հեքիաթների իր մշակումներով պատրաստած գիրքը, որին ևս պետք է անդրադառնամ:

-Պարո՛ն Ռիչարդ, քանի՞ ցուցահանդեսի են մասնակցել Ձեր գրքերը և ի՞նչ արդյունքներ են գրանցվել:

-Ես մասնակցել եմ մի շարք ցուցահանդեսների՝Մոսկվայում, որտեղ կենտրոնական՝ «Բիբլիոգլոբուս» գրախանութի տնօրենն իմ նախկին կոլեգաներից է եղել. նա ասաց. «Ռիչա՛րդ, իմ գրախանութում 1600 օրինակ գիրք կա, սակայն քո ձեռագիրը տարբերվում է բոլորից»: Նա իմ գրքերից տարբեր լեզուներով 500 օրինակ վերցրեց: Գրքի միջազգային ցուցահանդեսների եմ մասնակցել Փարիզում, Ստամբուլում, ամենից շատ՝ Մոսկվայում, որտեղ միշտ էլ լավ արդյունքներ եմ ունեցել, սակայն Բարսելոնայում առանձնապես հաջողություններ չգրանցվեցին վաճառքի առումով: Ժողովրդի կողմից էլ այցելության առումով ցուցահանդեսում ակտիվություն չկար: Ներկա էին միայն գրքերի հրատարակիչներ և գրավաճառներ: Ես աշխատում եմ չիրացված գրքերը ետ բերել Հայաստան, սակայն այս անգամ թողեցի Բարսելոնայի հայկական համայնքում, ուր գործում են մի քանի մեկօրյա հայկական դպրոցներ: Այնտեղ շատ կան վերջին տարիներին Հայաստանից գնացած երեխաներ, ովքեր հաճախում են կիրակնօրյա դպրոց՝ չմոռանալու մայրենին, հենց այդ դպրոցների երեխաները գրքեր վերցրեցին:

-Դուք երկար տարիներ աշխատել եք հեռուստառադիոպետկոմում, եթե չեմ սխալվում, կարծեմ՝ հիմնադիրներից եք և այն ժամանակ գրքի տպագրությամբ հաստատ չէիք զբաղվում, ի՞նչ աշխատանք էիք կատարում:

-Այո՛, ես հիմնադիրներից եմ. սկսել եմ բանվորի, լուսավորողի աշխատանքից, որից հետո դարձա օպերատոր. 4 տարի աշխատեցի: Բարձրագույն կրթություն ստանալու պատճառով՝ ստիպված թողեցի աշխատանքը: Օտար լեզուների բաժինն ավարտելուց հետո 10 տարի աշխատել եմ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի կոմիտեի միջազգային բաժնում՝ որպես ավագ խորհրդատու և 10 տարի էլ աշխատել եմ՝ որպես արտահաստիքային հեռուստալրագրող. ունեի սեփական տեսախցիկ և մեր կոմիտե այցելող հյուրերի հետ հարցազրույցներ էի անում, մեկնաբանում ու նկարում ամբողջ անցուդարձը, միջոցառումները, որոնք տալիս էի հեռուստատեսությանը, նաև՝ թերթերին: Հետագայում, երբ հեռուստառադիոպետկոմում բացվեց միջազգային բաժին, ես տեղափոխվեցի ու նշանակվեցի միջազգային բաժնի պետի տեղակալ, այնուհետև՝ պետ: 1990-ականներին տեղափոխվել եմ Սովետական Հայաստան հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, որտեղ աշխատել եմ որպես արտադրության պետ: Միանգամից հայտնվեցի ու ընկղմվեցի գրքերի աշխարահում. հասկանալով, որ մոտենում է կենսաթոշակի անցնելուս ժամանակը՝ ընկա մտորումների մեջ, հենց այդ ժամանակ էլ ծնվեց քնից առաջ մանուկների համար ուրախ հեքիաթների գրքեր հրատարակելու գաղափարը:

-Առջևում Ամանոր է. կարծում եմ, որ Ձեր հրատարակած գրքերը կվաճառվեն, երեխաների համար դա լավագույն նվերը կլինի:

-Այո՛, ամենալավ նվերը գիրքն է, այն հետաքրքիր ու մնայուն արժեք է, սակայն չգիտեմ՝ որքան կլինի պահանջարկը, տեսնե՛նք: Երևի կտամ նաև հուշանվերների խանութներին:

-Ձեր կատարած աշխատանքը մեր մանուկների համար հրաշալի նվեր է, սակայն հեքիաթները սիրելի են նաև մեծերին. այսօր մեր կյանքում հեքիաթի պակասը կա: Ներկայացրե՛ք, խնդրեմ, Ձեր ձևակերպումը հեքիաթի մասին. ի՞նչ է տալիս հեքիաթր մանուկներին, մարդկանց՝ առհասարակ:

-Բոլո՛րն են հեքիաթների սպասում, որովհետև այնտեղ բարին է միշտ հաղթում: Հեքիաթը թե՛ մանուկներին, թե՛ մեծերին տանում է Լույսի ճանապարհներով:

Զրուցեց Կարինե Ավագյանը

%d5%a3%d5%ab%d5%a4%d5%a1%d5%af%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b6 %d5%a3%d5%ab%d5%a4%d5%a1%d5%af%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b62%d5%a3%d5%ab%d5%a4%d5%a1%d5%af%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b64

 

Scroll Up