«Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները Ռուսաստանի Դաշնության հայ համայնքներում» տարածաշրջանային համաժողովի մասնակիցների հայտարարությունը

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ 2016թ. նոյեմբերի 28-29-ը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի հետ համատեղ Կրասնոդարում կազմակերպվեց «Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները Ռուսաստանի Դաշնության հայ համայնքներում» տարածաշրջանային համաժողովը, որի նպատակն էր՝ նպաստել տարածաշրջանում կրթական և մշակութային կյանքի զարգացմանն ու աշխուժացմանը, հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, հայկական կրթօջախների ուսուցիչներին մեթոդական օժանդակություն ցուցաբերելուն և կրթական այլ խնդիրների լուծմանը, տարածաշրջանի կրթօջախների միջև հորիզոնական կապերի ստեղծմանը:
Համաժողովի ավարտին մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ, որը «Հայերն այսօր»-ը ներկայացնում է ստորև.
Համաժողովի մասնակիցները հայտարարում են.
- Տարածաշրջանային նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են Սփյուռքի կրթության բնագավառում կուտակված հիմնախնդիրների վերհանման, դրանց լուծման ուղիների մշակման և կուտակված առաջավոր և արդյունավետ փորձի փոխանակման և հորիզոնական կապերի հաստատման համար:
- Սփյուռքի տարբեր կրթօջախներում մեր մանկավարժների կողմից ստեղծված են նոր դասագրքեր, ուսումնաօժանդակ ուսումնամեթոդական նյութեր, հատկապես դրանք, որոնք մշակված ռուսալեզու միջավայրի համար են, պետք է մտնեն ՀՀ սփյուռքի նախարարության կողմից առաջարկվող գրականության ցանկում և առաջարկվեն սփյուռքի կրթօջախներին:
- Առաջարկել ՌԴ համայնքային կառույցներին, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի և ՀՀ արտաքին գործերի նախարարություններին՝ միջոցներ ձեռք առնել հայաշատ դպրոցներում հայոց լեզվի և գրականության և պատմության դասաժամերը մտցվեն դասացուցակի մեջ՝ որպես պարտադիր ժամեր սկսած 2-րդ դասարանից (հենվելով ՌԴ օրենսդրության և միջազգային փաստաթղթերի վրա):
- Հայ երիտասարդների կրթության և դաստիարակության գործում կարևորագույն դեր և նշանակություն ունի համայնքային կառույցների և հայ եկեղեցու համագործակցությունը:
- Դեպի հայկական կրթօջախներ հայ երեխաների հոսքը մեծացնելու համար շատ կարևոր է աշխատանքներ կատարել հայ ընտանիքների հետ, այդ նպատակով պետք է մշակվեն հատուկ ծրագրեր՝ կազմակերպվող միջոցառումներն առավել լայնամասշտաբ իրականացնելու ուղղությամբ:
- ՌԴ որոշ շրջաններում դեռևս կան կրթօջախներ, որոնք դասագրքերի կարիք ունեն ՀՀ սփյուռքի նախարարությունը պետք է միջոցներ ձեռք առնի, որպեսզի 2017թ. ընթացքում հարցը լուծում ստանա (Եդեսսիա, Մյասնիկյանի շրջան, Ռոստովի մարզ և այլն):
- Համաժողովը կարևորում է, որ ավանդական ուսումնական տեխնոլոգիաների հետ միասին ներկայումս անհրաժեշտ է կիրառել նոր տեխնոլոգիաներ (լեզվի ուսուցում երթով, թատրոնով, խաղերով, հեքիաթային ներկայացումներ, խաչբառեր և այլն):
- Զարգացնել ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի և ՀՀ դպրոցների միջև «Քույր դպրոցներ» համագործակցության ծրագիրը՝ այդ նպատակով օգտագործել համապատասխան ծրագիր:
- Կազմակերպել տեսաժողովներ սփյուռքի տարածաշրջանների դպրոցների մասնակցությամբ՝ կոնկրետ կրթական խնդիրների քննարկման համատեղ լուծումներ գտնելու համար:
- ՀՀ սփյուռքի նախարարության կրթամշակութային ծրագրերի արդյունավետ և ըստ տեղերից պահանջարկի շարունակականության ապահովում, զարգացում:
Կարևոր է ծրագրերին մասնակցության հայտերի՝ սահմանված ժամկետներում ներկայացնելը:
- «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներում (առանձին ուղղություններով) հրավիրել նաև Սփյուռքի վաստակաշատ, փորձառու, դասագրքերի և ձեռնարկների հեղինակ մանկավարժներին: