Իտալացի լրագրող․ Դադիվանք այցելելը նշանակում է բացահայտել Կովկասի սիրտը

Դադիվանք այցելելը նշանակում է բացահայտել Կովկասի սիրտը, գրել է լրագրող Սիմոնե Ձոպելարոն իտալական Treccani պարբերականում՝ Լեռնային Ղարաբաղ կատարած իր հերթական այցելության տպավորություններով։

Հոդվածում ասվում է․«Ճանապարհին, որով վանք ես գնում Ստեփանակերտից, մի լքված տանկ կա։ Այստեղ նույնիսկ պատերազմն ասես մի ակնթարթ լռում է։

Դադիվանքը ապշեցնում է կուսական բնության կատարյալ լռության մեջ իր ընկղմվածությամբ։ Եկեղեցու պատմությունը սկիզբ է առնում քրիստոնեության առաջին դարերից։ Եկեղեցին Լեռնային Ղարաբաղում է։ Պատերազմն այստեղ մնում է «սառած»՝ ասես մի անեծքով, որը արդեն քառորդ դարից երկար է տեւում։

Դեպի Դադիվանք ճանապարհը դժվարանցանելի է ու երկարատեւ։ Երկու ժամում, որ ես այստեղ անցկացրեցի, ես միայն տասնյակ այցելուների նկատեցի։ Եվ նրանց մեջ ես ճանաչեցի մի հայ եպիսկոպոսի՝ Սպահանից, որտեղ ես մի տարի ապրել եմ ու դասավանդել համալսարանում։ Ասես երեկ լիներ, որ նա մոտեցավ ինձ ու խիստ ձայնով դիտողություն արեց, որ ես եկեղեցում ոտքս ոտքիս գցած եմ նստել։ Պատկառելի, խստապահանջ, հնչեղ բարիտոնով․․․

Դադիվանքն այսպես է կոչվել Դադիի անունով, որը Թադեոս առաքյալի աշակերտն է եղել ու քրիստոնեության արշալույսին հավատ է բերել այստեղ ու այստեղ էլ նահատակվել։ Հենց նրա աճյունների վրա է կառուցվել եկեղեցին։ Իր ներկա տեսքը այն ձեռք է բերել 13-րդ դարում՝ միավորելով հայկական միջնադարյան ճարտարապետության լավագույն ավանդություները ՝ խոշոր շինություններ, զուսպ ուրվագծեր, որոնցում սակայն խաղում են լույսն ու ստվերը, նրբագեղ խաչքարներ, մեծ, արտահայտիչ որմնանկարներ։ Եվ իհարկե ճարտարապետության ու շրջակա բնապատկերի ներդաշնակություն։

Դադիվանք այցելելը նշանակում է բացահայտել Կովկասի սիրտը։ Մշակութային ու կրոնական դարավոր ավանդությունների կենտրոնակետ։ Նաեւ անվերջանալի տառապանքների ու պատերազմների կենտրոնակետ։ Խաղաղություն այտեղ առայսօր չկա»։

Scroll Up