Չեխիայի նախագահի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչն անպատասխան մնաց թուրքամետ պատգամավորների պատճառով․ չեխ փորձագետ

Չեխիայի «Չարիքի հնէաբանություն» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը, Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հունիսին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կոչին ուղղված իր երկրի խորհրդարանին և կառավարությանը՝ ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, նշեց, որ Զեմանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին գլխավոր բանավեճի մասն է, որն արդեն մի քանի տարի է՝ սկսվել է Չեխիայի Հանրապետությունում:
«Իմ պատկերացմամբ՝ «ճանաչման գործընթաց» եզրույթը անորոշ և երկիմաստ է չեխերի համար»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Չեխիայում կառավարման մոդելը ոչ թե նախագահական է, այլ խորհրդարանական և նախագահը չունի ճանաչման գործընթացը նախաձեռնելու որևէ իրավասություն:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հայաստան իր պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր․ «Հայաստանից վերադառնալուց հետո պետք է դիմեմ Չեխիայի կառավարությանը, ինչպես նաև խորհրդարանին՝ կոչ անելով հետևել Գերմանիայի Բունդեսթագի օրինակին։ Ոչ միայն Գերմանիայի կամ միայն Ֆրանսիայի օրինակին, որտեղ Ցեղասպանության ճանաչումը նույնիսկ օրենքով են ամրագրել, այլև Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Իտալիայի և այլ պետությունների, որովհետև կարծում եմ, որ այդ հարցում մենք հետ ենք մնում»։
Միլոշ Զեմանի այցից հետո Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթաց չսկսվեց: Չեխիայի խորհրդարանի նախագահն էլ դեռ այդ ժամանակ Tert.am-ի հարցմանն ի պատասխան, թե ինչպես է արձագանքում նախագահի կոչին, նշել, որ հավատում է, որ պատմական միջադեպերին պետք է անդրադառնան պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները:
«Ենթադրվում է, որ նախագահ Զեմանը խորհրդարանի ղեկավարներին հայտնել է իր քաղաքական կարծիքը, բայց «ճանաչման գործընթացը» սկսելը չի մտնում նրա պաշտոնական իրավասությունների մեջ: Ցավոք սրտի, Խորհրդարանի՝ Ցեղասպանության վերաբերյալ բանավեճը մասնատված է, քաղաքականացված և լի տարբեր հակասություններով»,- ասաց նա՝ անդրադառնալով չեխ նախագահի հայտարարության անհետևանք մնալուն:
Շիմոն Կրբեցը նկատեց, որ Հայոց ցեղասպանության շուրջ բանավեճի վրա հետագայում իրենց ազդեցությունն ունեցան մասնավորապես խորհրդարանի ղեկավար կազմում ներկայացված թուրքամետ պատգամավորները:
«Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Ցեղասպանության հետ կապված ցանկացած պատկերացում պետք է դատապարտվի պատմաբանների, այլ ոչ՝ քաղաքական գործիչների կողմից: Ավելացնենք, որ թուրքական ագրեսիվ դիվանագիտությունը մշտապես իր թիրախում է պահում անկախ մանկավարժական համակարգն ու Չեխիայի համալսարանների ակադեմիկոսների հետազոտական ջանքերը, ինչպես նաև հ/կ-ները»,- ասաց չեխ փորձագետը՝ մատնանշելով, որ այդ ջանքերը կարող են որոշիչ լինել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
«Ես ինքս խորապես հավատացած եմ, որ խորհրդարանն իսկապես ներկայացնում է Չեխիայի քաղաքացիների կարծիքներն ու շահերը»,- ասաց Շիմոն Կրբեցը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ նա նշեց, որ չի կարծում, թե այդ հարցում կա էլ ավելի մեծ միջազգային ճնշման անհրաժեշտություն․ ըստ նրա՝ միջազգայնորեն հայտնի գիտնականներն ու հասարակական կազմակերպությունները Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված հայերի սպանդը վաղուց արդեն ճանաչել են որպես ցեղասպանություն:
«Իր մտորումներում «ցեղասպանություն» իրավական բնորոշման հեղինակ Ռաֆայել Լեմկինը հիմնովին ոգեշնչված է եղել Օսմանյան կայսրության և իր դաշնակիցների կողմից հայ ժողովրդի հանդեպ իրագործված այդ ողբերգությամբ: Այսպես, օրինակ՝ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան բազմիցս պաշտոնապես ճանաչել է հայերի, ասորիների և հույների դեմ Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը: Ավելին, այսօր աշխարհի ոչ մի լուրջ ցեղասպանագետ չէր ժխտի Հայոց ցեղասպանության փաստը»,- ասաց նա:
Ըստ չեխ փորձագետի՝ այսօրվա գլխավոր մարտահրավերը թուրք ժողովրդին և իր ներկայացուցիչներին (այդ թվում գիտնականներին և ակտիվիստներին) պատմական ճշմարտությունը ներկայացնելն է:
«Եվ այս տարի ամռանը Թուրքիայում տեղի ունեցածից հետո կարող ենք հույս ունենալ, որ կծավալենք ավելի արդյունավետ բանավեճ աքսորված թուրք գիտնականների, դիվանագետների և վտարանդիների»,- ասաց նա:
Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման մասին՝ նա ասաց․ «Ժխտողականությունը մեծագույն սպառնալիք է ժողովրդավարության համար: Ժխտողականությունը մեղավոր է դարձնում զանգվածային սպանությունների զոհերին և ոտնահարում նրանց հիմնարար իրավունքները:
Ժխտողականությունն իրականում ցեղասպանության հանցագործության գխավոր բաղկացուցիչ մասն է, քանի որ այն փորձ է անում ջնջել անցյալի պատմությունը և հնարավորություն ստեղծում հետագա ցեղասպանությունների իրագործման համար»,- ասաց նա: