«ՀՕՄ-ը Սիրիայի հայ համայնքի պահպանման հիմնական դերակատարներից մեկն է դարձել».Դիանա Հովսեփյան

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Հայ օգնության միության սիրիահայերի աջակցությանն ուղղված ծրագրերը ներկայացրեց ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը՝ նշելով, որ սիրիական պատերազմի սկսվելու օրվանից մինչև հիմա ՀՕՄ-ը, միավորելով իր ուժերը, Սիրիայի հայ համայնքի պահպանման և օժանդակության աշխատանքներում հիմնական դերակատարներից մեկն է դարձել:
«Հայ օգնության միության նախաձեռնությամբ 2012 թվականից շարունակվում են տարբեր ծրագրեր իրականացվել՝ օգնելու համար Սիրիայում շարունակվող ճգնաժամի պայմաններում օրհասական վիճակում գտնվող հայերին: ՀՕՄ-ն իր առաջին քայլով աջակցություն հասցրեց և շարունակում է աջակցել դպրոցականներին, հայկական վարժարաններին: 2012-2015 թվականներին նյութական աջակցություն է տրամադրվել Հալեպի, Դամասկոսի, Լաթաքիայի, Քեսաբի, Կամիշլիի և այլ շրջանների 27 վարժարանների:
Նույնիսկ քաղաքի շրջափակման և սննդամթերքի սակավության ամենածանր օրերին անընդհատ շարունակվել է «Պնակ մը տաք ճաշ» ծրագիրը, որի շրջանակում շաբաթը 3 անգամ 230 անձի տրամադրվում է տաք ճաշ, իսկ «Տաքուկ բնակարան» ծրագիրը իրականացնելով՝ ձմռան ընթացքում ջեռուցման անհրաժեշտ վառելանյութի գումարով է ապահովել լուրջ դժվարություններ դիմագրավող հալեպահայ կարիքավոր ընտանիքներին»,-զեկույցի ժամանակ ասաց Դիանա Հովսեփյանը՝ հավելելով, որ 2013 թվականին սկսել են իրագործել «Երաշխաւորէ Սուրիահայ Ընտանիք մը» ծրագիրը՝ նպատակ ունենալով նյութական օժանդակություն տրամադրել նորածին երեխա ունեցող կարիքավոր ընտանիքներին:
ՀՕՄ-ը Սիրիայում գտնվող սիրիահայերին օգնելուց բացի, չմոռացավ Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին և քեսաբահայությանը. տարբեր ծրագրերով օժանդակել է նաև Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերի և Հայաստանում ապաստանած սիրիահայերի անմիջական կարիքները հոգալուն:
Հավելենք նաև, որ Հայաստանում սիրիահայ ընտանիքներին մեծածավալ հումանիտար օգնություն, նյութական և հոգեբանական աջակցություն է տրամադրվել: Սիրիահայ կանանց մասնակցությամբ կազմակերպվել է Ձեռարվեստի դասընթացներ, իրականացվել են նրանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ, ինտեգրման նպատակով իրականացվել է շրջապտույտներ Հայաստանի պատմամշակութային վայրեր և այլն:
ՀՕՄ-ի Հայաստանի միավորի աշխատանքներում այսօր ընդգրծված են ավելի քան 100 սիրիահայ կանայք:
Նշված բոլոր ծրագրերը, այդ թվում և մյուսները` ՀՕՄ-ի «Ամանոր» ծրագիր, Ձեռարվեստի ծրագիր, Ս.Օ.Խ.-ի պատսպարաններ, շտապօգնության մեքենայի ձեռքբերում և այլն, շարունակվում են նաև այսօր:
Գևորգ Չիչյան