Դէպի Արցախ, Դէպ Հայաստան

Արցախ տանող Գորիս-ստեփանակերտ ճանապարհն այդ օրը մի առանձին հմայք ունէր: Օրը տաք էր ու ջինջ, եւ Արտաշատի մարզի ողջ երկայնքով մեզ ուղեկցում էր Մասիսը, որի ձիւնածածկ գագաթն ու փափուկ ուրուագծերը իւրաքանչիւր հայիս համար այնքան ծանօթ են ու այնպէս հարազատ: Մեքենայի ապակիների ետեւում աշուն էր, որ ձգւում էր մինչեւ Մասիսի ձիւնատարած լանջերն ու յիշեցնում մօտալուտ ձմրան մասին: Այդ օրը հեռուն ու մօտիկն այնքան մօտ էին, որ թւում էր, թէ մօտենաս, հեռուին էլ կհասնես, թէեւ մտքերդ կը շարունակեն թափառել հեռւում:

Բնութիւնը միայն բնապատկեր չէ, գոյներ չէ միայն՝ երանգներով լի: Բնութիւնը տրամադրութիւն է, տերեւներին, որ ամէն պահ փոխում են գոյն ու երանգ եւ անհոգ շաղ գալիս շուրջ բոլոր՝ չճանաչելով եւ ոչ մի սահման: Աշնանն ամառուանից ձգուող ջերմութիւնն իր մէջ է առնում մօտալուտ սառը շունչն ու դառնում ձմեռ…եւ ուրախութիւն ու տրտմութիւն խառնւում են իրար:

Ճանապարհը, որ անցել եմ տասնեակ անգամներ, նման տարուայ այս եղանակին թէ՛ տխրութիւն եւ թէ՛ ուրախութիւն բերեց ինձ: Կանգ առանք Արենի գիւղի մօտ, որտեղ ճամբեզրին շարուած, բնակիչները տարին բոլոր իրենց հաւաքած բերքն ու ամբարած բարիքն են առաջարկում անցնող մեքենաների ուղեւորներին:

Կարճատեւ կանգառի ընթացքում տեսածս ու լսածս ինձ ուղեկցեցին մինչեւ Բերձոր: «Արենին այսօր ունի 2500 բնակիչ,  1200 ընտրող, արդէն ինը տարի է, ինչ աշնանն անցկացւում է գինու փառատօն, որի ընթացքում բնակիչներն ունենում են 100 հազարից մինչեւ անգամ 1միլիոն դրամ եկամուտ: Գինու փառատօնին բնակիչներն անհամբերութեամբ են սպասում: Ձմրան շեմին հոգսերը շատ են: Շատ են նաեւ գիւղի շրջանաւարտները, ովքեր բարձր առաջադիմութիւն ունեն եւ ուսումը յաջողութեամբ շարունակում են բարձրագոյն հաստատութիւններում»: Այս ամէնը պատմելուց յետոյ արենցի ամուսինները մեզ մեկնեցին լաւաշի մէջ փաթաթուած տնական ղաւուրման եւ մաղթեցին՝ բարի ճանապարհ: Իսկ ճանապարհն ի սկզբանէ  ԲԱՐԻ  էր. չէ՞ որ այսօր կայ ճանապարհ, որ ձգւում է Գորիսից մինչեւ Ստեփանակերտ եւ նաեւ այդ ճանապարհն է մարդկանց  բերում Արենի:

Այս անգամ մեր ճանապարհն անցաւ  Բերձորով, որի բնակիչները շուտով կ՛ունենան ջուր, Շուշիով, որտեղ կառուցուող արհեստագործական ուսումնարանի աշակերտները տարիներ անց կը դառնան հիւսն, փականագործ, ատաղձագործ եւ կը շենացնեն իրենց հայրենին: Մեր հայրենակիցների նուիրաբերուած միջոցները Շուշիում, Քարին Տակում շուտով կը դառնան ծնողազուրկ երեխաների խնամքի կենտրոն, գիւղացիների համար համայնքային կենտրոն, դպրոցի մարզական դահլիճ ու ջրագիծ, ինչպէս որ դրամահաւաք հեռախօսազանգերն են կարճ ժամանակ անց  դառնում դպրոց, մանկապարտէզ ու հիւանդանոց:

Արդէն Արցախում 2005-ին համայն հայութեան ուժերով կառուցուած  Հիւսիս-Հարաւն էլ մեզ տարաւ Պատարա, Խանձք, Նոր Մարաղա, Շոշ, Կարմիր Շուկայ, Թաղավարդ, Խաչմաչ, Ակնաղբիւր համայնքներով, ուր խնդիրները բազմաթիւ են, բայց կիսակառոյցների առատութիւնից ու  շինհրապարակում լսուող մեքենաների ձայնից լցւում ես հաւատով, որ դժուարութիւնները թէեւ շատ, բայց մի օր կը մնան ետեւում, եթէ չկորցնենք հաւատն ու մէջք մէջքի տանք:

Հսկայական «չան» կոչուած մետաղէ տակառների մէջ  անձրեւաջուր են հաւաքում՝ իրենց կենցաղային կարիքները հոգալու եւ անասուներին ջուր տալու համար, իսկ խմելու ջուրն էլ հեռաւոր մի աղբիւրից աւանակներով են կրում: Ծովի մակերեւոյթից շուրջ 1055 մ բարձրութեան վրայ գտնուող այս համայնքում ձմրան սառը շունչն առաւել սուր ես զգում, երբ տեսնում ես փայտի կապոցներով բեռնուած աւանակներին: Այս մունջ կենդանիները տան անդամի նման ցանկալի են Արցախի սարերում ու անտառներում ցրուած գիւղերում: Նոր բացուած շինհրապարակն էլ ամիսներ անց Մուշկապատում կը դառնայ համայնքին սպասարկող մի մեծ հաւաքատեղի, որտեղ գիւղացիները միասին կը կարճեն իրենց ձմեռները, կը կիսեն ուրախութիւն ու տխրութիւն, կը հոգան համայնքի խնդիրները, թեւ ու թիկունք կը լինեն միմեանց: Համայնքային կենտրոն կոչուած այս շինութիւնների աւարտին անհամբերութեամբ են սպասում նաեւ Պատարա, Նոր Մարաղա, Խանձք, Կարմիր Շուկայ, Խաչմաչ, Ակնաղբիւր համայնքներում:

Յետդարձի ճանապարհը, որ Մարտակերտից մինչեւ Վարդենիս ձգւում է Դրմբոն, Գետաւան, Սոտք համայնքների միջով, խառը զգացմունքերի տեղի պիտի տար. աղքատ ու մաքառող գիւղեր, ուր գնալով պակասում է տանիքից ելնող ծուխը, գիւղամիջեան ճանապարհով գլխիկոր ու աննպատակ քայլող անասուններ, խունացած գոյներով մետաղեայ դարպասներ, որ այլեւս օճախ չեն, այլ դարպաս՝ լքուած տան:  Տուն, բայց ոչ գիւղ է եղածը, եւ ցուցանակներ, որ դեռ ստիպում են աջ ու ձախ նայել ու աչքերով բնակավայր որոնել:  Այս ճանապարհին լաւաշի մէջ փաթաթուած ղաւուրմայ չկար… Աստուած գիտէ, թէ այստեղ վերջին անգամ երբ են ղաւուրմայ կերել:

 Թւում էր, թէ ինձ հանդիպած գիւղացու մոլորուած հայեացքն ու ընտանիքի հոգսերը կը ծանրանան հոգումս եւ մտովի կ՛ուղեկցեն ինձ մինչեւ տուն, թէեւ օրը բարեհաճ էր, իսկ բնութիւնը` գերող:  Բայց այն, ինչ տեսանք Չափառում, անսպասելի էր ու այնքան յուսառատ, որ տխրութիւն չկար, երբ տեսայ հիւղակ յիշեցնող խարխուլ մի շինութիւն, որը դպրոցն էր` մետաղաձոյլ զանգը մուտքի առջեւ կախուած: Այս զանգերը վաղուց արդէն հանգրուանել են հայրենի թանգարաններում:  Տխրութիւն չկար, քանի որ հէնց կողքին վեր բարձրացող երկյարկանի կիսակառոյցը գիւղի վաղուայ դպրոցն էր, իսկ քիչ հեռու թրաքթորը լայն շրջագծերով  ճանապարհ էր բացում, որ պիտի բարեկարգուէր ու գիւղն անտառի միջով կապէր Մարտակերտից Վարդենիս ձգուող վաղուայ մայրուղուն: Կիսակառոյց դպրոցի տանիքից պարզ երեւում էին երկու վարդագոյն շինութիւն` գիւղի նորակառոյց մանկապարտէզն ու հաւաքների դահլիճը, ուր գիւղացիները  նշում են իրենց տօներն ու կիսում վիշտը:  Չափառում ընտանիքի հայրերն ու զաւակները հեռուներից տուն են դառնում, հող մշակում, անասուն պահում կամ աշխատում գիւղի շինհրապարակներում: Այստեղ գիւղացին շինական է, որ ուժ է առնում իր հողից եւ ունի վաղուայ օր: Այստեղ կան ձմեռուայ հոգսեր, ինչպէս ամէնուր, բայց եւ՝ հոգատար ձեռք, որ նոր կեանք է տալիս գիւղացուն ու գիւղին: Այստեղ աշունը չի շտապում դառնալ ձմեռ:

Նոր Էրքեջի ցուցանակն անցնելուն պէս, դուրս եկանք  գլխաւոր ճանապարհից եւ աջակողմեան արահետ յիշեցնող նեղ հողէ ճանապարհով  ուղղուեցինք դէպի Դադիվանք: Մի քանի տասնեակ մեթրից յետոյ մեր առջեւ բացուած տեսարանը անդիմադրելի հմայք ունէր: Հայեացքդ ակամայ ուղղում ես մերթ դէպի հեռւում նշմարուող վանքը, մերթ դէպի ցած՝ ահազդու անդնդախոր ձորը, եւ վախ ու հիացմունք խառնւում են իրար, եւ  գիւղ ու գիւղացի , ծխնելոյզ ու դարպաս մնում են hետեւում: Եւ առաջինը, որ գալիս է մտքիդ, «սա իմ վանքն է,  իմ պատմութիւնը իմ ճանապարհին»: Եւս 230 քիլոմեթր եւ Արցախից դէպի Վարդենիս ձգուող գեղատեսիլ հովիտներով  ու լեռներով երկար ու ձիգ խճապատ ճանապարհը մեզ բերեց տուն:

Ինչ լաւ է, երբ երկար է ճանապարհը հայրենիքում:

ՅԱՍՄԻԿ Վ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

  «Հայաստան» համահայկական հիմնադրամ

 http://www.aztagdaily.com

Scroll Up