«Պարզապես հայուհի մը եմ» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին

Նոյեմբերի  22-ին  Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Պարզապես հայուհի մը եմ»  խորագիրը  կրող միջոցառում՝ նվիրված հայ առաջին վիպասանուհի, արևմտահայ գրող, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ  (Սրբուհի Վահանյան) Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին, տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ  Մ. Կոստանյանն ու Մ. Ադամյանը ներկայացրեցին Ս. Տյուսաբին՝ որպես «հայ գրականության նահապետուհի», «հայ ֆեմինիզմի ավանգարդ»՝ կարևորելով նրա անուրանալի ներդրումը մեր հասարակական կյանքում: Այնուհետև աշակերտներն անդրադարձան  Տյուսաբի կյանքի և ստեղծագործության  ուշագրավ դրվագներին՝ զուգահեռ դիտելով սալիկահանդես, իսկ մյուսները հանդես եկան նրա երեք՝ «Մայտա», «Սիրանույշ»,  «Արաքսիա կամ վարժուհին» վեպերի գաղափարական վերլուծություններով:

Միջոցառման ավարտին Մ. Կոստանյանը բարձրաձայնեց հայ իրականության մեջ կանանց իրավունքների առաջին գաղափարախոսներից  Ս. Տյուսաբի արծարծած մտքերը՝ նշելով,որ չնայած ժամանակակիցները, ի նշան երախտագիտության, նրան պսակում էին  «ազգասեր» մակդիրով, բայց ինքն ավելի համեստ տեղ էր տալիս իրեն. « Պարզապես հայուհի մը եմ, որ հօգուտ ազգին կաշխատիմ դույզն-ինչ, ինչպես կաշխատին մյուս հայուհիները…»:

Հիշեցնենք, որ Սրբուհի Տյուսաբն ընդգրկված է ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը-2016» ծրագրում:

Scroll Up