Եվրամիությունը պատասխան չունի՞
Շատ կարճ ժամանակ է մնացել Վիլնյուսում տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովին, սակայն ԵՄ ղեկավար Քեթրին Էշթոնն իսկապես շփոթված ու մոլորված է և չգիտի, թե ինչ է առաջարկելու Հայաստանին, ինչ հարցերի շուրջ է ծավալելու խոսակցությունները և, ի վերջո, ինչ փաստաթուղթ է առաջարկելու ստորագրել: Բանն այն է, որ շուրջ չորս տարի ԵՄ-ն Հայաստանի հետ ասոցացման բանակցություններ էր վարում, ժամանակ առ ժամանակ խոստումներ էր հնչեցնում, որոնք, բնականաբար, հրապուրում և ոգևորում էին հայկական կողմին, պարտադրում արդեն որոշակի ծրագրեր կազմել, մտծել Եվրոպայի հետ նոր հարբերությունների ձևավորման և նոր հայեցակարգերի ձտեղծման մասին: Հատկապես Հայաստանի վարչապետն արդեն եվրակողմնորոշման ծրագրեր էր մշակում, հոգ տանում հայկական բանկերի և եվրոպական ֆինանսական կառույցների մերձեցման, ժամանակակից աշխարհում ֆինասական գերակայությունների նոր հայեցադրույթներ ստեղծելու մասին, իսկ հայաստանյան գործարարներն էլ սպասում էին, որ Եվրոպան աստիճանաբար ամեն ինչ կանի, որպեսզի հայաստանյան տնտեսությունը ինտեգրվի Եվրոպային, ձևավորվեն նոր և գայթակղիչ շուկաներ, հայկական արտադրանքը ձեռք բերի մրցունակություն՝ այսպիսով արտահանումների ծավալները համապատասխանեցնելով արտադրանքի ծավալներին: Անտարակույս, եվրաինտեգրումը Հայաստանին նոր հեռանկարներ էր խոստանում, պարտադրում վերանայել ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ տնտեսական քաղաքականության շատ մոտեցումներ և հիմնասկզբունքներ:
Սակայն չորս տարվա ընթացքում ԵՄ-ն չանցավ հայտարարությունների սահմաններից՝ այդպես էլ իրական ոչինչ չստեղծելով Հայաստանի համար: Ավելին, տիկին Էշթոնը շատ հաճախ հայ հանրությանն ու հայաստանյան իշխանություններին մղեց դեպի հիասթափություններ, մասնավորաբար հայ-ադրբեջանական խնդիրներին առնչվող հայտարարություններում ձգտեց դեպի պոպուլիզմն ու համահարթեցումը, կողմնակալությունը դարձրեց իր համար գործելաձև: Եվրամիության անտարբերությունը Հայաստանի շրջափակման փաստի նկատմամբ երբեք չէր կարող հույս ներշնչել, թե ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո այս կառույցը կարող էր անցնել գործնական քայլերի: Մինչդեռ ԵԽ անդամ երկու երկրի կողմից երրորդ երկրի շրջափակումը պիտի որ դառնար նաև ԵՄ օրակարգային հարցերից մեկը, պարտադրեր այդ կառույցին Թուրքիայի և Ադրբեջանի հետ խոսել վերջնագրերի լեզվով, քանզի եվրոպական արժեքներն էին վտանգված:
ԵՄ գերխնդիրը, ինչպես արդեն ցույց են տալիս վերլուծությունները, Հայաստանը Ռուսաստանից անջատելն է, տարածաշրջանում ռուսական ազդեցությունների նվազեցումն է, սակայն ոչ երբեք Հայաստանի շահերի նկատմամբ հետաքրքրությունը: Սա արդեն իսկ ակնհայտ ու ակնբախ է, մանավանդ որ ԵՄ-ն Հայաստանից պահանջել էր չգոյացնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնությունները՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով: Մինչդեռ ցանկացած ոք գիտե, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վաղուց արդեն ավանդական են, որ դրանք սկիզբ են առել Գյուլիստանի պայմանագրով և պատմության տարբեր ժամանակաշրջաններում արտացոլվել յուրովի: 1920-1992 թվականներին մաս կազմելով Խորհրդային Միության՝ Հայաստանն ամբողջապես հենվել է Ռուսաստանի վրա, իսկ 1992-ից ի վեր, ձեռք բերելով անկախություն, ՀՀ-ն առաջնային է համարել Ռուսաստանի հետ գործընկերությունը, բնականաբար, որոշակի քայլեր կատարելով դեպի Արևմուտք, ջանալով Արևմուտքի հետ ստեղծել գործնական հարաբերություններ: Այսօր Ռուսաստանի հետ գործընկերությունը պարտադրված է նաև մի շարք մարտահրավերներով, որոնց առջև կանգնած է երկիրը: Անտարակույս, Ռուսաստանի հետ մասնավորաբար տնտեսական կապերի սերտացումն էլ արդյունք է շրջափակման:
Այն, որ Հայաստան-Եվրամիություն առնչությունները ցանկալի են Հայաստանի համար՝ անժխտելի է: Հայաստանը չի կարող ապրել բարդ ու հակասական տարածաշրջանում և հեռու լինել Եվրոպայից, որի մի մասնիկն է: Հայաստանին նաև անհրաժեշտ է եվրաինտեգրումը, որովհետև, այնուհանդերձ, երկիրը եվրոպական արժեհամակարգերի ստեղծողներից և կրողներից է: Լինելով քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչպես նաև գրավելով ուշագրավ աշխարհաքաղաքական դիրք՝ Հայաստանին իրապես պետք է ծավալվել դեպի Եվրոպա, սերտացնել իր կապերն Արևմուտքի հետ: Հենց սա նկատի ունենալով էլ հայաստանյան իշխանությունները չորս տարի շարունակ աշխատանքներ են իրականացրել ԵՄ-ի հետ: Սակայն ԵՄ-ն իր հերթին Հայաստանին որևէ երաշխիք չի տվել անվտանգության, ղարաբաղյան խնդրի արդար լուծման, ռազմավարական համակողմանի գործընկերության վերաբերյալ: Միայն պահանջ՝ հեռանալ Ռուսաստանից… ԵՄ-ում երբևէ խորքով չեն քննարկել Հայաստանի խնդիրներն ու դիրքը՝ մինչ կառաջարկեին միանալ Եվրոասոցացման համաձայնագրին: Հայաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որ իր ունեցած աշխարհագրական դիրքով չի կարող հեռու մնալ Ռուսաստանից և ապավինել ԵՄ-ի հետ համագործակցությանը լոկ: Հայաստանը Եվրոպան և Ասիան, Եվրասիան կապող յուրատեսակ կամուրջ է, որը շրջապատված է Իրանով, Թուրքիայով, Ադրբեջանով և Վրաստանով: Այսինքն, տերություններով, որոնք երբեք էլ չեն կարող համարվել Հայաստանի բարեկամները, որովհետև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա տանդեմի գերխնդիրը Հայաստանի մեկուսացումն է արտաքին աշխարհից, բոլոր տարածաշրջանային ծրագրերից: Իրանն էլ ունի իր շահերը, որոնց համատեքստում Հայաստանը կարող է ունենալ չնչին դեր, քանզի Իրանի գերնպատակն Արևելքում գերակայության հաստատումն է, Արևմուտքի հետ ընդամենը որոշ կապերի ձևավորումը, որի համար էլ նա կարող է օգտվել Հայաստանի ծառայություններից միայն: Ունենալով այս պետությունների մեջ ուշագրավ դիրք, Հայաստանը կարող է աշխարհի համար չափազանց ուշագրավ հանգուցակետ հանդիսանալ, Եվրոպան և Ասիան այստեղ կարող են իրականացնել իրենց ծրագրերը՝ Հայաստանը վերածելով տարածաշրջանային հանդիպավայրի և կենտրոնի: Հայաստանի իշխանություններն, իհարկե, տարիներ շարունակ յուրատեսակ ջանադրությամբ հեռացան այս գաղափարից, չուզեցին օգտագործել պատմականորեն տրված հրաշալի հնարավորությունը՝ բնականաբար այս ամենի համար ունենալով արդարացում և հիմնավորում: Ղարաբաղյան խնդիրը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները շատ բանով Հայաստանին հետ պահեցին կտրուկ քայլերից, արտաքին քաղաքականության շառավիղների փոփոխությունից: Եվրոպան էլ չուզեց տեսնել այն ամենը, ինչն ունի Հայաստանը: Ընդամենը բավարարվեց կիսատ-պռատ հայտարարություններով, ադրբեջանամետ դիրքորոշումների հայտածմամբ: Գուցե սա Եվրոպային ձեռնտու է, որովհետև այսօր Ադրբեջանը ներկայանում է որպես նոր տնտեսական գիշատիչ, որն ունի նավթային պաշարներ, որոնք կարող են ազատորեն օգտագործվել Եվրոպայի կողմից՝ այսպիսով թուլացնելով կախվածությունը Ռուսաստանից: ԱՄՆ կողմից Ադրբեջանն ընկալվում է որպես Իրանի դեմ հնարավոր պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների մեկնակետ:
Ու հիմա տիկին Էշթոնն իսկապես ցայտնոտի մեջ է: Առաջին անգամ վստահաբար ասենք. ոչ թե Հայաստանը ենթարկվեց Ռուսաստանի ճնշումներին և մղվեց դեպի Մաքսային միություն, այլ ԵՄ-ն չկարողացավ հիմնավորել հրավերը, չկարողացավ երաշխիքներ տալ: Ավելին, ԵՄ-ն իրեն խայտառակեց՝ Հունգարիայի հետ Հայաստանի ունեցած խնդիրների ժամանակ կրավորական կեցվածք ընդունելով և յուրովի պաշտպանելով Ադրբեջանին, «հուշելով» Եվրախորհրդարանին՝ ընդունելու հակահայ և իրավական շատ պատկերացումներ ավերող «Արևելյան գործընկերության մասին համաձայնագիրը»: Հիմա հրաշալի պահ է ստեղծված Հայաստանի համար Վիլնյուսում հանդես գալու պահանջատիրոջ դիրքերից, Եվրոպային ներկայացնելու իր պահանջները, վերլուծության ենթարկելու ԵՄ գործունեությունը անցած տարիներին: Այսինքն, որքան էլ հոռետեսորեն դիտարկեն իրավիճակը մի շարք քաղաքագետներ, այնուհանդերձ գնդակը Հայաստանի դաշտում է, Հայաստանն է այս պահին հայտնվել շահեկան վիճակում: Եվ խաղաքարտը պիտի աշխատեցնել… Իսկ «խաղաքարտի խաղացման» համար անհրաժեշտ են Սփյուռքի հայկական կազմակերպությունների աջակցությունն ու լոբբիստական աշխատանքները: Այսօր կարելի է ափսոսանքով նշել, որ ԵԽԽՎ-ում «Արևելյան գործընկերության մասին» համաձայնագրի ընդունումից հետո մեր սփյուռքյան կազմակերպությունները լռության մատնեցին գրեթե կատարված փաստը: Գուցե այստեղ պետք էր նաև համագործակցությունը Հայաստանի քաղաքական իշխանությունների և դիվանագիտական կառույցների հետ: Հիմա, սակայն, հուսանք, որ վիճակը կփոխվի, արդեն մեր պահանջներն ու ձգտումները միասնական կլինեն:
Լևոն Մութաֆյան