Արցախում անց է կացվել Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար

նոյեմբերի 13-ին, Ստեփանակերտի N 6 դպրոցի մարզադահլիճում անց է կացվել «ArmFighting Selection-22» ընդհանուր մենամարտերի մրցաշար, որը նվիրված էր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշամրցաշարին մասնակցել են ԼՂՀ-ի և ՀՀ-ի 13 զույգ մարզիկներ:

Հուշամրցաշարին ներկա էր նաև պրոֆեսիոնոլ «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Հայկ Ղազարյանը, ով նշել է, որ ՀՀ տարբեր քաղաքներում և գյուղերում անց են կացրել նմանատիպ միջոցառումներ, և Ստեփանակերտն էլ բացառություն լինել չի կարող:

«Այս անգամ որոշեցինք, որ այս մրցաշարը կազմակերպենք Ստեփանակերտում, որպեսզի այն խթան լինի մատաղ սերնդի համար, որպեսզի տեսնելով այս միջոցառումը`ցանկություն ունենան մարզվել այս մարզաձևով: Սա այն մարզաձևն է, որը կարողանում է մարզիկին ավելի մոտեցնել բանակին ու  ինքնապաշտպանությանը: Այսպիսի մարզիկները կարող են հետագայում դիրքերում ու խրամատներում իրենց ավելի ուժեղ ու անպարտ զգալ: Մենք նաև ուզում ենք բացահայտել արցախցի լավագույն մարզիկներին, որոնք Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ոսկե մեդալներ կարող են նվաճել»,- մասնավորապես ասել է Հ. Ղազարյանը:

Արցախի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արմեն Հայրապետյանն էլ տեղեկացրել է, որ «ArmFighting Selection-22»-ին մասնակցել են Ստեփանակերտի, Երևանի, Գավառի, Էջմիածնի և Սպիտակի մարզիկները:

«Այս մրցումը երրորդ անգամ է անցկացվում Ստեփանակերտում: Մրցումը նվիրելով ազատամարտի հերոսներից Ռոբերտ Աբաջյանին, մեկ անգամ ևս ուզում ենք բորբ պահել նրա մասին մեր հիշողությունները, ասել, որ նրա հիշատակը միշտ վառ է մեր սրտում ու հոգում: Ռոբերտ Աբաջյանն այնպիսի սխրանք է գործել, որ բոլորս հպարտանալով խոնարվում ենք նրա հիշատակի առաջ: Մենք շարունակելու ենք այսպիսի մրցաշարեր կազմակերպել, հաղթել ու ի լուր աշխարհի ասել, որ մարտում հաղթանակած Ռոբերտները նաև սպորտում են անպարտելի»,- ընդգծել է Ա. Հայրապետյանը և հավելել, որ Արցախի 13 մարզիկներից 10-ը հաղթել են:

Հուշամրցաշարին հաղթող ճանաչված մարզիկներից Վահրամ Հարությունյանն իր խոսքում ասել է.

«Մենամարտում հեշտ կարողացա հաղթել իմ. մենամարտել եմ 15 տարեկանների տարիքային խմբում: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել իմ մարզիչ Արմեն Հայրապետյանին, քանի որ նրա ջանքերի շնորհիվ է, որ ես հաղթել եմ այս մրցաշարը: Շնորհակալությունս եմ հայտնում նաև ՀՀ «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի ֆեդերացիայի նախագահին, որ նման միջոցառում է կազմակերպել, որին կարողացա մասնակցել նաև ես: Մինչ այսօր չորս մենամարտ է անցկացրել. չորսն էլ ավարտվել է հաղթանակով»:

ՀՀ թիմի անդամ Արման Գրիգորյանի կարծիքով էլ հուշամրցաշարում կարևորը հաղթանակն չէր, այլ այն, որ նվիրված է Ռոբերտ Աբաջյանի հիշատակին.

«Այս առումով այն տարբերվում է մնացած մրցաշարերից: Այս մարտին լավ էի նախապատրաստվել և հաղթեցի:

Երկու տարուց ավելի է, ինչ մարզվում եմ. հուսամ` դեռևս շատ հաջողությունների եմ հասնելու»:

Մրցաշարում հաղթող ճանաչված մարզիկները պարգևատրվել են պատվոգով, մեդալով և գավաթով:

Scroll Up