Ամերիկահայ բժշկական միությունը 50.000 դոլար է հատկացրել՝ սիրիահայերին աջակցելու նպատակով

Ամերիկահայ բժշկական միությունը (AAMS) տեղեկացնում է, որ 50,000 դոլար կտրամադրի Լիբանանում գործող բարեսիրական կազմակերպություններին Սիրիական պատերազմի պատճառով Լիբանան գաղթած հայորդիներին օժանդակելու նպատակով: Այս մասին հայտնում է «Հայերն այսօրը»` հղում կատարելով Asbarez-ին:
Գումարի կեսը կտրամադրվի «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկին, իսկ մյուս կեսը` Լիբանանի հայ օգնության Խաչին (ԼՕխ-ին), որոնք զանազան ծրագրերով կաջակցեն սիրիահայ գաղթականներին:
«Ուրախ ենք, որ առիթ ունենք օժանդակության ձեռք երկարելու կարիքավոր սիրիահայերին, հատկապես` ապահովելու համար նրանց բժշկական խնամքը»,- հայտնում է Ամերիկահայ բժշկական միության ատենապետ Ռաֆֆի Թաշչյանը:
Մայիսին իր հիմնադրության 30-ամյակը տոնած և ավելի քան 600 անդամներ ունեցող Ամերիկահայ բժշկական միության նպատակն է մարդասիրական զանազան միջոցառումներով նպաստել հատկապես Հայաստանի և Սփյուռքի հայության առողջապահությանը: Միության մասին հավելյալ տեղեկությունների համար այցելել www.aamsc.com կայքը: