Լրագրող-բանաստեղծը

ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովին Հունաստանից մասնակցում էր Աթենքի «Նոր աշխարհ» թերթի խմբագիր Զավեն Գրիգորյանն, ով հաճելիորեն զարմացրեց իր բանաստեղծական ձիրքով՝ համաժողովի ընթացքում ինձ հանձնելով իր գեղեցիկ բանաստեղծությունը, որը սիրով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի ընթերցողների ուշադրությանը:
ԷՋՄԻԱԾԻՆ
Լոյս ծագեցաւ հայաստանեաց կողմ աշխարհի
Հայոց աշխարհն դարձաւ խորան Քըրիստոսի
Յավերժութեան շողերու մէջ Աստուած իջաւ
Հայաստանեայց Եկեղեցին հաստատուեցաւ:
Աստուածային զարմանահրաշ լոյս յայտնութիւն
Քըրիստոսի իջման սեղան՝ Էջմիածին ,
Սրբազնագույն խորհրդաւոր վեհ պատարագ՝
Կենդանի խաչ՝ հըրաշքի խօսք Էջմիածին:
էջմիածնի « Լոյսն փառաց» որ խոսեցաւ,
Համայն մարդկանց սիրոյ մասին ու փրկութեան,
Լուսաւորչի հըրաշափառ երկնի տեսիլք՝
Քըրիստոսի ձեռամբ կերտուած Էջմիածին:
Լուսակոթող անմահութեան ըշտեմարան,
Խունկ ու աղօթք ճառագայթող Էջմիածին,
Շնորհազարդ հայրապետացըն վեհարան
Համայն հայոց Մայր Աթոռն ես, Է՛ջմիածին:
Դուն պանծալի Ատուածակերտ աղօթարան՝
Հաւատքի վէմ՝ յոյսի աղբիւր Էջմիածին,
Հայ հոգիին կեանք ճաճանչող մկրտարան՝
Մեր նոր ուխտի կտակարան Էջմիածին:
Զանգակներուդ ղօղանջին մէջ՝ շարականներ.
Զաւակներուդ ուխտի ճամբայ, Էջմիածին
Մեր մեծ դատի երդըմնառու աղօթագիրք,
Յաղթանակի անշէջ կրակ Էջմիածին:
Ազատութեան ու ազգային խոր հաւատքի՝
Դու ոսկեգիր աւետարան Էջմիածին,
Դուն ըստեղծիչ անկախութեան քաջ ոգիին՝
Գաղափարի ուսումնարան Էջմիածին:
Դուն կամրջող ջինջ ծիածան՝ համայն հայոց
Աշխարհասփիռ տարագըրեալ զաւակներուդ,
Դուն ազգային գիտակցութեան մտքի դարբնոց՝
Մշտադալար աստղափթիթ Էջմիածին:
Աստուածաշունչ պատգամներդ սերունդներուն
Եղան ոգի ու կամք անյաղթ, Էջմիածին
Դուն հայ ցեղի արեան կանչի հաղորդարան՝
Մեր նոր երթիւ յավերժ տեսիլ, Էջմիածին:
Դարեր կուգան, դարեր կ՛անցնին, Էջմիածին,
Դուն կը մնաս «Խորհուրդ խորին», Էջմիածին: