«Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի հայտարարությունը

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին նվիրված «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի աջակցությամբ։  

Համաժողովը հանգամանորեն քննարկեց հետևյալ խնդիրները

-Համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերը և լրատվամիջոցների համագործակցության ուղիները` ճգնաժամային պայմաններում:

-ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների և սփյուռքյան կառույցների համագործակցության ուղիները:

-Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում:

-Հեռուստատեսության, ռադիոյի և էլեկտրոնային մամուլի համագործակցության հեռանկարները:

-Հայկական սփյուռքի գործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում:

-Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ առնչվող խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում

Լրագրողների համաժողովը հաստատեց, որ համաժողովների հետևողական քննարկումները, ՀՀ-Արցախ-Սփյուռք համագործակցության խնդիրների շուրջ համահայկական լրատվամիջոցների համախմբումը հանգեցրին գործնական արդյունքների. Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դրսևորելով միասնական հզոր ուժ և պատասխանատու վարքագիծ՝ հայկական լրատվամիջոցները, մոտ  10 ժամ կաթվածահար անելով հակառակորդի լրատվամիջոցների գործունեությունը, աշխարհին մատուցեցին արցախյան իրադարձությունների վերաբերյալ ճշմարիտ տեղեկատվություն։

Համաժողովը առաջնային համարեց՝

  1.  Աշխատանքները նպատակաուղղել Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջազգային վարկի բարձրացման, Հայաստանի և հայության մասին համաշ­­խար­հա­յին տեղեկատվական տարածքում դրական կարծիքի  ու կերպարի ձևավոր­ման ուղղությամբ։ Այդ նպատակով համագործակցել բազմազգ ընթերցողներ ունեցող երկրների օտարա­լեզու լրատվամիջոցների լրագրողների հետ և հնարավորինս հաճախակի դարձնել նրանց այցելությունները Հայաստան։
  2.  Հայ լրագրողական մարդուժի ցանցային հնարավորությունների լիարժեք օգտագործման և  լրագրողական մասնագիտական ներուժի համախմբված աշխատաոճի որդեգրման և զարգացման, պետական և համազգային տեղեկատվական ռեսուրսների լիարժեք օգտագործման միջոցով արդի տեղեկատվական ահռելի հոսքը նպատակաուղղել  ի նպաստ հայի և Հայաստանի:
  3. Հայկական ԶԼՄ-ներն իրենց առաքելության մեջ այսուհետ ևս էական տեղ պետք է հատկացնեն տարբեր ձևերով հայոց հարուստ և հնամենի պատմության ու մշակույթի պահպանմանը և հանրահռչակմանը, ինչպես նաև հայապահպանության, հատկապես Հայոց լեզվի անաղարտ պահպանման համար նոր միջոցներ որդեգրելուն:
  4. Շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը նպաստող տեղեկատվության, Հայ դատի, Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված զարգացումների լուսաբանումը, վերլուծել և համակարգել լրատ­վամի­ջոցներում առկա փաստական նյութերը: 

Համաժողովի մասնակիցները որոշեցին

-Համահայկական լրատվամիջոցներով սկսել «Դո՛ւ ի՞նչ ես արել Ղարաբաղի համար» խորագրով շարժում՝ ողջ աշխարհի հայությանը հանձնառու դարձնելու ԼՂՀ-ին օգնելու, ներդրումները խթանելու, ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական, գիտակրթական և մշակութային կյանքը առավել զարգացնելու առումով։

-Քարոզել, ներկայացնել և հետևողականորեն բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

-Միջոցներ գտնել օտարալեզու մամուլի ներկայացուցիչներին գործուղելու Ղարաբաղ՝  ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու համար։

-Նպատակաուղղված աշխատանքներ տանել հայաստանակենտրոն Սփյուռքի մասնագիտական կազմակերպման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և Հայրենիքի հզորացման համար Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի ջանքերը մեկտեղելու համար։ 

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներ

Scroll Up