Արցախյան ղողանջներ. Անակնկալ, որ չէի սպասում այդ աշակերտներից

Վերջերս տարակարծություններ կային, որ հայոց լեզվի նկատմամբ այնքան էլ հետաքրքրություն չկա, կարծես աշակերտների մոտ մարել է սերը այդ առարկայի հանդեպ: Ես, կարելի է ասել, նույն հետաքրքրությամբ դրդված` հարց ուղղեցի իմ աշակերտներին տարբեր դասարաններում, թե ինչպես են տրամադրված առարկայի նկատմամբ: Այսօր ես հարմար եմ գտնում թույլ կարողությունների տեր 11-րդ դասարանի երեք աշակերտի գրած տողերից մեջբերում կատարել, որոնք կարդացի շատ մեղմ ժպիտով, նաև շնորհակալական զգացումով: Նրանք այն աշակերտներն են, որոնց ես հաճախակի դիտողություն եմ անում, երբեմն էլ նրանք զերծ չեն մնում անբավարար գնահատականներից:
Պետրոսյան Գոռ –«Կարծում եմ հայոց լեզուն այն առարկան է, որ եթե չուզես էլ, պիտի սովորես, անպայման պիտի սովորես, որ այս կյանքում կարողանաս հասնել ինչ-որ բանի: Իսկ մեր ուսուցչուհի Պողոսյանի բացատրածն ամենաանխելք աշակերտն էլ կհասկանա»:
Ուզում եմ ասել Գոռին, որ շնորհակալ եմ այս խոսքերի համար, ես այնպես հասկացա, որ իմ աշակերտի վաստակած այն նվազագույն դրական գնահատականը, որ երբեմն ստանում է նա, իմ բացատրածի արդյունքն է, որ ընդամենը լսել է նա, բայց որքան լավ արդյունքի կհասեր, եթե երբեմն հայոց լեզվի դասագիրքն էլ բացեր…
Հարությունյան Հարություն-«Հայոց լեզուն շատ պետքական առարկա է, յուրաքանչյուր հայ պետք է տիրապետի իր լեզվին: Չնայած ես լավ չեմ սովորում, բայց սիրում եմ այդ առարկան դասավանդող ուսուցչուհուն: Երբեմն նա բարկանում է, որ դաս չեմ սովորում, պատահում է, որ ես վիրավորվում եմ նույնիսկ, բայց հետո հասկանում եմ, որ նրա դիտողությունները տեղին են ու գիտակցում եմ նաև, որ պիտի այդ առարկան սովորեմ»:
Ինչ լավ է, որ իմ աշակերտը` գիտակցել է, որ պիտի հայոց լեզու սովորի, առավել շատ զարմացած եմ, որ նա սիրում է իրեն դասավանդող ուսուցչուհուն: Իսկ ես այդ դասարանում երևի ամենաշատը Հարությունին եմ դիտողություն անում, որ անուշադիր է, ցրված, անպատրաստ: Ես հուսով եմ, որ նա այուհետ դաս կսովորի, դեռ ինձ զարմացնելու շատ առիթներ կլինեն, բայց գիտի՞ իմ աշակերտը, որ ուսուցչուհուն սիրելու վարձատրությունը նրա դաս սովորելն է:
Մամունց Հակոբ-«Չնայած հայոց լեզուն ամենակարևոր առարկան է, բայց ես սիրում եմ գրականությունը, որը շատ հետաքրքիր է: Ես լավ չեմ սովորում հայոց լեզուն, անկեղծ ասած` ինձ համար, կարծում եմ, կարևոր չէ, որ իմանամ գոյականի հոլովները կամ ասենք` նախադասության ձևաբանական վերլուծությունը: Ինչու՞ չեմ սիրում դրանք, չգիտեմ, գուցե ծույլ եմ, դա՞ է պատճառը»:
Ես գիտեմ, որ Հակոբը շատ բարի, ազնիվ ու անկեղծ աշակերտ է: Լավ մարդ դառնալու համար, իհարկե, կարևոր չէ գոյականի հոլովներն իմանալը, բայց ես ուզում եմ իմ աշակերտին ասել, որ շատ դյուրին ձևով են ընկալվում այդ հոլովները և մյուս դասանյութերը, ուղղակի մնում է չվախենալ ու չհամարել, որ կա մի բան, որ կարելի է չհասկանալ, երբ նախադասությունների մեջ միշտ էլ գործածվում է, ու բառը հոլովվում, և հանկարծ այն դառնում է տղայի կամ տղային, տղայից կամ տղայով…
Հուսով եմ, որ իմ աշակերտները շուտով կիմանան այս հրապարակման մասին, որն էլ առիթ կտա, որ նրանք ավելի ուշադիր լինեն առարկայի հանդեպ, բայց հարմար գտա այդ դասարանի այս խմբանկարը տեսանելի դարձնել` չառանձնացնելով նրանց, նաև համոզված, որ նրանք հայոց լեզվի թույլ իմացությամբ էլ հայրենիքին նվիրված ազնիվ զինվորներ ու հրաշալի մարդիկ կդառնան:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»