Ղարաբաղը մշուշի միջից

«Եթե ձեզ հնարավորություն տրվեր ընտրություն կատարել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման եւ Հայաստանին վերամիավորվելու միջեւ, Դուք ո՞րը կընտրեիք»,-հոկտեմբերի 22-ին Ղարաբաղում կայացած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակներում ԼՂՀ նախագահի նստավայրում կայացած հանդիպման ժամանակ հարցրեցի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: «Ես կարող եմ կտրուկ եւ միանշանակ պատասխանել այդ հարցադրմանը:

Չեմ կարծում, որ լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն կա»,-առանձնապես անակնկալի չգալով՝ նկատեց Բակո Սահակյանը, միաժամանակ ավելացնելով. «Մենք ոչ միայն երազում ենք միացյալ Հայաստանի մասին, այլեւ մեր ամբողջ կյանքը նվիրված է դրան: Մեր քաղաքացիների ամբողջական կարծիքն է դա, եւ ոչ միայն արցախցիների տրամադրությունն է արտահայտում այն: Դա ոչ միայն Արցախի ժողովրդի, այլեւ ողջ հայ ժողովրդի ցանկությունն է»:

Երեւան-Ստեփանակերտ ճանապարհի վերջին երկու ժամը հոկտեմբերի 22-ին մեր ավտոբուսներն անցան անթափանց մշուշի միջով: Մենք Ղարաբաղ էինք մեկնում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Կեսգիշերին մոտ Ստեփանակերտից Շուշի տանող ոլորաններում մշուշն ավելի թանձրացավ, ոլորաններից այն կողմ ձորերն ու վիհերը պատված էին անթափանց սպիտակով, եւ այնպիսի տպավորություն էր, թե ավտոբուսն իրականում քայլող ինքնաթիռ է, որ դանդաղորեն բարձրանում է Շուշվա բարձունք՝ Ղարաբաղում իմ ամենասիրելի վայրը: Համաժողովի ծրագիրը ծանրաբեռնված էր, ժամանակը՝ քիչ, Ղարաբաղը տեսնելու հնարավորությունը գրեթե բացառվում էր, այդ իսկ պատճառով ստիպված էինք գիշերով տեսնել Շուշին՝ ղարաբաղյան հաղթանակի ապրող, շնչող, իրական խորհրդանիշը: Կեսգիշերին մոտ մի քանի հայաստանցի եւ սփյուռքահայ լրագրողներով քայլում էինք դեպի Շուշվա Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցի, որը մեր՝ «Ավան Շուշի պլազա» հյուրանոցից 15 րոպե հեռավորության վրա էր: Սպիտակ մշուշի միջից սպիտակավուն եկեղեցին գրեթե չէր երեւում: Կեսգիշերային լռությունը, թանձր մառախուղը, բարձունքի հմայքն անասելի խորհրդավորություն էին հաղորդում Շուշիին: «Ազատագրված յոթ շրջանների հետագա կարգավիճակի շուրջ արդյո՞ք տարաձայնություններ կան պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ»,- հանդիպման ժամանակ հարցրեցի Բակո Սահակյանին: Ենթադրում էի, որ ԼՂՀ նախագահն առնվազն կասի, որ Երեւանը պետք է հաշվի նստի Ստեփանակերտի հետ. նման պատասխանը նշանակում էր, որ Երեւանի պարտվողական քաղաքականության հետ Ստեփանակերտում համաձայն չեն: Սակայն ԼՂՀ նախագահն անսպասելի պատասխան է տալիս. «Մենք չենք կարող տարաձայնություններ ունենալ ՀՀ քաղաքական իշխանության հետ արցախյան խնդրի շուրջ: Ի դեմս արցախյան խնդրի, մենք ունենք համազգային նշանակության խնդիր:

Ազատագրական շարժման առաջին օրվանից մենք այդ պայքարի մասնակիցն ենք: Ես բացառում եմ տարաձայնությունները: Պատասխանատվությունը կրում ենք մենք բոլորս»: Մի քանի մետրից հանկարծ երեւում է Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին: Թվում է, թե Վահան Տերյանը հենց այս պահի համար է գրել՝ «Մշուշի միջից,-տեսի՜լ դյութական»: Եկեղեցին ինձ վերադարձնում է 1993թ. օգոստոս, երբ առաջին անգամ տեսա նրան՝ հողածածկ գետնով, մրից գորշավուն դարձած պատերով, ներսում՝ գմբեթի վրա ռուսերենով գրված «Գորոդ Խանլար» գրությամբ երբեմնի ադրբեջանական զինապահեստը: Մոտենում եմ եկեղեցուն, ձեռքս աննկատ սահեցնում եմ պատի վրայով եւ կիսաձայն ասում. «Բարեւ, ես եկել եմ»: «Ո՞րն է ամենակարեւոր դասը, որ Դուք՝ որպես ԼՂՀ նախագահ, քաղել եք ապրիլյան պատերազմից»,-հարցնում եմ Բակո Սահակյանին: Նա խոսում է ցածրաձայն, հանդարտ, հարցերի ձեւակերպումներից չի նեղվում, բայց, ի պատասխան, ձայնն ավելի է ցածրացնում: «Մենք դասեր քաղել ենք: Եվ այս շրջանում մեր հիմնական աշխատանքն ուղղված է անվտանգության ապահովմանը, զինված ուժերի նոր ստորաբաժանումների ձեւավորմանը: Քառօրյա պատերազմը ստիպել է վերանայել մեր աշխատանքները: Աշխատանքներում ներգրավել ենք նաեւ գիտական աշխարհի ներկայացուցիչներին: Մենք շարունակում ենք իրականացնել աշխատանքներ առաջնագծի հատվածի ամրապնդման ուղղությամբ: Մենք ամբողջությամբ վերանայել ենք մեր ռազմավարությունը»,- ի պատասխան՝ նշում է ԼՂՀ նախագահը: Լրագրողներից մեկը բարձրաձայն երազում է՝ «Եթե դուռը բաց լիներ…», եւ դուռը հրում է: Եկեղեցու դուռը բաց էր: Ներսում ոչ ոք չկար, մթան մեջ մի քանի մոմեր էին միայն առկայծում: Եկեղեցին, թվում է, մեզ սպասում էր: Ներս ենք մտնում, միասին բարձրաձայն «Հայր մէր» ենք ասում, հետո լրագրող տղաներից մեկը հոգեւոր երգեր է միացնում բջջային հեռախոսով: Եկեղեցին կարծես արթնանում է, թեպետ նա ոչ թե քնած էր, այլ՝ լուռ: Նորա Յակուբյանը՝ Լոս Անջելեսից, ով կանադահայ «Հորիզոն» շաբաթաթերթի թղթակիցն է, բոլորիս խնդրում է կանգնել շատ մոտ եւ բարձրաձայն դողացող ձայնով սեփական աղոթքն է ասում. «Մեր Տեր Աստված, մենք մեկ հայրենիք ունենք, պահպանիր նրան, խաղաղություն տուր նրան: Թող էլ ոչ մի հայ չմեռնի պատերազմից աշխարհի ոչ մի ծայրում»:

Բոլորը լուռ են, հեռախոսների լույսերը լուսավորում են մեր դեմքերը, եւ ես տեսնում եմ, թե ինչպես են արտասվում նաեւ տղաները: Հույսը, ցավը, սերը խեղդում են, ու ես զգում եմ, որ չեմ կարող դիմանալ: Դուրս եմ գալիս եկեղեցուց, դրսում թույլ անձրեւ է մաղում, մառախուղը մի փոքր ցրվել է: Հակոբ Բալյանը՝ «Բագին» ամսագրի նախկին գլխ. խմբագիրը, Բակո Սահակյանին հարցնում է տարածքների վերաբնակեցման մասին, նշելով, որ այս դեպքում օրինակի ուժը վարակիչ է. «Ինչո՞ւ Ղարաբաղի նախկին ղեկավարները չեն վերադառնում եւ բնակվում Ղարաբաղում, ինչպե՞ս կարելի է ուրիշներից պահանջել, եթե ինքդ դա չես անում»: Ի պատասխան՝ ԼՂՀ նախագահը նշում է, որ ժամանակին եկածների մի մասը թողել-հեռացել է: Այժմ 200 սիրիահայ փախստականների ընտանիքներ են վերաբնակցվել Ղարաբաղում: «Ես չեմ ուզում, որ մեր քայլերը ձեւական բնույթ կրեն: Եթե մարդկանց հրավիրում ես, պետք է նաեւ պայմաններ ստեղծես: Մեզ ժամանակին թվացել է, որ եթե վերաբնակեցման ծրագրերով համայն հայությանը հրավիրենք մասնակցելու, մեծ արդյունքներ կունենանք, բայց արդյունքներն ամոթալի են: Մենք ընդամնեը 10 մլն. դոլար հավաքեցինք»:

«Ավելի նախընտրելի արժեք, քան հայրենիքն է, մենք չենք գտնի: Մենք երջանիկ ենք, որ ազատագրել ենք մեր հայրենիքը»,-հարցն ամփոփում է Բ. Սահակյանը: ԼՂՀ նախագահի ետեւում գրեթե մինչեւ առաստաղ հասնող ԼՂՀ պետական դրոշներն էին, եւ երբ հայ լրագրողները հանդիպումից հետո շրջապատեցին Բակո Սահակյանին, Ղարաբաղի դրոշի շախմատաձեւ սպիտակ ճեղքն ամբողջությամբ փակվեց-անհետացավ: Եվ դահլիճից դիտելիս այն տպավորությունն էր, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշներն էին ժամապահների պես անթարթ ու ձիգ նայում լուսանկարվելու 15 րոպեների ընթացքում Հայաստանը, Ղարաբաղը եւ Սփյուռքը միավորած հայ լրագրողներին: Ես դահլիճից նայում եմ նրանց եւ մտածում եմ, որ աշխարհում ինձ համար Հայաստանի չափ թանկ ու սիրելի երկիր միայն Հայաստանը կարող է լինել: Եվ այդ Հայաստանը Ղարաբաղն է։

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Scroll Up