«Իսկական լրագրողն ու խմբագիրն իմ պատկերացումներում պետք է հանրագիտարանային գիտելիքներ ունենա». Ասպրամ Ծառուկյան
«Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետաքրքիր նախաձեռնություններից է, որի շրջանակներում քննարկվեցին լրատվադաշտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, ձևավորվեցին նոր ծանոթություններ, հիմք դրվեց գործընկերության նոր հարաբերությունների, եղան հետաքրքիր առաջարկներ, քննարկումներ: Իրենց լրագրողական փորձառությամբ ու տարիների վաստակով հայտնի սփյուռքյան և հայաստանյան լրագրողների մասնակցությունն այդ համաժողովին մեկ անգամ ևս ընդգծեց, որ լրագրողը նախկին չի լինում, որ նա կենսունակ, պրպտող ու հետաքրքիր գաղափարներ առաջ քաշող պետք է լինի, որ նրանից կարելի է և պետք է սովորել: Այդպիսի մի վաստակաշատ լրագրողի՝ գրող, հրապարակախոս, խմբագիր, ՊՆ-ի լրատվական դաշտի երկարամյա (ՊՆ աշխատակազմի հրատարակչական բաժնի խմբագիր) աշխատակցուհի Ասպրամ Ծառուկյանի հետ էլ ծավալվեց իմ զրույցը «Հայերն այսօր»-ի համար:
-Հարգելի՛ Ասպրամ Ծառուկյան, արդյոք այս համաժողովները կարո՞ղ են ինչ-որ չափով նպաստել լրագրողական դաշտի զտմանն այնպես, որ մնացորդն ադամանդ լինի միայն:
-Կուզենայի հավատալ. համենայն դեպս, իմ ներքին ձգտումը դա է: Համաժողովին մի լավ ելույթ հնչեց՝ Չեխիայից Աննա Կարապետյանն էր, ինձ հիացրեց նրա սթափ վերլուծականը՝ թե ինչպես մենք հաճախ խարխափում ենք միջակության սահմաններում, որի պատճառով ունենում ենք սայթաքումներ, այսինքն՝ երբեմն Արցախի մասին հրատապ լուրեր հրապարակելիս օգտվում են ադրբեջանական աղբյուրներից, որը շատ ցավալի է: Ես ինքս էլ ընթերցելով, դիտելով լրատվություն, մի տարօրինակ խառնաշփոթ եմ զգում. ով ասես՝ սահման չգնաց ու ինչ ասես՝ չբերեց ներկայացրեց՝ ընդհուպ ռազմական գաղտնիք: Այս առումով մի հզոր ազդակ է հարկավոր, վերահսկողություն, որպեսզի անգիտությունը, ամենաթողությունը, ոչ արհեստավարժությունը կամայականորեն չշարժի իր գրիչը: ժամանակը հասունացել է և այս առումով անպայման շրջադարձային փոփոխություններ են անհրաժեշտ:
-Որպես Պաշտպանության նախարարության երկարամյա խմբագիր, լրագրող՝ Դուք առնչվել եք տարբեր լրագրողների հետ, ի՞նչ եք կարծում, արդյոք այսօր չի՞ պակասում արհեստավարժ լրագրողի տեսակը:
-Արհեստավարժությանը զուգահեռ՝ կուզենայի ընդգծվեր լրագրողի շիտակ դրսևորումը, ազնվությունը: Դեռևս խորհրդային տարիներին լրագրողը կարող էր մի պարզ, հասարակ բանվորուհու նամակի ետևից գնալ, ամիսներով զբաղվել այդ խնդրով, հասնել ամենավերին օղակներ և լուծել ՝ասենք մի աշխատավորի բնակարանի խնդիր…Այսօր ես չգիտեմ, թե արդյոք կա՞ն այդպիսի լրագրողներ, ովքեր մի հասարակ մարդու համար կարող են ամիսներով դռներ ծեծել, նյարդեր փչացնել և հասնել արդյունքի: Այդ առումով ես պակասը զգում եմ: Անշուշտ, նորերի մեջ էլ կան լավ լրագրողներ, ճարպիկ, լավ գրիչ ունեցողներ, հրաշալիորեն նորարարական տեխնոլոգիաներին տիրապետողներ, բայց մի կարևոր բան, այնուամենայնիվ, պակասում է:
-Ունենք արևելահայ ու արևմտահայ լեզվով լրատվամիջոցներ. համագործակցության համար արդյոք մեկը մյուսին չե՞ն խոչընդոտում՝ լեզվական տարբերությունների առումով:
-Ինքս այդ առումով երբևէ չեմ դժվարացել, լեզվի այդ պատնեշը չունեմ, որովհետև մեր թաղամասում ապրում էին պոլսահայեր, իմ ականջին միշտ հնչում էր չքնաղ , արծաթ արևմտահայերենը: Կարելի է և պե՛տք է մեր արևելահայ լեզվով տպագրվող մամուլում ներառել նաև արևմտահայերենով նյութեր. մենք չպե՛տք է կորցնենք այդ հարստությունը:
– Քանի որ Դուք լրագրող ու նաև երկարամյա խմբագիր եք, կներկայացնե՞ք Ձեր դիտանկյունից իսկական լրագրողին, խմբագրին բնորոշ հատկանիշները:
-Երևի զարմանաք, սակայն ես շատ եմ կարևորում լրագրողի բանիմաց-համեստ տեսակը. երբեմն լսում եմ չիմացյալ բարձրագոչ խոսքեր, զավեշտի հասնող չիմացություն, տեսնում եմ վերամբարձ կեցվածքներ, զարմանում եմ երբեմն ու շատ եմ տխրում, զայրանում, երբ երիտասարդ լրագրողը չի ճանաչում մեր մեծերին, բայց հավակնում է ներկայանալ իբրև լրագրող և ամենուր բարձրաձայնում է այդ մասին: Իսկական լրագրողն ու խմբագիրն իմ պատկերացումներում պետք է հանրագիտարանային գիտելիքներ ունենա, հրաշալի տիրապետի հայոց լեզվին, մեր պատմությանը, քաղաքականապես գրագետ ու պատրաստված լինի: Սրա՛նք են իմ սպասելիքները:
Զրուցեց Կարինե Ավագյանը