Առանց մայրենիի ժողովուրդ գոյություն չունի. «համշենցի հայ» ուսումնասիրող Շահին

Գրող, հետազոտող Շահինը նշում է, որ ուծացումը սկսում է մայրենիի ոչնչացմամբ: Լեզուն սոցիալական երևույթ է: Շահինը համշենցիների ուշադրությունը հրավիրում է մայրենիով կրթության խնդրին: Շահինը բոլոր համշեցիներին կոչ է անում «առաջիկայում, առանց ժամանակ կորցնելու, մի լավ պատրաստված և համապարփակ համշենցիների կոնֆերանս կազմակերպել և բացահայտ կերպով քննարկել բոլոր խնդիրները»:

Հետազոտող, գրող և ակտիվիստ Հուրիյե Շահինը, ով իրեն բնութագրում է որպես «համշենցի հայ», ծնվել է Արդվինի Խոփայում: Շահինի հեղինակած «Ինչպե՞ս է ուծացման քաղաքականությունը վերացնում լեզուները. ի մասնավորի հայոց պատմությունը և Համշենի հայերը» վերնագրով գիրքը հրատարակվել է «Յորդամ» հրատարակչության կողմից: Հուրիյե Շահինի հետ զրուցեցինք պատմության ընթացքում Համշենի և համշենահայության գլխին եկածների, ինչպես նաև գրքի գլխավոր թեմա հանդիսացած մայրենի լեզվի մասին:

Հուրիյե Շահինը նախ խոսքն սկսում է այն տարածքի աշխարհագրական սահմանները գծելով, որի անվանումը հայկական «Համշենն» է, և որն ուծացման քաղաքականության հետևանքով վերածվել է «Հեմշինի»՝ «Ներկայիս Ռիզեն, Հեմշինը, Չամլըհեմշինը և Փազարն իրականում Համշենի շրջաններն են: Սակայն համշենցիները չեն ապրել միայն այս աշխարհագրական սահմաններում: Համշենցիները բնակվում էին նաև Արդվինի Խոփա և Բորչկա գավառներում: Դարեր շարունակ ուծացման և ճնշման քաղաքականության հետևանքով համշենցիները սփռվել են Թուրքիայի չորս ծագերով մեկ»:

Աշխարհասփյուռ համշենցիներ

Շահինը նշում է, որ Թուրքիայից դուրս՝ մասնավորապես Ռուսաստանում, համշենցիները հայտնվել են 1700-ական թթ. Արևելյան Սև ծովի ժողովուրդների օսմանյան բռնի իսլամացման քաղաքականության շրջամակներում տեղի ունեցած կոտորածներից խուսափելու պատճառով. «Նրանց մի մասն էլ հաստատվել է Հայաստանում: Եվ դեռևս այնտեղ է բնակվում: Վրաստանի Բաթում քաղաքում ևս կային իսլամացած համշենցիների 5 գյուղեր, որոնց բնակչությունը Ստալինի օրոք աքսորվեց Ղազախստան: Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք թեև ցանկացել են վերադառնալ իրենց բնակավայրեր, սակայն այս անգամ էլ վրացիները թույլ չեն տվել: Հետևաբար խոսքը գնում է աշխարհասփյուռ համշենցիների մասին»:

Շահինը հրապարակում է նաև համշեներեն և թուրքերեն «Համշենցու գոր» ամսագիրը, որտեղ անդրադառնում է Համշենի կյանքին, մշակույթին, կրոնին, լեզվին, անցյալում ստեղծված գրական արժեքներին՝ հեքիաթներ, ժողովրդական խաղիկներ՝ թյուրքյուներ: Շահինը հայտնում է, որ գիրքը լույս է ընծայել, որպեսզի կարողանա ուշադրություն հրավիրել այն թեմայի վրա, թե ուծացման քաղաքականությունն ինչպիսի ազդեցություն է ունենում լեզվի վրա:

«Թուրքերը ևս ուծացման են ենթարկվում»

Գրքում Շահինն անցում է կատարում ընդհանուրից մասնավորի՝ սկսելով ձուլման քաղաքականությունից, և հասնում է համշենահայերի ուծացմանը. «Գրքի նախաբանը նվիրված է մարդու ձևավորման գործընթացին: Լեզուներն ինչպե՞ս են ստեղծվել: Մարդկանց աշխատանքի զարգացմանը զուգահեռ առաջացել է նրանց կրոնը: Ինչպե՞ս է քրիստոնեությամբ և իսլամով սկսվել մարդկանց ուծացման գործընթացը: Հատկապես գրել եմ, թե օսմանցիներն ինչպես են թուրքերի նկատմամբ ուծացման քաղաքականություն վարել, քանի որ թուրքերի ուծացումը դեռևս շարունակվում է: Որևէ մեկն այս հարցը չի ուսումնասիրում, չի նկատում: Անդրադարձել եմ նաև, թե ինչպես են ալևիներին ձուլում սուննիներին»:

Ոչ թե կրոնայլլեզու

Անդրադառնալով նաև «իսլամացված հայերի» թեմային՝ Շահինը նշում է. «Աշխարհում կան նաև այլ հանրություններ, որոնք միավորված են ոչ թե կրոնական, այլ` լեզվական գործոնի շուրջ: Կրոնը չպետք է խառնել էթնիկ ծագման հետ: «Մուսուլման հայ չի կարող լինել» պնդումը ճիշտ և գիտական մոտեցում չէ: Մենք պարտավոր ենք այս ոչ շահավետ դրությունը հաղթահարել: Պետք է, որպես հայեր և համշենցիներ, առաջնային պլան մղենք ոչ թե մեր կրոնը, այլ` լեզուն»:

Հուրիյե Շահինը շեշտեց, որ շատ կարևոր է՝ «առաջիկայում, առանց ժամանակ կորցնելու, մի լավ պատրաստված և համապարփակ համշենցիների կոնֆերանս կազմակերպել և բացահայտ կերպով քննարկել այս բոլոր խնդիրները»:

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net

Scroll Up