Բեռլինում Էրդողանին հրավիրել են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 13-ին Բեռլինում կներկայացնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ծրագիրը:
Համերգին հրավիրված է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «Ակոս» պարբերականը:
Հրավիրյալների շարքում են նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և մշակույթի նախարար Նաբի Ավջըն:
«Աղետ» ծրագրում կհնչեն Զեյնեթ Գեդիզիօղլուի (Թուրքիա), Վաչե Սարաֆյանի (Հայաստան) և Հելմուտ Օհրինգի (Գերմանիա) ստեղծագործությունները։
Թուրքիան իր հերթին հայտարարել է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրից հրաժարվելու մասին, քանի որ վերջինս աջակցում է «Աղետ» նախագծին: Նախագծին աջակցելու մասին հայտարարել է անգամ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Այս նախագիծը հրավիրում է հանդիսատեսին դուրս գալ ատելության աշխարհից: Ես վստահ եմ, որ միայն այն մարդիկ, ովքեր իմանում և ճանաչում են մյուսների երազներն ու տրավմաները, կարող են նպաստել պայծառ ապագայի հաստատմանը: «Աղետ» նախագիծն այս ճանապարհին ամենակարևոր հիմնաքարն է»,- նշել է Շտայնմայերը: