Կրթական ոլորտում սիրիահայերին ցուցաբերված Սփյուռքի նախարարության աջակցությունը

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ 2012-2016 թվականներին ՀՀ սփյուռքի նախարարություն կրթական հարցերով դիմել է Հայաստանում հաստատված շուրջ 2500 սիրիահայ: Սիրիահայ երեխաների դպրոց և մանկապարտեզ ընդունելության դիմումները քննարկվում են արտահերթ: Այս տարիների ընթացքում շուրջ 400 երեխա արտահերթ տեղավորվել է Երևանի մանկապարտեզներում, իսկ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում է շուրջ 2000 սիրիահայ երեխա:

Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՍԴՀԿ աջակցությամբ 2012-2013 թվականներին կազմակերպվել է սիրիական ծրագրով դպրոց՝ 300 սիրիահայ աշակերտի համար:

Հայաստանում հաստատված սիրիահայերի համար կազմակերպվել են արևելահայերենի և ռուսերենի արագացված դասընթացներ:

Սիրիահայերի ընդունելությունը ՀՀ բուհեր իրականացվում է հեշտացված կարգով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ընդառաջում է Սիրիայում բուհական ուսումը կիսատ թողած սիրիահայ ուսանողներին՝ հայաստանյան բուհերում նույն մակարդակից (կուրսից) ուսումը շարունակելու հարցում:

2012-2013 թվականների ուսումնական տարում սիրիահայ շուրջ 350 ուսանողի վարձավճարները փոխհատուցվել են ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի, 2013-2014 թվականներին սիրիահայ շուրջ 400 ուսանողի վարձավճարները՝ ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության և Քուվեյթի կառավարության, 2014-2015 թվականներին սիրիահայ 420 և 2015-2016 թվականներին սիրիահայ 447 ուսանողի վարձավճարները՝ ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ:

 

Scroll Up