«Որդեգրիր մի գյուղ». ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում անցկացվեցին մի շարք միջոցառումներ

Սեպտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզում էր հյուրընկալվել «Որդեգրիր մի գյուղ» նախագծի հեղինակ,  Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի Լեն Ուիքսը: Վերջինիս հեղինակած նախագիծն ուղղված է Հայաստանի գյուղական վայրերի և Հայկական սփյուռքի միջև կապի, համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ նախագծի շրջանակներում առաջին կանգառը Ռինդ համայնքում էր, որտեղ կազմակերպվել էր տոնական յուրատեսակ միջոցառում: Ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Ռինդի համայնքապետ Հուսիկ Սահակյանը, Ելփին, Չիվա, Արենի համայնքների ղեկավարները, բազմաթիվ վայոցձորցիներ, զբոսաշրջիկներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ռինդ և Չիվա համայնքներ տանող ճամփաբաժանի մոտ տեղադրվեց «Կարաս» քարակերտ կոթողը, որն իրենից ներկայացնում է 7 տարբեր չափերի կարասներ՝ որոնք միմյանց միացված են խաղողի ողկույզի տեսքով: Արարողության ժամանակ բացվեց նաև Մուշեղ Գասպարյանի հեղինակած 125 մետր երկարությամբ Եռագույնը:

Այնուհետև տեղի ունեցավ Ռինդ համայնքի մանկապարտեզի խաղահրապարակի բացման արարողությունը: Ռինդում միջոցառումների շարքը եզրափակվեց գյուղի դպրոցի բակում կազմակերպված ծառատունկով:

«Որդեգրիր մի գյուղ» ծրագրի շրջանակներում միջոցառումներ իրականացվեցին նաև Արենի և Շատին համայնքներում: Արենի գյուղի մուտքի մոտ տեղադրվեց համայնքի տեսարժան վայրերը ներկայացնող քարտեզ, որը զբոսաշրջիկների համար կծառայի որպես ուղեցույց: Արենիի միջնակարգ դպրոցին տրամադրվեցին անգլերենի դասագրքեր, որից հետո գյուղում կազմակերպվեց ծառատունկ: Արենի համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց աջակցության համար և հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Հավելենք, որ «Որդեգրիր մի գյուղ» ծրագրի հեղինակ Լեն Ուիքսը նաև  «Ծագումը: Բացահայտում» վեպն է հեղինակել, որը գրելու շարժառիթ է հանդիսացել իր հայ կնոջ հայկական արմատներն ու հայ ժողովրդի պատմությունը: Գիրքը բաղկացած է երեք մասից՝ «Առանցքի երկրների վերելքը», «Ազատ աշխարհի պաշտպանությունը» և «Մարդկային էության բացահայտումը»:

«Ծագումը: Բացահայտում» վեպի իրադարձությունները ծավալվում են համաշխարհային պատմության մեծագույն հակամարտության ժամանակաշրջանում: Այն սկսվում է 1930 թ-ին՝ խորհրդային ժամանակաշրջանում, Հայաստանի Արենի գյուղում կյանքի մարտահրավերների ուսումնասիրությունից:

Հիմնական կերպարներն աշխարհի տարբեր երկրներից են, իրադարձություններն աշխարհագրական մի վայրից տեղափոխվում են մյուսը,  մինչդեռ ավելի ուշ վեպում նրանք սկսում են հանդիպել իրար: Տարբեր վայրերի ընտրությամբ նախատեսվում է ընթերցողին փոխանցել մի ուղերձ, ըստ որի՝ լավագույն արդյունքների հասնելու նպատակով աշխարհի բոլոր մարդիկ պետք է համագործակցեն իրար հետ: Այն թույլ է տալիս նաև պատկերացում կազմել զանազան հետաքրքիր մշակույթների մասին:

որդեգրիր մի գյուղորդեգրիր մի գյուղ1որդեգրիր մի գյուղ2որդեգրիր մի գյուղ4որդեգրիր մի գյուղ5որդեգրիր մի գյուղ6որդեգրիր մի գյուղ8որդեգրիր մի գյուղ3որդեգրիր մի գյուղ9

Scroll Up