«Հայաստանի Հանրապետության 25-ամյա անխակությունը յուրաքանչյուրի համար մեծ պատասխանատվություն է»

Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանից և Սիրիայից հայրենադարձված արվեստագետներ Հակոբ Գույումջյանին և Արսեն Գրիգորյանին:
Բարձր գնահատելով Արսեն Գրիգորյանի ստեղծագործական գործունեությունը՝ նախարարը նշեց. «Կարծում եմ, Արսեն Գիրիգորյանի ազգային կերպարն ու դիմագիծը ամբողջացավ, երբ նա Սիրիայի Ղամիշլի քաղաքից եկավ և հաստատվեց Հայրենիքում: Մրոն ապացուցեց, որ Հայրենիքն է այն միակ օրրանը, որտեղ մշակույթը կարող է ավելի հզորանալ: Նրա ազգային կերպարն առավել արտահայտիչ դարձավ վերջին շրջանում ազգագրական «Մրրո» խմբի հետ համատեղ նրա ելույթներով, որոնք յուրահատուկ ոգևորությամբ են համակում հանդիսատեսին: Մրոն մեր նախարարության մի շարք ծրագրերի շրջանակներում ելույթներով հանդես է եկել սփյուռքյան մի շարք համայնքներում՝ պատշաճ ներկայացնելով մեր խրոխտ հայրենասիրական երգերն ու հայրենները: Հավատացած եմ, որ դուք, հիրավի, այն արվեստագետն եք, հայ ժողովրդի արժանի զավակը, ով դեռ երկար կծառայի Հայրենիքին և հայ ժողովրդին»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, ստեղծագործական և կատարողական բարձր վարպետություն, ինչպես նաև հայանպաստ բեղուն գործունեություն ծավալելու համար Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Շնորհակալություն հայտնելով նման բարձր պարգևի արժանացնելու համար՝ Արսեն Գրիգորյանը նշեց. «Անկախությունը տոնակատարություն կամ արարողակարգ չէ, այլ պատասխանատվություն է, որ յուրաքանչյուրս պետք է կրենք, և երանի մեզ, որովհետև այսօր մեզ պաշտպանում է անկախության սերունդը»:
Այնուհետև նախարարը անդրադառնալով Լիբանանից հայրենադարձված Հակոբ Գույումջյանի գործունեությանը՝ նշեց. «Մեր հայրենակիցն իրեն նվիրել է հայ գրականությանը, հայկական պոեզիային, մեծ է նրա վաստակը հայ գրականության տարածման գործում, և երբ ծանոթանում ես նրա կենսագրությանը, հիացմունքով համոզվում ես, որ մայրենին նրա համար ամենագլխավորն է: Նրա ասմունքը բարձր են գնահատում Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ արվեստագետներ, գրական դեմքեր և պոեզիայի սիրահարներ»:
Սփյուռքում հայ մշակույթի տարածման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու համար Հակոբ Գույումջյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:
Վերջինս շնորհակալություն հայտնեց նախարարին իր կատարած աշխատանքը բարձր գնահատելու համար և նշեց, որ իր ասմունքով նա փորձում է Սփյուռքում ապրող հային ոգեշնչել հայ մեծերի ստեղծագործություններով: