Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը ՀՀ անկախության 25­-ամյակին նվիրված գիրք է հրատարակել

Հայաստանի անկախության 25­-ամյակի կապակցությամբ օրերս Դամասկոսի «Ալ­Շարկ» հրատարակչությունում լույս է ընծայվել Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի երկու մասից բաղկացած «Հայաստանը՝ երեկ և այսօր» մենագրությունը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Աշխատության առաջին մասում հեղինակն արաբ ընթերցողին է ներկայացնում հայ ժողովրդի պատմական անցյալը, Հայաստանի պատմական բաժանումները՝ հիմնական շեշտը դնելով Օսմանյան Կայսրությունում արևմտահայության պատմական դրվագների վրա: Մենագրության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվել արևմտահայության վիճակին, Ցեղասպանության երեք փուլերին՝ սուլթան Աբդ ալ­Համիդի, երիտթուրքերի և քեմալական Թուրքիայի ժամանակահատվածներին: «Հայկական հարցը» բաժնում հեղինակը հանգամանորեն անդրադարձ է կատարել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Հեղինակը նաև առանձնահատուկ տեղ է հատկացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին 10­ ամյակի ընթացքում Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ կատարված մեծ ծավալի աշխատանքներին:

Դեսպան Փոլադյանը լուսաբանել է հայ­արաբական պատմական առնչությունները` ներկայացնելով Հայաստանի և արաբական աշխարհի միջև գոյություն ունեցող միջպետական հարաբերությունների պատմությունը և ներկան: Աշխատության երկրորդ բաժնում` «Հայաստանի Հանրապետությունը 1991­-2016թթ», հեղինակը հանգամանորեն լուսաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ներկայացրել խնդրի պատմական ասպեկտները և հարցի էությունը խեղաթյուրելու Ադրբեջանի ապակառուցողական փորձերը: Արշակ Փոլադյանը անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության վարչական բաժանումներին, պատմամշակութային ժառանգությանն ու գիտամշակութային ներուժին»:

Scroll Up