Սեպտեմբերի 24-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը

Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ՝ համաձայն քաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման և անցկացման միջոցառումների ծրագրի, սեպտեմբերի 24-ի առավոտյան՝ ժամը 10-ից, Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունենալու բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված տոն օրվան։
Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Կարինե Հարությունյանը, տոնը կմեկնարկի առավոտից՝ Ստեփան Շահումյանի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրումով:
Կ. Հարությունյանի խոսքով՝ տեղի են ունենալու մարզական տարբեր մրցույթներ, համերգային ծրագրեր:
«Երեխաների մասնակցությամբ Վերածննդի հրապարակում կազմակերպվելու են նկարչություն ասֆալտի վրա, ինչպես նաև պլեներային նկարչություն: Կկազմակերպվեն նաև ցուցահանդես-վաճառք, իսկ քաղաքի տարբեր թաղամասերում մայրաքաղաքի ստեղծագործական միությունների սաների մասնակցությամբ կլինեն համերգներ»,-ասել է Կ. Հարությունյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետը նշել է նաև, որ տոնի կապկցությամբ Ստեփանակերտ է ժամանելու Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ։