Ապրիլյան պատերազմ տեսած Մարտակերտի դպրոցում հնչեց դպրոցական առաջին զանգը

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի եւ դպրության օրը, ապրիլյան պատերազմ տեսած Մարտակերտ քաղաքի երկու հանրակրթական դպրոցներում հնչեց դպրոցական առաջին զանգը: Դպրոցները կրկին իրենց դռները բացեցին հարազատ ուսուցիչների եւ աշակերտների առաջ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթից:
Ապրիլյան դեպքերի ժամանակ տուժած Մարտակերտի թիվ 1 դպրոցն այսօր ընդունեց 565 աշակերտների, որոնցից 58-ն առաջին անգամ ոտք դրեցին դպրոցի շեմին:
Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ դպրոցում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպված, որին մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ռադիկ Առուշանյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Հարությունյանը, Մարտակերտի N զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Ալիկ Սարգսյանը, դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի աշխատողներ, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, զինվորականներ, ծնողներ:
Նոր ուսումնականի եւ Արցախի անկախության օրվա առթիվ շնորհավորանքի խոսք ասացին դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ռադիկ Առուշանյանը, N զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Ալիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Սերգեյ Հարությունյանը, դպրոցի աշակերտուհի Լիլիթ Գրիգորյանը: Բոլոր ելույթներում կամիր թելի պես անցնում էին մեր հերոսական բանակին ու նրա քաջ զինվորին փառաբանող խոսքեր: Միջոցառմանը N զորամասի հրամանատարության կողմից առաջին դասարններին նվերներ հանձնվեց:
Դպորցականները հանդես եկան ուսմանն ու դպրոցին նվիրված բանաստեղծություններով, իսկ Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի երգիչ Սերգեյ Զաքարյանը հայրենասիրական երգեր կատարեց:
Միջոցառմանը նաեւ հանդիսավորությամբ վաստակած հանգստի ճանապարհեցին դպրոցի դասվար Աննա Առաքելյանին:
Վերջում դպրոցական զանգի ներքո աշակերտները մտան դպրոց:
Դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանի խոսքերով, աշակերտների թիվը, ինչպես միշտ, սեպտեմբերի 1-ին քիչ է լինում, նրանց թիվը դեռ կավելանա:
Շնորհավոր նոր ուսումնական տարի, թող այն հաջողություններով ու ձեռքբերումներով լի լինի: