Բելգիայի խորհրդարանականների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Օգոստոսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունեց Բելգիայի Թագավորության Խորհրդարանի պատգամավորներ Փոլ Դելվային և Զոե Ժենոյին` ուղեկցությամբ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և գրասենյակի Եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանի: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Նաթան արքեպիսկոպոսը, հյուրերին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ուրախություն հայտնեց, որ տարեց տարի հարաբերությունները Հայաստանի և Բելգիայի միջև ավելի են սերտանում:

Սրբազան Հայրը պատգամավորներին, իբրև Բելգիայի Խորհրդարանում Հայաստանի բարեկամների, շնորհակալություն հայտնեց այն կարևոր ներդրման համար, որ ունեցել են Բելգիայի Խորհրդարանի կողմից անցյալ տարի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի որդեգրման գործում:

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների պատասխանատուն հյուրերին ներկայացրեց նաև Ս. Էջմիածնի հիմնադրման պատմությունը և Հայոց Եկեղեցու գործունեությունը տարբեր ոլորտներում: Սրբազան Հայրը մասնավոր անդրադարձ կատարեց երիտասարդության կրթությանն ու դաստիարակությանն ուղղված ծրագրերին և եկեղեցաշինությանը:

Նաթան արքեպիսկոպոսը պատասխանեց խորհրդարանականների հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան հակամարտությանը, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և հատկապես հայ համայնքների վիճակին: Սրբազանը տեղեկություններ փոխանցեց Հայ Եկեղեցու կողմից այդ համայնքերին և Հայաստանում ապաստանած սիրիահայերին կանոնավոր ցուցաբերվող զորակցության մասին:

բելգիա1

Scroll Up