Ֆրանսիական MDP CONSULTING-ը հետաքրքրված է Ծաղկաձորում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններով

Օգոստոսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդիպել է ֆրանսիական MDP CONSULTING ընկերության նախագահ Պասկալ Ռուի հետ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ֆրանսիական ընկերության նախագահը հակիրճ ներկայացրել է ընկերության գործունեությունը, խոսել Հայաստան ճանաչողական այցի իր տպավորություններից և, մասնավորապես, անդրադարձել Ծաղկաձորում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իր ընկերության հետաքրքրվածությանը:
Պասկալ Ռուն նշել է զբոսաշրջության բնագավառում ենթակառուցվածքների զարգացման, երկրի զբոսաշրջային առավելությունները ճիշտ օգտագործելու անհրաժեշտության մասին:
Գարեգին Մելքոնյանը գոհունակություն է հայտնել Հայաստան նման ընկերության հնարավոր մուտքի առնչությամբ, նշելով հայկական կողմի համագործակցության հարթակ ձևավորելու պատրաստակամությունը:
Նա նաև հրավիրել է Պասկալ Ռուին` մասնակցելու հոկտեմբերին Նյու Յորքում կայանալիք «Հայաստան.ներդրումային համաժողով» մասշտաբային միջոցառմանը, ինչը հնարավորություն կտա և’ առավել մանրամասն ծանոթանալու Հայաստանի ներդրումային գրավչությանը, մասնավորապես զբոսաշրջության ոլորտում, և’ ներկայացնելու Հայաստանում ֆրանսիական ընկերության կողմից նախատեսվող ծրագրերը` նոր գործընկերներ և դոնորներ գտնելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության պատրաստակամությունը: