Մի նոր ընտանիք, մի գեղեցիկ միություն՝ պատերազմ «ապրող» Հալեպում

2016 թվականի օգոստոսի 20-ին Հալեպում կայացել է Կարե Եփփե ճեմարանի տնօրեն Հակոբ Քիլեջյանի և նույն կրթարանի ուսուցչուհի Նանար Պապյանի պսակադրության արարողությունը:
Այս միությունը հայկական ընտանիքի կենսունակության յուրօրինակ վկայություն է: Պատերազմական իրավիճակում, արկերի ու հրթիռների շաչյունի ներքո ստեղծվել է մի նոր հայկական ընտանիք, որն ապացուցում է այն հայտնի ճշմարտությունը, թե՝ ով չի ուզում մեռնել, նա ապրում է… Ապրում է արարելով ու ապրեցնելով, մահին հաղթում՝ ծնունդով ու պսակով:
Մայր հայրենիքից մեր ջերմ ու անկեղծ շնորհավորանքն ենք հղում Հակոբին ու Նանարին: Ցանկանում, որ Աստծուց օրհնություն ստացած այս զույգը ստեղծի ամուր ու հայեցի, հայրենապաշտ ընտանիք, ուր մշտապես կթագավորեն խաղաղությունն ու սերը, ուր հայկական ժողովրդական պատգամով՝ յոթ որդով սեղան կնստեն:
Թո՛ղ նրանց գեղեցիկ ու ներդաշնակ միությունը սիրիական պատերազմի ավարտի յուրօրինակ խորհրդանիշը դառնա: Պատերազմներին հաղթենք ապրելով և շատանալով:
Սիրով՝ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24. 08. 2016