«Դիմակահանդես». բովանդակություն առանց դիմակների. Աղավնի Գրիգորյան

Օգոստոսի 12-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ երաժիշտ, խմբավար, մանկավարժ, գրող, Մադրիդի Հայ Առաքելական եկեղեցու «Վերածնունդ» երգչախմբի խմբավար Աղավնի Գրիգորյանի«Դիմակահանդես» ժողովածուի շնորհանդեսը:
Գիրքը հեղինակի ստեղծագործությունների առաջին ամփոփ ժողովածուն է, որտեղ ընդգրկված են վերջին տարիներին գրված բանաստեղծությունները, պատմվածքներն ու հեքիաթները: Մասնագիտությամբ երաժիշտ-խմբավար Աղավնի Գրիգորյանը, ով արդեն չորս տարի է՝ ապրում է Իսպանիայի Մադրիդ քաղաքում, ստեղծագործում է ինչպես մանուկների, այնպես էլ՝ մեծահասակների համար:
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը Աղավնի Գրիգորյանի հետ:
–Աղավնի´, տեղյակ եմ, որ Հայաստան եք ժամանել հատուկ գրքի շնորհանդեսի համար: Կպատմեք՝ ինչո՞ւ որոշեցիք շնորհանդեսը Հայաստանում կազմակերպել:
– Այն պարզ պատճառով, որ Հայաստանն իմ հայրենիքն է: Անկախ նրանից, որ ես ապրում եմ արտերկրում, միևնույնն է՝ իմ արմատները Հայաստանում են: Հարազատներս, այն մարդիկ, ովքեր կարևոր են ինձ համար, ովքեր նպաստել են գրքի ստեղծմանը, հիմա այստեղ են, իմ կողքին: Հետագայում շնորհանդեսներ կկազմակերպենք նաև Մադրիդում և Իսպանիայի այլ քաղաքներում:
–Ինչո՞ւ «Դիմակահանդես»:
– Որպես գրքի անվանում՝ բանաստեղծություններից մեկի վերնագիրն եմ ընտրել: Նշեմ սակայն, որ թեև գիրքը կոչվում է «Դիմակահանդես», իմ հերոսներն առանց դիմակի են՝ անկեղծ, գուցե փոքր-ինչ՝ տխուր, միամիտ, բայց ամեն դեպքում՝ իրական են: Եվ ամենակարևորը. գիրքը կոչվում է «Դիմակահանդես», բայց բովանդակությունն առանց դիմակների է ներկայացված:
–Ստեղծագործելիս՝ ոգեշնչման աղբյուր ունեցե՞լ եք:
– Գիրքը ժողովածու է, որտեղ ամփոփված ստեղծագործությունները գրվել են տարբեր տարիների ընթացքում: Եթե թերթեք գրքի էջերը, կտեսնեք, որ ստեղծագործությունները գրված են Երևանում և Մադրիդում: Ստեղծագործական ներշնչանք ունենում էի տարբեր պահերի, երբ օրինակ՝ ճանապարհ էի գնում: Վերջին բանաստեղծությունս գրել եմ ինքնաթիռում, երբ կողքս թուրք երիտասարդ էր նստած: Այն հենց այդպես էլ կոչվում է՝ «Ամպերից վերև էինք ընթանում»:
-«Դիմակահանդեսը» Ձեր առաջին ժողովածուն է: Ապագայում շարունակություն լինելո՞ւ է:
– Կարծում եմ՝ կլինի, որովհետև ժողովածուում չեմ ընդգրկել ռուսերեն բանաստեղծություններս, որոնք նույնպես տարբեր թեմաներով են գրված: Ունեմ գրված երգի խոսքեր, որոնք կատարում են «Ծիածան» խմբի երգիչները, ինչպես նաև՝ անհատ կատարողները: Գուցե հետագայում լինեն նաև երգի խոսքերն իրենց երաժշտությամբ: Ունեմ գրված նաև իսպաներեն բանաստեղծություններ, որոնք դեռ թղթի վրա են միայն: Այս պահին հիմնականում ստեղծագործում եմ հայերեն:
–Դուք նաև երաժիշտ–խմբավար եք, մանկավարժ: Կպատմե՞ք՝ ինչ գործունեությամբ եք զբաղվում Մադրիդում:
– Մադրիդում Հայ Առաքելական եկեղեցու «Վերածնունդ» երգչախմբի խմբավարն եմ: Երգչախումբը գործում է արդեն երկու տարի, և այդ ընթացքում մեր կատարումները գեղեցկացրել են կիրակի օրերին եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագները: Սա նաև օգնում է, որ Մադրիդում ապրող մեր հայրենակիցները չկտրվեն հայկական արմատներից և չկորցնեն իրենց ինքնությունը:
– Ի՞նչ միջոցառում կառանձնացնեիք, որին երգչախումբը մասնակցել է:
– Վերջերս կազմակերպել էինք Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մեծ համերգ, որին մասնակցում էին Իսպանիայի տարբեր համայնքների և ազգերի, մշակութային օջախների ներկայացուցիչներ, դեսպանատան անդամներ: Համերգը զարմացրեց հյուրերին, որովհետև մենք բացի երաժշտական մասից, ֆիլմաշարի միջոցով ներկայացրինք Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմ: «Վերածնունդ» երգչախումբը մասնակցել է նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված այլ միջոցառումների: Երգչախմբի անդամները երիտասարդ աղջիկներ են, որոնց իր շուրջն է հավաքել Մադրիդի հայկական համայնքի քահանան:
– Հայաստան կատարած Ձեր այցելությունն արդյունավետ համարո՞ւմ եք:
– Կարծում եմ՝ այո: Առաջին հերթին այցիս նպատակն էր տեսնել իմ բարեկամներին, հարազատներին, որոնց արդեն չորս տարի է՝ չէի տեսել և շատ էի կարոտել: Պետք է ասեմ, որ Երևանն այնքան էլ չի փոխվել, ինձ համար քաղաքը նույնն է: Անկախ հեռավորությունից՝ ես ինձ համարում եմ Հայաստանի մի մասնիկը: Միշտ տեղյակ եմ և հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին:
Տաթև Դավթյան