Ի հայտ են գալիս Թուրքիայի զինված ուժերի տարածքներում գտնվող վանքերն ու եկեղեցիները

Էմրե Էրթանի

Օրակարգում է Ազգային պաշտպանության նախարարության աշխատանքային և ռազմական նշանակության տարածքները քաղաքից դուրս տեղափոխելու հարցը: Եթե որոշումը կյանքի կոչվի, ապա մեծ քաղաքներում «կանաչ տարածության վերջին ամրոց» զորանոցները ևս բետոնի վերածվելու վտանգի տակ են հայտնվելու: Անատոլիայի գրեթե ամեն մի շրջանի զորանոցներում կամ եկեղեցի, կամ էլ վանք կա:

Հայտնի է, որ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ ներկայում հավատացյալների առաջ իրենց դռները փակած բազմաթիվ եկեղեցիներ ռազմական նպատակների են ծառայել: Օրինակ՝ Թոփքափըում գտնվող Սուրբ Նիկողայոս եկեղեցին 1927 թ. վերադարձվել է հայ համայնքին: Իսկ Այվանսարայի Սուրբ Դիմիտրիրոս Կանաբու և Բեյքոզի Սուրբ Փարասկեվի հունական եկեղեցիները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործել են որպես ռազմական պահեստ: Պատերազմից հետո կրկին վերադարձրել են հունական համայնքին:

Մինչև վերջերս Անին համարվում էր ռազմական շրջան, քանի որ գտնվում է հայ-թուրքական սահմանին: Այստեղ լուսանկարելու կամ շրջելու համար անգամ թույլտվություն էր անհրաժեշտ: 2004 թ. Թուրքիայի զինված ուժերը հանեցին այդ արգելքը, որն էլ Անիի համար նոր ժամանակաշրջանի սկիզբ հանդիսացավ: Անիի ճակատագիրը կիսող տաճարներից ոմանց պատմությունը ներկայացնում ենք ստորև.

Փանագիա Կամարիոտիսսա վանք

1942 թ. Ռազմածովային ուժերը սեփականաշնորհել են Հեյբելի կղզում գտնվող այս եկեղեցի-վանական համալիրը, որը մնացել է հռոմեական ժամանակաշրջանից և պատկանում է հույներին, և եկեղեցին այլևս դադարել է գործել: Ասում են, որ որոշ ժամանակաշրջան այն օգտագործել են որպես բաղնիք և պահեստ: Քանի որ եկեղեցին գտնվում է ռազմական շրջանում, անհնար է այն տեսնել: 2012 թ. մի ամսագրում տպագրված լուսանկարից երևում է, որ այն կանգուն է:

Բյուզանդական ժամանակաշրջանից մինչև 1942 թ. իր յուրահատուկ կառույցով կանգուն մնացած Փանագիա Կամարիոտիսսա եկեղեցուց դեպի արևելք գտնվում է Սուրբ Իոաննես (Հովհաննես) Փրոդրոմոս եկեղեցին: 1831 թ. վանքին կից կառուցված Հունական առևտրական դպրոցի շենքը 1923 թ. հետո օգտագործել են որպես հունական օրիորդաց որբանոց: Ներկայում այն օգտագործվում է որպես Ռազմածովային քոլեջի նախապատրաստական դպրոց:

Սուրբ Սարգիս եկեղեցի

Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Ւզմիր նահանգի Մենեմեն քաղաքի Էսենփաշա թաղամասում: Ենթադրվում է, որ կառուցվել է 19-րդ դարում: Եկեղեցին լքվելուց հետո սկսել են օգտագործել որպես ռազմական պահեստ: Սրբատաշ քարից կառուցված շինությունը ուղղանկյունաձև հատակագիծ ունի: Եկեղեցին մեր օրեր է հասել անվնաս: Ներկայում եկեղեցու դռները փակ են հավատացյալների առաջ:

Միլաս հունական եկեղեցի

Համաձայն Միլասի քաղաքապետարանի կայքեջում տեղ գտած տեղեկության՝ Միլասի շրջակայքում քրիստոնեությունը տարածած Սրբուհի Օսիա Քսենիայի գերեզմանը գտնվում է Միլասում: Ավելին՝ 19-րդ դարում Միլասի հույները սրբուհու պատվին եկեղեցի են կառուցել: Մուղլա-Միլասում գտնվող այս եկեղեցին ներկայում օգտագործում են որպես ռազմական զվարճանքի և հանգստի վայր: Եկեղեցու պատին հունարեն արձանագրություն կա:

Սուրբ Կոնստանդին և Սուրբ Հելենա եկեղեցի

Եկեղեցին, որը գտնվում է Կոնիայում՝ Սիլլեի Սուբաշը թաղամասում, և ժողովրդի շրջանում հայտնի է որպես Բյույուք (Մեծ) եկեղեցի, պարսպապատ է: Համարվում է, որ 327 թ. հռոմեական կայսր Կոնստանդինոսի մայրը՝ Հելենան, այն կառուցել է տվել Միքայել հրեշտակապետի պատվին: Ցայսօր կանգուն եկեղեցու գմբեթի վրայի արձանագրությունից, որը թվագրվում է 1880 թ., պարզ է դառնում, որ եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1833 թ.:

Իբրահիմ Հաքքը Քոնյացին նշում է, որ եկեղեցին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես պահեստ, իսկ բնակչության փոխանակությունից հետո՝ որպես զինանոց: Երբ 1944 թ. Իբրահիմ Հաքքը Քոնյացին այցելել է եկեղեցի, այն դատարկ և լքված է եղել: 1998 թ. և 2002 թ. Կոնիայի նահանգապետարանը վերանորոգել է այն: 2008 թ. եկեղեցին հանձնվել է Սելջուկլուի քաղաքապետարանին, որից հետո էլ այն վերականգնվել է:

Սուրբ Հարիթոն վանք (Աքմանասթըր)

Սուրբ Հարիթոն վանքը գտնվում է Կոնիայի Սիլլեի և Աքյոքուշի միջև՝ Թեքքելի լեռան փեշին: Վանքը հայտնի է նաև Աքմանասթըր, Էֆլաթուն, Պողոս Առաքյալի քարանձավ անուններով: Վանքը գործել է մինչև բնակչության փոխանակությունը: Սուրբ Հարիթոնը գտնվում է ռազմական շրջանում, որի շնորհիվ էլ այսօր կանգուն և անվնաս է:

Իբրահիմ Հաքքը Կոնիացին հայտնում է, որ Աքմանասթըրը կառուցել են փռյուգիացիները ջրի փերիների՝ Սիլենների պատվին, որտեղից էլ ծագում է Սիլլեի անունը: Համարվում է որ վանքը, որը ժողովրդի շրջանում հայտնի է Էֆլաթուն անվամբ, 274 թ. կառուցել են հեթանոս հռոմեացիների ճնշումներից փախած վանականները:

Սուրբ Կարապետ վանք

Վանքը գտնվում է Կեսարիայում՝ Գեսիի Բահչելի թաղամասի դիմաց գտնվող զառիթափի վրա: Վանքից մեր օրեր են հասել միայն պատերի ավերակները, սակայն քանի որ այն գտնվում է ռազմական շրջանում, ապա տեսնել հնարավոր չէ:

Սուրբ Կարապետ հայկական վանքը, որը ժողովրդի շրջանում հայտնի էր Էֆքերեի մեծ վանք անվամբ, մինչև 20-րդ դարի սկիզբը եղել է Կեսարիայի հայերի հոգևոր կենտրոնն ու Անատոլիայի (Արևմտյան Հայաստան- Ակունքի խմբ.) հայերի ամենակարևոր ուխտավայրերից մեկը: Վանքի վանահայրը նաև Կեսարիայի հոգևոր առաջնորդն էր: 20-րդ դարի սկզբին վանքն ուներ դպրոց, ուսուցիչների խցեր, ճաշարան, հարուստ գրդարան, որտեղ պահվում էր 200 կտոր ձեռագիր և 20 հազար գիրք, և իջևանատուն հիշեցնող հյուրատուն, որն ուներ 93 սենյակ, որտեղ հյուրընկալվում էին Վարդավառի տոնին վանք ուխտի եկած ուխտավորները:

Սուրբ Նշան վանք

Սուրբ Նշան վանքը գտնվում էր Սվասում՝ Թեմելթեփեի ռազմական շրջանում: Սուրբ Նշանը Սվասի ամենանշանավոր հայկական վանքն էր: Վանքն ավերել են 1974 կամ 1975 թ.: Նրանից մնացել է միայն 250 կիլոգրամանոց զանգը, որը Շյուքրյու Քանաթլը զորանոցում օգտագործում են հրդեհի ազդանշանի համար:

Հայտնի է, որ վանքը կառուցել է Վասպուրականի թագավոր Սենեքերիմը, ով իր հողերը 1020 թ. հանձնել էր բյուզանդացիներին: Սենեքերիմն իր 80 հազար բնակչությամբ լքելով Վանը` տեղափոխվում է Սվասի շրջակայք և կառուցել տալիս կամ էլ վերանորոգում Սուրբ Նշան վանքը:

Վանքի մերձակայքում գտնվող նախկին հայկական գյուղ Տավրայում է գտնվում նաև Սուրբ Հակոբ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 1636-1638 թթ.: Եկեղեցու արտաքին տեսքը պահպանված է, իսկ պատերին նկարներ և հայերեն արձանագրություններ կան: Թավրա գյուղից ոչինչ չի մնացել, սակայն Սուրբ Հակոբ եկեղեցին այսօր կանգուն է, քանի որ ռազմական շրջանում է գտնվում: Ըստ էության, ռազմական շրջանի սահմանները ավարտվում են եկեղեցուց վերև ընկած բլուրով, սակայն քանի որ եկեղեցու գտնված հարթությունը հսկվում է զինվորների կողմից, այն տեսնելու համար հարկավոր է թույլտվություն ստանալ:

Սուրբ (Մոր) Եփրեմ ասորի կաթոլիկ վանք

Մարդինի Դիարբաքըրքափը թաղամասի վանքը պարսպապատ ընդարձակ այգում է գտնվում: Հայտնի է, որ Սուրբ Եփրեմը միջնադարում հայ առաքելական վանք է եղել: Այնուհետև այն անցել է հայ կաթոլիկների ձեռքը: Մարդինի հայ կաթոլիկ արքեպիսկոսպոս Մելքոն Նազարյանն այն տվել է Մարդինի ասորի կաթոլիկ համայնքին: 1884 թ. վերակառուցված վանքը 1933 թ. լքվել է: Որոշ ժամանակ ռազմական հիվանդանոց ծառայած վանքն այժմ օգտագործում են որպես բնակարան:

Սուրբ Բարսավմո և Սուրբ Շարբել եկեղեցիներ

Նախկինում Միդյաթ անվամբ հայտնի շրջանում բազմաթիվ ասորական եկեղեցիներ կան, որոնցից Սուրբ Բարսավմո եկեղեցին հայտնի է, որ ծառայել է որպես ռազմական պահեստ: 1949 թ. այն կրկին սկսել է գործել որպես եկեղեցի: Սուրբ Շարբել ասորական եկեղեցին Միդյաթի ամենավերջին կառուցված ասորական եկեղեցին է: Այս եկեղեցին թույլատրել են կառուցել, քանի որ բռնազաթված համանուն վանքը մնացել է ռազմական տարածքում: Եկեղեցին հավատացյալների առաջ բացել է իր դռները 1955 թ.:

http://www.agos.com.tr/tr/yazi/5497/tsknin-kilise-ve-manastirlari-ortaya-cikiyor

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net

Scroll Up