Թուրքիան պետք է ներողություն խնդրի Պոնտոսի ցեղասպանության համար. Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է, որ Թուրքիան պետք է անկեղծորեն ներողություն խնդրի Պոնտոսի ցեղասպանության համար:
Ինչպես Արցախպրեսի փոխանցմամբ՝ հաղորդում է Աթենքում հրատարակվող «Էկատիմերինի» թերթը, այս մասին Հունաստանի նախագահը հայտարարել է Տրապիզոնում գտնվող Պոնտոսի հույների հոգեւոր կենտրոն հունական ուղղափառ Պանիյա վանքում ամեն տարի օգոստոսին անցկացվող Սուրբ Մարիամին նվիրված պատարագը Թուրքիայի իշխանություններից կողմից արգելվելու կապակցությամբ:
Ըստ թերթի, նախագահ Պավլոպուլոսն ասել է. «Հուն ազգը պետք է շարունակի պայքարը, քանի դեռ Թուրքիան պաշտոնապես չի ճանաչել Պոնտոսի ցեղասպանությունը եւ հանցագործների թոռները ազնվորեն ներողություն չեն խնդրել հույներից»:
Հունաստանյան թերթը գրել է, որ 1914-1923 թվականներին թուրքերը մոտ 370 հազար պոնտոսցի հույն են սպանել, Հունաստանը 1994 թվականին պաշտոնապես ճանաչել է Պոնտոսի ցեղասպանությունը եւ ամեն տարի մայիսի 19-ին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություններ է կազմակերպում:
Թերթը գրել է, որ Հունաստանի նախագահը խստորեն քննադատել է Թուրքիայի իշխանություններին Տրապիզոնի Պանայիա վանքում Սուրբ Մարիամին նվիրված պատարագն արգելելու համար: