«Շողերը» «Իմ Հայաստան» փառատոնին մասնակցեց Լենա Բեգլարյանի հեղինակային՝ փառատոնի համանուն երգով

Օգոստոսի 5-ին մեկնարկեց «Իմ Հայաստան» փառատոնի Խմբերգային արվեստի օրերը, որին մասնակցելու համար հայրենիքում էր նաև Մոսկվայի «Հայորդյաց տան» «Շողեր» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Լենա Բեգլարյանի գլխավորությամբ։ Օգոստոսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում «Շողերը» համերգ ունեցավ Գյումրիում և Վանաձորում, այդ ընթացքում երգչախումբը եղավ Ծիծեռնակաբերդում, Կոմիտասի անվան թանգարանում՝ կատարելով մեծն երգահանի վերջին ստեղծագործությունը՝ փոքրիկների համար գրված «Հայր մերը»։ Այս մասին Հայերն այսօրին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:

«Փառատոնին մասնակցել կարողացավ հիմնական 20 հոգանոց կազմից միայն 13 հոգի, սակայն փորձեցինք այնպես անել, որպեսզի մյուսների բացակայությունը չազդի ելույթների վրա։ Փոքրիկներս շատ լավ ելույթներ ունեցան։ Հանդիսատեսը և մյուս մասնակիցները համերգների վերջում շնորհավորեցին, բարձր գնահատանքներ հնչեցրեցին և ցանկություն հայտնեցին նկարվել «Շողերի» փոքրիկ երգիչների հետ»,- մեզ հետ զրույցում ասաց «Շողերի» գեղարվեստական ղեկավար Լենա Բեգլարյանը։

ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» փառատոնի մյուս մասնակիցները դեռևս հիշում էին Լենա Բեգլարյանի ղեկավարած «Ովսաննա» և «Նորահրաշ» համույթների նախորդ տարիների ելույթները և հետաքրքրվում էին, թե ինչու մյուսները փառատոնին չեն մասնակցում։ Իսկ հետաքրքրքությունը պայմանավորված էր նախորդ տարիներին վերոնշյալ համույթների ունեցած փայլուն կատարումներով։ Հենց նախորդ ելույթներով տպավորված՝ հայրենիքում գտնվող Եգիպտոսի «Արաքս» երգչախմբի ղեկավարը Լենա Բեգլարյանից խնդրեց իրենց տրամադրել իր հեղինակած «Գարունդ հայերեն է գալիս» և «Մորս ձեռքերը» ստեղծագործությունները։ Այսպիսով «Իմ Հայաստան» փառատոնը դառնում է ոչ միայն հանդիպումների և միմյանց կատարումները վայելելու, այլև հեղինակային ստեղծագործություններով փոխանակվելու հարթակ։ Իսկ Լենա Բեգլարյանի համար յուրօրինակ ավանդույթ է դարձել փառատոներին ներկայանալ հեղինակային երգերով․ այս անգամ այն «Իմ Հայաստան փառատոն» երգն էր։

«Երգը գրվել էր դեռս 2014թվականին, սակայն վերանայելու, ամբողջացնելու հնարավորություն չէր եղել։ Այս տարի երգը փորձեցի փոքրիկներիս՝ «Շողերի» երգիչների հետ ու հենց փորձի ժամանակ գրվեցին երգի վերջին տողերը»՝ «․․․Քո մի շողն ենք հայրենիք, որ շողում ենք, շողշողում ենք քո տված լույսից»,- ասաց Լենա Բեգլարյանը։
«Շողերի» ղեկավարը նաև նշեց, որ երգչախմբի երգիչներից Ալենն այս տարի առաջին անգամ էր Հայաստանում և բավական տպավորվել էր հայրենիքով, իսկ Տիգրանը՝ լսելով «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» բանաստեղծությունը՝ անընդհատ կրկնել է այն․ թե՛ Ալենը, թե՛ Տիգրանը Լենա Բեգլարյանին ասել են, որ շատ կցանկանային բնակվել հայրենիքում։

Հայաստանում մշտական բնակության ցանկություն են հայտնել նաև Աննա Մարտիրոսյանի աղջիկները, ովքեր Կիպրոսից ձմռանը տեղափոխվել են Երևան, ապա՝ Մոսկվա, սակայն շատ սիրել են ամառային Երևանը և ցանկանում են կրկին վերադառնալ Երևան։

«Իմ Հայաստան» փառատոնի Խմբերգային արվեստի օրերի փակումը տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում, որտեղ մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը՝ նրանց հանձնելով փառատոնի մասնակցության հավաստագրեր և հուշամեդալներ։

իմ հայաստանիմ հայաստան2

Scroll Up