Արցախյան ղողանջներ. Զինվորը մեր սահմանն է պահում…

Արցախում ապրող յուրաքանչյուր երեխա զինվոր է՝ զինվորին հատուկ արտահագուստով, զինվորի հանդեպ մեծ սիրով, զինվորական կյանքին մանկական երևակայությամբ անդամագրված: Եվ ամեն անգամ զինվոր տեսնելիս պատիվ են տալիս՝ զինվորին հատուկ կեցվածքով ու միշտ պատրաստ լինելու հաստատակամությամբ, չնայած երբեմն ժպիտը չի քողարկվում նրանց մանկական անմեղ դեմքերից:
Յոթ տարեկան թոռնիկս, որ երրորդ դասարան էր փոխադրվել, մեր բնակավայրի մոտակա մանկական հրապարակից եկավ ու առաջարկեց անպայման գնել այն տանձից, որ իրեն հյուրասիրել էր մի անծանոթ զինվոր: Հաջորդ օրը իմ գնած տանձը անուշադրության մատնվեց, չնայած մի քիչ խոշոր, նուրբ, բուրավետ, զովացնող հաճելի համով էր, բայց Նարեկս չհամտեսեց այն: Ու նորից նա բացատրում է ինձ, որ այն ավելի փոքր տեսակի էր, մի քիչ դեղնավուն, մի քիչ էլ՝ կարմրաթուշ, սերմերն էլ մանր էին, սևավուն: Այս փոքրիկ բնակավայրում որտեղի՞ց կարելի էր գտնել այն, նույնիսկ այդ տեսակը վաճառքում էլ չէի տեսնում, բայց նորից մրգերի մեջ ավելացնում էի ամեն անգամ տանձի մեկ այլ տեսակ, որը երբեք չէր նմանվում այն զինվորի տված մրգին: Ասում են՝ բնության մեջ աճում է տանձենու 33 տեսակ, բայց ես փնտրում եմ միայն մեկ տեսակ և այն չեմ գտնում, նույնիսկ անունն էլ չգիտեմ, բայց գիտեմ, որ այն շատ համեղ էր…
Պարզվում է՝ նրանք երկուսն էին, մանկական հրապարակում խաղացող երեխաներին զինվորները մրգով հյուրասիրեցին, և որքա՜ն համով էին դրանք, որ երբևէ չեն մոռացվի: Բայց զարմանալին այն էր, որ այդ օրերին մի բան դուր չէր եկել թոռնիկիս, նա զայրացած էր. «Մի քանի օր առաջ էլ զինվորներ կային այնտեղ, նրանք տեսան, որ շրջապատը մաքուր չէ, նույնիսկ մոլախոտեր կային, սկսեցին քանդել այն, բոլոր երեխաներս սկսեցինք օգնել նրանց, հետո մեզ ասացին, որ հանգիստ խաղանք, բայց չէ՞ որ զինվորը մեր սահմանն է պահում, ինչու՞ պիտի նրանք մաքրեին»:
Եվ ես մտովի խոսում եմ այդ անծանոթ զինվորների հետ, որ կանգնած են դիրքերում, իսկ նրանց համար մտահոգ մի ամբողջ մանկություն թոռնիկիս շուրթերով իր անհանգստությունն է արտահայտում, որ զինվորը մեր սահմանն է պահում, մեր խաղաղ երկինքը, և գուցե մի փոքր հանգստանալու՞ համար էին նրանք մտել խաղահրապարակ, ինչու՞ հանկարծ մասնակցեցին այդ տարածքը մաքրելուն: Բայց նաև մեր բալիկը գիտի, որ այն համով միրգը, որքան էլ տարբեր տեսակների մեջ փնտրեմ, չի ունենա նույն համը, որ իրեն անծանոթ զինվորն էր հյուրասիրել:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի