«Ինձ թվում է, թե ես միշտ այստեղ՝ Հայաստանում եմ ապրել». Հայկաշոտ Ազատ Աղասյան
ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված բուլղարահայ երգիչ- երգահան Հայկաշոտ Ազատ Աղասյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Պարո՛ն Աղասյան, պատմեք խնդրում եմ Ձեր՝ հայ մարդու և երաշժտի մասին:
-Եկել եմ Բուլղարիայի Սոֆիա քաղաքից՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի երգչախմբային արվեստի օրերին՝ ներկայացնելով իմ գրած երեք երգերը: Սովորել եմ Սոֆիայի պետական կոնսերվատորիայում, ջութակահար եմ, սակայն նաև դաշնամուր եմ նվագում, աշխատել եմ նվագախմբում և թատրոնում. 20 տարի է, ինչ պետական աշխատանքի մեջ չեմ, ազատ ստեղծագործող եմ, երգեր եմ գրում, զբաղվում դրանց թողարկմամբ, լինում եմ երգարվեստի տարբեր մրցույթների հանձնաժողովների կազմում, ինձ հրավիրում են նաև դրսից՝ ընդգրկելով հեղինակավոր մրցույթների հանձնաժողովներում, որոնց ես սիրով ու ամենայն մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում: Աշակերտների համար դասագրքերում երգեր եմ գրում, թատերական ներկայացումների համար եմ երաժշտություն գրում, մանկական մյուզիքլներ եմ ստեղծում, շատ եմ սիրում մանուկների աշխարհը: Ես տաղանդավոր երեխաներ եմ փնտրում, որպեսզի ճանապարհ հարթեմ նրանց համար: Բուլղարիայում խառնամուսնությունները շատ են, և այդպիսի ընտանիքներում հիմնականում մայրերն են ազգությամբ հայ. աշխատում եմ նրանց մեջ արթուն պահել հայ երգն ու երաժշտությունը: Նշանավոր երաժիշտ հայերից էր Սոֆիայի ռադիոյի նվագախմբի ղեկավար Վիլլի Գալստյանը, ով, ցավոք, մահացել է: Բուլղարիայի կոմպոզիտորների միությունում երկու հայ կան՝ Արթին Փորթուլյանը, մեկն էլ՝ Ձեր խոնարհ ծառան՝ ես:
-Ձեր գերդաստանն ինչպե՞ս է հայտնվել Բուլղարիայում:
-Մենք Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի 3-րդ սերունդն ենք. իմ մեծ հայրիկներն ու մայրիկները, ջարդից փրկվելով, հասել են Բուլղարիայի Պլովդիվ քաղաք: Մեծ մայրս Հունաստանի Քոմոթինի քաղաքից էր, մեծ հայրերիցս մեկը՝ Թուրքիայի Կայզերի քաղաքի մոտակայքից. 2007-ին Հայաստանում գտա իմ զարմիկներին՝ երեք եղբայրներին. թաղամասի անունը գիտեի, այդ ճանապարհով էլ գտա նրանց և մշտական կապ հաստատեցի: Օտար հողում մենք կարողացել ենք պահպանել մեր հայ ինքնությունը. կինս՝ Մարին, հայուհի է, դաշնակահար, տղաս՝ Ազատը, հնչյունային ռեժիսոր է, բոլորս էլ հայախոս ենք, մնում է միայն, որ մանչս հայուհու հետ ամուսնանա. պետք է հաջորդ այցիս նրան էլ բերեմ Հայաստան, որպեսզի Հայաստանից հարսնացու ընտրի:
-Հաճա՞խ եք լինում Հայասատանում:
-4-րդ անգամ եմ Հայաստանում. համահայկական խաղերի հետ կապված՝ 2 անգամ եկել եմ պատվիրակության կազմում. ամեն այցիս նոր ու դրական փոփոխություններ եմ տեսնում Երևանում. քաղաքը շատ է գեղեցկացել: Շատ մտերիմներ ունեմ Հայրենիքում, որոնցից մեկը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն է. նրա հետ 40 տարի առաջ ծանոթացել եմ Բուդապեշտի օդանավակայանում և հանդիպեցինք 2007-ի Համահայկական խաղերի ժամանակ: Շատ մեծ հարգանք ունեմ նրա հանդեպ՝ որպես մարդ ու երաժիշտ:
-Ի՞նչ երգերով եք ներկայանում այս փառատոնին:
-Ներկայացնում եմ իմ գրած երեք երգերը՝ «Հայաստանին», «Հովեր, հովեր» և վերջին՝ «Երևան» երգս: Այդ երգերի սկավառակն ինձ հետ բերել եմ ու նվիրել նախարարությանը: Երգերի բառերի հեղինակը Միհրան Պողոսյանն է:
-Հայաստանի հետ ունեցած Ձեր կապերի արդյունքում ի՞նչ հետաքրքիր հիշողություն ունեք:
-2002-ին, երբ Ամենայն Հայոց Վեհափառը եկավ Բուլղարիա, ես «Ողջույն» վերնագրով մի երգ գրեցի և կատարեցի այն, Վեհափառն էլ ինձ նվիրեց ասեղնագործած մի խաչքար, որը սրբությամբ պահում եմ:
-Պարո՛ն Աղասյան, այս անգամ ի՞նչ տպավորություն ունեք Հայաստանից, Երևանից. ինչպիսի՞ զգացումներով եք լցված:
-Տպավորություններս հրաշալի են, անպատմելի, զգացումներս՝ աննկարագրելի…Ինձ թվում է, թե ես միշտ այստեղ՝ Հայաստանում եմ ապրել. ուր գնացի, բոլոր դռները բաց էին իմ առջև, մարդիկ՝ ջերմ ու անչափ սիրալիր:
Զրուցեց Կարինե Ավագյանը
–