Հայկական ամառային դպրոց Ռումինիայի Բակըու քաղաքում

Հուլիսի 25-27-ը Ռումինիայի Բակըու քաղաքում երկրորդ տարին անընդմեջ անցկացվեց Հայաստանին և հայկական մշակույթին նվիրված ամառային դպրոց, որը կազմակերպել էին Ռումինիայի Հայերի Միության (ՌՀՄ) Բակըուի մասնաճյուղը (նախագահ՝ Վասիլե Հակոբ) և տեղի «Գեորգե Վրընչանու» դպրոցը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Ռումինիայի «Նոր կյանք» և «Արարատ» ամսագրերի խմբագրությունից:    

Շուրջ 30 ռումինացի աշակերտ (ինչպես նաև Բակըուի փոքրաթիվ հայ համայնքը) մասնակցեց եռօրյա ամառային դպրոցին, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան Հայաստանին և հայկական մշակույթին առնչվող բազմաթիվ հարցերի, որոնք բաժանված էին չորս մասի. առաջին հերթին, Բուխարեստի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Արզումանյանը մասնակիցներին ներկայացրեց հայկական քաղաքակրթությունը և պատմության կարևոր հատվածները մինչև մեր օրերը, հայոց այբուբենի պատմությունն ու հայերենի և ռումիներենի բազմաթիվ ընդհանրություններն ու տարբերությունները, ինչպես նաև Ռումինիայի հայ համայնքի հարուստ պատմությունը, իսկ վերջում բոլոր մասնակիցներին ՌՀՄ անունից նվիրեց ռումիներեն թարգմանված երկուական գիրք՝ Րաֆֆու «Խենթը» և Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկը»: Տեսական և գործնական դասերի շնորհիվ վերջին օրը հայտարարված մրցույթում մասնակիցներն ի ցույց դրեցին Հայաստանի, ռումինահայ համայնքի և հայերենի մասին ձեռք բերված գիտելիքները: Հայկական սովորույթները և ճաշատեսակները ներկայացվեցին Ժիլբեր Քեշմանյանի կողմից, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև հայկական տարբեր տոներին, ինչպես նաև հայկական ճաշատեսակներ պատրաստելու ձևերին՝ անձամբ ներգրավվելով դրանց պատրաստմանը: Ամառային դպրոցի կարևոր մասերից էր կազմում պարուսույց Բելա Մարտիկյանի կողմից ներկայացված հայկական ավանդական պարերը և դրանց պատմությունը: Բնականաբար, հայկական պարերի ներկայացումը միայն տեսական մասով չէր սահմանափակվելու, և մասնակիցները 2 օրվա ընթացքում միանգամից մի քանի հայկական պար սովորեցին, որոնք ներկայացրին վերջին օրը: Հայկական երաժշտությունը և հայկական երգերը ներկայացվեցին Ջորջետա Քեշմանյանի կողմից, իսկ գործնական պարապմունքի արդյունքում մասնակիցները սովորեցին հայերեն երգեր: Միջոցառումն ամփոփվեց տարբեր մրցույթներով, ինչպես նաև հայկական ամենասիրված տոներից մեկով՝ Վարդավառով, որը ամառային դպրոցի ամենահիշվող իրադարձություններից մեկն է:

Հայկական թեմատիկայով ամառային դպրոցներ և նմանատիպ այլ իրադարձություններ կազմակերպելը պետք է լինի հայկական բոլոր համայնքների գործունեության հիմնաքարերից մեկը: Դրանց միջոցով հնարավոր է աշխարհի տարբեր երկրների նոր սերնդի շրջանակներում նորովի ներկայացնել և ճանաչելի դարձնել Հայաստանն ու հայկական մշակույթը: Հատկապես կարևոր է այդ գործը սկսել տարբեր քաղաքների դպրոցներից, քանի որ այսօրվա աշակերտներն են լինելու իրենց երկրների վաղվա քաղաքական ու մշակութային գործիչները: Այս քայլերը մեծ օգուտ են նաև տեղի հայ համայնքներին, որոնց հնարավորություն է ընձեռվում պահպանել հայկական ինքնությունը և չկորցնել կամ վերադարձնել հայոց լեզուն, որը  չձուլման ամենակարևոր նախապայմանն է:

12 34 5 6

Scroll Up