«Կռունկն «Իմ Հայաստան» գալուն անհամբերությամբ է սպասում». Նունե Մկրտչյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնին մասնակցում էր Սպահանի «Կռունկ» պարախումբը, որը հիմնադրվել է 1992 թվականին: Այն Նոր Ջուղայի հայ մարզամշակութային «Արարատ» միության պարախմբերից է:

Պարախումբը կազմավորումից հետո սկսել է ելույթներ ունենալ Նոր Ջուղայում և Իրանի հայկական համայնքներում: «Արարատ» միության կենտրոնական վարչության որոշման համաձայն՝ խումբը կատարելագործելու նպատակով Հայաստանից պարբերաբար աշխատանքի են հրավիրվել մասնագետ- պարուսույցներ:

Այդ պարուսույցներից է «Հայերն այսօրի» զրուցակից, «Կռունկ» պարախմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Նունե Մկրտչյանը, որը տարիներ շարունակ պարել է «Եղեգն» պարախմբում՝ որպես մենապարուհի և արժանացել դափնեկրի կոչման: Բազմիցս ելույթներ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:

«Արդեն հինգ ամիս է՝ աշխատում եմ այս պարախմբում և պետք է ասեմ, որ շատ ժրաջան, ազգային բարձր գիտակցություն ունեցող երիտասարդներ են հավաքված, որոնք մեծ հետաքրքրություն ունեն հայկական պարերի նկատմամբ, հաճույքով եմ աշխատում նրանց հետ: Մենք փորձում ենք հնարավորինս շատ երեխաներ ընդգրկել խմբում, որպեսզի հայկական մշակույթին ծանոթացնենք և համայնքային կյանքում մասնակցելու առիթ ընձեռենք»,-ասաց պարուսույցը և հավելեց, որ իրենց գլխավոր նպատակը սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանին մոտ պահելը և հայրենիքի հանդեպ սեր արթնացնելն է, որն էլ իրագործում են ազգային մշակույթի միջոցով:

Նունե Մկրտչյանն այն կարծիքին է, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը նույնպես ներդրում է ունենում աշխարհասփյուռ երիտասարդներին հայկական ոգով ներշնչելու, մշակութային արժեքներին ծանոթացնելու ուղղությամբ: Խրախուսելով փառատոնի գործունեությունը՝ նա նշեց. «Պարախմբի անդամներին այս փառատոնին մասնակցելը նախևառաջ հնարավորություն է տալիս Հայաստանի հետ կապը չխզել, մտերմանալ Սփյուռքից ժամանած մյուս պարախմբերի հետ և համագործակցության ճանապարհ հարթել: Մեր երիտասարդները միշտ անհամբերությամբ են սպասում  «Իմ Հայաստան» գալուն»:

Հավելենք նաև, որ «Կռունկ» պարախումբը 2012 թվականին արդեն մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին: Ելույթ է ունեցել նաև «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին:

2013թ. Արաբական Միացյալ Էմիրությունների ՀՕՄ-ի մասանաճյուղի նախաձեռնությամբ ելույթ է ունեցել Դուբայում: Տարեկան ելույթներից բացի՝ մասնակցություն է ունենում նաև Նոր Ջուղայում տեղի ունեցող ազգային, եկեղեցական և պետական տոներին նվիրված միջոցառումներին:

Գևորգ Չիչյան

Scroll Up