Մայր հողի վրա ելույթ ունենալը երջանկության և հպարտության պահեր է պարգևում. Րաֆֆի Աֆարյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի մասնակից Բեյրութի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Քնար» պարախմբի պատասխանատու և շրջանային վարչության անդամ Րաֆֆի Աֆարյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ներկայացրեց  պարախմբի գործունեությունն ու փառատոնից ստացած տպավորությունները.

«Մեզ համար Հայաստանում լինելը, մայր հողի վրա ելույթ ունենալը՝ միշտ երջանկության և հպարտության պահեր է պարգևում: Սահմանում կանգնած հայ զինվորների հպարտությունն ենք զգում: Խմբում վատառողջ մարդիկ կային, բայց նրանք նույնիսկ այդ վիճակում ելույթ ունեցան, քանի որ գիտակցում էին Հայաստանում պարելու պատասխանատվությունը և առաքելությունը»,-ասաց Րաֆֆին:

Րաֆֆի Աֆարյանը Սփյուռքում գործող մշակութային խմբերի համար կարևորում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպումը. սփյուռքահայ երիտասարդները համախմբվում են Հայաստանում, ծանոթանում միմյանց հետ, դրական լիցքեր ստանում և վերադառնալով բնակության երկրներ՝ ոգևորված շարունակում են իրենց հետագա գործունեությունը՝ հզորացնելով Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերը:

«Այն ժողովուրդը, որը մշակույթ չունի, գոյություն ունենալ չի կարող: Իսկ մենք՝ հայերս, դարերի խորքից եկող հարուստ մշակութային ժառանգություն ունենք աշխարհին ներկայացնելու, որի մի մասն էլ ազգային պարարվեստն է կազմում:

Ազգովի գիշերուզօր  պետք է պայքարենք մեր մշակույթի պահպանման համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Եվ հպարտությամբ կարող եմ ասել, որ «Քնար» պարախումբն իր տարիների աշխատանքով նպաստում է հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը»,-իր խոսքում անդրադարձավ Րաֆֆի Աֆալրանը:

Հավելենք, որ Համազգայինի «Քնար» պարախումբն արդեն 60 տարվա պատմություն ունի: Ստեղծվել է 1956 թվականին՝ Լիբանանի Էշրեֆիե շրջանում` Վարդգես և Էկլանթին Աբրահամյանների ջանքերով: 2011 թվականից խմբի գեղարվեստական ղեկավարն ու պարուսույցն է հանդիսանում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանը:

Խումբը մասնակցել է մի շարք փառատոների, ելույթներ է ունեցել տարբեր երկրներում: 1975թ. հայ պարարվեստը ներկայացրել է Ֆրանսիայի Կոնֆոլան շրջանի միջազգային փառատոնին, 1998թ. Արաբական Միացյալ Էմիրություններում` Աբու Դաբիում և Շարժայում, ելույթ է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, օծման առիթով, 1999թ. Բեյրութում մասնակցել է Արաբական խաղերի բացման հանդիսությանը, 2000թ.՝ «Լիբանան-2000» Հայկական օրվա տոնակատարությանը, 2001թ. Լիբանանում Բրումմանայի և 2002թ. Զահլեի փառատոներին, 2004թ. լիբանանյան «Future TV»-ի կազմակերպած «Woman and man of the year» հանդիսությանը: Նույն թվականին պարախումբը Հայաստանում մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին:

2005թ. «Քնար» պարախումբը «Գայանե» պարի դպրոցի հետ համատեղ ելույթ է ունեցել Բեյրութի «United we run» փառատոնին, 2007թ. ներկայացրել է «Լիլ ուլա լիլ ալամ» պարային ելույթը, որը ամբողջովին նվիրված էր Լիբանանին:

Խումբը բարձր մակարդակով ներկայացրել է հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը Հայաստանում, Ֆրանսիայում, Քուվեյթում, Իրանում, Կիպրոսում, Սիրիիայում, Արցախում և այլ երկրներում:

«Քնար» պարախումբը օրեր առաջ համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության հայեցի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու, Հայաստան-Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալով»:

Գևորգ Չիչյան

Scroll Up