Ամփոփվեցին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերի» արդյունքները

Հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի «Պարարվեստի օրերին» մասնակից պարախմբերի գեղարվեստական ղեկավարները հանդիպեցին ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանի հետ:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ սփյուռքյան պարախմբերի գեղարվեստական ղեկավարներից հանդիպմանը ներկա էին՝ Արփինե Ամիրյանը (ՌԴ, Մոսկվա, «Հայասա»), Զավեն Վիրաբյանը («Նաիրի», ՌԴ, Սանկտ Պետերբուրգ), Սյուզաննա Բաբայանը («Նաիրի», «Վարդանանք», ՌԴ, Մայկոպ), Անուշ Մկրտչյանը («Նաիրի», ՌԴ, Ստավրոպոլ), Հրաչիկ Գևորգյանը (Դոնի Ռոստով, «Արփի»), Սոֆյա Եսայանը («Նուռ», «Անի», ՌԴ, Գելենջիկ), Ռուզաննա Ավանեսյանը («Էրեբունի», Բելառուս, Մինսկ), Մետաքսյա Ավագյանը, Համլետ Հովհաննիսյանը («Արաքս», Ուկրաինա, Խարկով), Լուսաբեր Մզիկյանը, Սարուխան Ղարսլյանը («Նաիրի», Վրաստան, Նինոծմինդա), Սևակ Բդոյանը, Զեփյուռ Ղարսլյանը («Փարվանա», Վրաստան, Նինոծմինդա), Գարիկ Պապոյանը («Անի», Աբխազիա, Գագրա), ինչպես նաև՝ Համահայկական ծրագրերի վարչության աշխատակիցներն ու «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի աշխատակազմը:

Գագիկ Գյանջումյանը պարախմբերի ղեկավարներին շնորհակալություն հայտնեց Սփյուռքում հայ պարն ու մշակույթը պահպանելու, տարածելու և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելու համար:

Խոսելով փառատոնի շրջանակներում Երևանում, Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում կայացած համերգների մասին՝ փառատոնի ղեկավարները շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը, նախարար Հրանուշ Հակոբյանին, փառատոնը կազմակերպելու և Սփյուռքում գործունեություն ծավալող պարախմբերին հայրենիքում ելույթ ունենալու հնարավորություն ընձեռելու համար:

Այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակում: Պարախմբերի ղեկավարները հարց ու պատասխանի միջոցով ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, հայտնեցին իրենց կարծիքներն ու կատարեցին համապատասխան առաջարկություններ:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի «Պարարվեստի օրերին» մասնակցեց աշխարհի 25 երկրից ժամանած 48 պարախումբ: 10 օր շարունակ Սփյուռքից ժամանած պարախմբերը ելույթներ ունեցան Երևանում, Շիրակի, Լոռիի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Փառատոնի շրջանակներում անցկացվեցին նաև վարպետության դասեր՝ Սփյուռքից ժամանած պարուսույցների համար:

պարարվեստ պարարվեստ1

Scroll Up