Ռուսաստանաբնակ հայ գործարարը ցանկանում է Հայաստանի սահմանամերձ գյուղում ալրաղաց բացել

Ռուսական Բելգորոդի մարզից ազգությամբ հայ գործարարը ցանկանում է Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերից մեկում ալրաղաց բացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայաստան-Ռուսաստան» առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Բարսեղյանը:

«Նա արմատներով Տավուշից է, իսկ Բելգորոդի մարզում ցորենի արտեր ունի: Այդ պատճառով էլ ցանկանում է հայրենի եզերքում բիզնես հիմնել, որպեսզի հայրենակիցները եկամտի աղբյուր ունենան»,- հավելեց Բարսեղյանը:

Պալատն իր առջեւ խնդիր է դրել՝ հնարավորինս շատ ձեռնարկություններ բացել Տավուշի մարզի սահմանամերձ 24 գյուղերում:

«Մենք ցուցակ ենք կազմել, թե որտեղ ինչ է ավելի լավ բացել: Ինչ-որ տեղ շատ անասնաբույծներ կան, օրինակ՝ Ոսկեպարում: Այնտեղ լավ կլինի կաթի ընդունման կետ բացել: Մեկ այլ վայրում՝ մսի ընդունման եւ վերամշակման, այլ վայրում էլ՝ մրգերի պահպանման կետ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աջակցում է սահմանամերձ գյուղերին: Երբ իմացավ, որ ուզում ենք օգնել տեղի բիզնեսին, ասաց, որ անհրաժեշտության դեպքում կաջակցի մեզ: Շնորհակալ ենք դրա համար»,- հայտարարեց Բարսեղյանը:

Լավագույն աջակցությունը կլինեն դրամաշնորհային արտադրական սարքավորումները, հնարավոր է՝ Չինաստանից, քանի որ այդ երկիրը մեկ անգամ չէ, որ Հայաստանին օգնություն է ցուցաբերել: Հիմա անվճար սարքավորումներ են տրամադրում նոր հեռարձակման համար, նախկինում անվճար ավտոբուսներ են տրամադրել Երեւանին: Ըստ Բարսեղյանի՝ լավ կլիներ նմանատիպ դրամաշնորհով սարքավորումներ ստանալ՝ օգնելու համար Տավուշի գյուղերում աշխատողներին:

«Մեր ներկայացուցիչները, եթե հարկ լինի, կարող են Չինաստան մեկնել, այնտեղ սարքավորումներ ընտրել, որակի մասին տեղեկություններ հավաքել»,- նշեց նա:

Սարքավորումներ կարելի է ձեռք բերել նաեւ այլ երկրներից. ալրաղացի համար Պալատն անհրաժեշտ ամեն ինչ գտել է Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին Հայաստանի խորհրդարանն օրինագծերի փաթեթ ընդունեց, որի համաձայն՝ սահմանամերձ բնակավայրերում բիզնեսն ազատվում է հարկերից (հարկերից կմնա միայն վարձու աշխատողներից գանձվող եկամտահարկը): Բնակավայրերի ցանկը սահմանում է Կառավարությունը:

Scroll Up