Վեհափառը համերգից առաջ իր օրհնությունը փոխանցեց ռուսահայոց թեմի պարային համույթներին

Հուլիսի 25-ին ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր օրհնությունը փոխանցեց ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի՝ Մոսկվայի՝  «Հայասա», «Վարդավառ», Սանկտ Պետերբուրգի՝ «Նաիրի» ևԴոնիՌոստովի «Զվարթնոց» համույթների պարողներին։ Նրանց ուղեկցում էին թեմի հոգևոր հայրերն ու համույթների ղեկավարները։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մոսկվայի «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:

Վեհափառը համույթներին շնորհավորեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնում փայլուն ելույթների կապակցությամբ և հետաքրքրվեց, թե ինչ կցանկանային ստանալ իրենից։ Պարողները ցանկացան ճանաչողական շրջայց կատարել Էջմիածին քաղաքում․ Վեհափառի օրհնությամբ նրանց ցանկությունն առաջիկայում կյանքի կկոչվի։

Ամենայն Հայոց Հայրապետի հետ հանդիպումից հետո՝ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը համույթները ներկայացան համերգային ծրագրով։ Ներկայացնելով պարային համույթները՝ հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասաց․«Հայ եկեղեցին ամենուր ազգապահպանման խարիսխն է։ Ինչքան էլ փորձեն եկեղեցին կոտրել կամ ոչ իրական պատկերով ներկայացնեն՝ ճշմարտությունը մեկն է, որտեղ առկա է հայ

եկեղեցին, այնտեղ հայությունը պահպանում է իր դիմագիծը»։

Իսկ հայրենիքից դուրս հայկական դիմագծի պահպանության հետ կապված՝ ներկաների բոլոր կասկածները փարատվեցին, երբ բեմ բարձրացան տղաները՝ խրոխտ և աղջիկները՝ նազանի կեցվածքով։

«Հայասա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արփինե Ամիրյանի, «Վարդավառի» գեղարվեստական  ղեկավար Մարգարիտա Գրիգորյանի, «Զվարթնոցի» գեղարվեստական ղեկավար Արմեն Գրիգորյանի, «Նաիրիի» գեղարվեստական ղեկավար Զավեն Վիրաբյանի պարողները ներկայացան չորսական յուրօրինակ, բովանդակալից և գեղեցկագույն պարերով։

«Ինչպես ասում են՝ սիրտս փառավորվեց այս հայորդիների պարերից։ Ապշել կարելի է, թե ինչ վարպետությամբ ու ճկունությամբ էին ներկայացնում հայկական պարը ու դա այն դեպքում, որ հեռու են հայոց հողի էներգետիկայից։ Ուզում եմ, որ նրանց՝ Հայաստան այցելելու բարի ու լուսավոր առիթները շատ լինեն, որպեսզի նրանք գոնե հայրենիքի հետ կապ պահպանելու հնարավորություն ունենան»,- մեզ հետ զրույցում ասաց հանդիսատես Էմմա Տերտերյանը։

Հանդիսատեսի բուռն-ջերմ ծափողջույնները և մինչև վերջին վայրկյանը լեփ-լեցուն դահլիճը խոսում էին համերգային ծրագրի հետաքրքրական, սպասված և ստացված լինելու մասին․ վինչև վերջ դահլիճը չէր լքել անգամ ոտքի վրա մնացած հանդիսատեսը։

Համերգային ծրագրի ավարտին Տեր Պողոս աբեղա Վարդանյանը՝ դիմելով ներկաներին,ասաց․ «Մեզ համար կրկնակի ուրախություն է այսօր գտնվել այս դահլիճում, քանի որ հայրենիքից դուրս ենք ապրում։ Սակայն դա չխանգարեց այս սրահ բերել այն ոգևորությունը, հավատը, սերն ու հզորագույն պատմությունը, որ մենք ստացել ենք մեր նախնիներից։ Մեր շնորհակալությունը համույթների ղեկավարներին, ովքեր կարողացել են ազգայինի հանդեպ սեր սերմանել պարողների մեջ։ Ինչպես Հայր Սուրբն ասաց՝ ես էլ եմ այն համոզմանը, որ հայ եկեղեցին՝  հատկապես Սփյուռքում, խարիսխն է հայապահպանության, բայց առավել ևս այդ խարիսը մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, ուր մենք այսօր եղանք, գոհություն առաքեցինք բարձրյալին, ստացանք Վեհափառ Հայրապետի օրհնությունը և ևս մեկ անգամ ամրապնդեցինք այն հավատը, որ ուր էլ որ լինենք՝ մենք հայ ժողովրդի արժանի զավակներն ենք»։

1 2 3 4 5 6 7

Scroll Up