«Կուզեի, որ բոլոր պարագաներում հայը հավատարիմ մնա մարդու կոչմանն ու բարյացկամ լինի». Շաքե Մանգասարյան

ՀՀ սփյուռքի նախարարության բազմաթիվ ծրագրերի շրջանակներում նաև շատ սփյուռքահայ մասնագետներ են վերապատրաստվում Հայրենիքում, շփվում Սփյուռքի այլ հատվածներից եկած մասնագետների հետ, համագործակցության կամուրջներ ստեղծում, փորձի փոխանակում կատարում, հետագայի համար համատեղ ծրագրեր կազմում. այսինքն՝ նախարարության մշտապես  նորացվող,  թարմացվող ու լրացվող աշխատանքային ձևաչափը հրաշալի միջոց է նորարական մտահղացումների, դրանց իրագործմանը հասնելու և աշխատանքային գործընթացում լավագույնս կիրառելու համար:  Այս և այլ թեմաների  շուրջ էլ ծավալվեց «Հայերն այսօր»-ի համար պատրաստվող իմ զրույցը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գործող «Այգ» ռադիոկայանի տնօրինուհի, լրագրող, մեր հայրենակցուհի Շաքե Մանգասարյանի հետ:

 -Սիրելի՛ Շաքե,  Դուք  Հայրենիքում եք  ՀՀ  սփյուռքի նախարարության կայացած ու կարևոր ծրագրերից  մեկի՝ «Սփյուռք»  ամառային  դպրոց ծրագրի շրջանակներում, այս այցելությունն ինչո՞վ  և  ինչպե՞ս  կարևորվեց Ձեզ համար:

-Ձեր հարցին պատասխանելու համար պետք է ասեմ,  որ ես հաճախ եմ գալիս Հայաստան,  բայց չէի ցանկանա  գործածել «այցելել» բառը.  ինձ խորթ է թվում այդ բառը,  քանի որ  Հայաստանն ինձ համար զբոսաշրջային վայր չէ,  այլ՝ տուն: Ամեն անգամ Հայաստանում գտնվելիս ես ջանք չեմ խնայում  իմ ունեցած հին կապերը պահպանել և նոր կապեր հաստատել,  մշտապես կամրջվել Հայրենիքի հետ:  Հարստություն են  թե՛ Հայրենիքը,  թե՛ Սփյուռքը.  Սփյո՛ւռքն է,  որ պետք է հզորացնի Հայրենիքը:  Ես հիացած եմ ՀՀ սփյուռքի նախարարության  այսօրինակ ծրագրերով, շնորհակալ եմ Սփյուռքի նախարարուհի տիկին Հակոբյանին:  Ամեն ոք եկավ,  նստեց ու լսեց դասախոսներին, ովքեր շատ բարձր մակարդակով էին մատուցում իրենց ասելիքը.  մենք կարողացանք  անմիջական  կապ ունենալ մտքի հարստության, փորձառության,  գիտելիքների շտեմարանի հետ:  Թո՛ղ  որևէ մեկը չասի,  թե ինքն ամեն ինչ գիտի. ես ոչ մի բան չգիտեմ,  ես ամեն օր պետք է սովորեմ.  սա՛ պետք է լինի բոլորի նշանաբանը: Երբ մարդն ասում է, որ ինքն ամեն ինչ գիտի, ուրեմն վերջ է դնում իր հաջողություններին.  միշտ պետք է բաց լինել, ընդունել նոր գիտելիքներ սովորե՛լ,  շարունակ սովորել…Բացասականը  միշտ և ամենուր կա մեր շուրջը,  ուստի  պետք է միշտ դրականն  ունենաս  մեջդ  և  վերցնես այն լավը,  որը  հարավորություն ունես   լսելու. պետք է արժևորել ու գնահատել  մարդու լավ արարքը,  լավ գործը, վեր լինել մանրախնդրության ու նախանձի դրսևորումներից: Մեծ լինելու համար անհրաժեշտ է կարողանալ տեսնել  ուրիշների մեծությունն  ու գնահատել.  սա ևս հայության գոյատևման նախապայմաններից է:  Որքա՜ն գոհ պետք է լինենք նախարարության կազմակերպած հայապահպան բոլոր  ծրագրերից, որքա՜ն պետք է գնահատեք արված աշխատանքը.  երազ է ասես, մնում է դուռը բացել ու ներս մտնել:

-Ծրագրի մասին  Ձեր կարծիքը  կուզեմ լսել…

-«Սփյուռք» ամառային դպրոցը դարձել է կրթական դաշտի ամրագոտին: Հանուն Հայրենիքի հզորացման անհրաժեշտ է օգտագործել  ողջ հայության ներուժը:  ՀՀ սփյուռքի նախարարությունն իր մեծարգո նախարարի տեսլականով և հեռանկարներով համատեղ ծրագրեր է կազմակերպում  Երևանի պետական համալսարանի հետ՝ մշտապես նպատակ ունենալով նպաստել Սփյուռքի հայապահպանության խնդրահարույց գործին: Վերապատրաստման ամառային դպրոցի  ծրագրերն այն անմիջական կապն են, որի շնորհիվ մասնակիցները գիտելիքներ ամբարելու հնարավորությունից բացի՝ նաև առիթ ունեն իրենց անհատական հարցերը բարձրացնելու,  որոնք,   նախարարն անգամ շատ բազմազբաղ լինելով հանդերձ,  պատրաստ է  լսել և լուծում տալ:  Մասնակիցներից շատ բան է կախված՝  նրանք իրենց  հիմնական և կենսական միջավայրում պե՛տք է արձագանքեն այդ իրողություններին,  շեշտը դնեն դրանց վրա. գործնական խոստումների կարիք կա:  Այսօր այդօրինակ ծրագրերի   հենքը,  նպատակը հայերենի քաջիմացությունն   առավել կարևորելն ու ամրապնդելն է: Պետք է սիրենք, պահպանենք մեր  լեզուն, մեր Հայրենիքը՝ որպես միակը: Սիրո մեջ ամեն ինչ կհաղթահարվի:

Շաքե՛, Դուք ներկայացնում եք Դուբայում գործող «Այգ» առցանց ռադիոկայանը, խոսենք այդ մասին. ե՞րբ է այն հիմնադրվել, ո՞վ է հիմնադիրը, ի՞նչ թեմաներ եք արծարծում Ձեր թողարկումներում:

-Այն առցանց,  անկախ, անշահ կայան է. անշահ եմ ասում, որովհետև մենք ոչ մի  նյութական  նպաստ չունենք.  այս աշխատանքները գոյատևում են մեր անձնական միջոցներով,  ճիգերով,  նույնիսկ գովազդային շահ չունենք:  Մենք այն համոզումն ունենք,  որ եթե  դու ծառայում ես,  ապա փող չպետք է վաստակես ,  քանի որ ծառայությունը առաքելություն է, և ես առաքելության մեջ եմ  ու պիտի մնամ այնքան , որքան Տերը կամենա, որքան առողջությունս կբավի: Այստեղ կարևորը բարի կամքն է  նվիրվածությունը, սերը: Խոնարհաբար ասեմ,  որ հիմնադիրը ես եմ,  հիմնեցինք 2011-ի սեպտեմբերի 21-ին: « Այգ»-ը  շուտով կբոլորի իր 5-ամյակը,  ինձ հետ  անմիջաբար աշխատում են քույրերս, ունենք նաև անշահախնդիր կամավոր աշխատողներ: Այս  ռադիոկայանը միակն է,  որովհետև  ազգասիրական ծառայություն է իրականացնում:  Մեր կայանով սփռում ենք հայերենը,  ունենք մեր քաղաքական,  մշակոււթային լուրերը, մտավորական թեմաներով զրույցները. հիմնականում գերիշխում են լուրերը Հայասատանից, որոնք շաղկապում եմ՝ միաժամանակ համագործակցելով Ամերիկայի «Ասպարեզ»-ի, «Հորիզոն» հեռուստակայհանի հետ, որպեսզի այդ լուրերը սփռվեն,  այնտեղ ապրող հայերը տեղեկատվություն ունենան Հայաստանի անցուդարձից:  Եթե նայեք, կտեսնեք,  թե որքան  աշխույժ է մեր դիմատետրը:  Օրվա  24 ժամերին  մենք անընդհատ  աշխատում ենք,  365 օր մենք զբաղված ենք,  3 ժամը մեկ  քաղաքական լուրեր են հեռարձակվում ,  որոնք ստանում ենք Հայաստանի հանրային ռադիոյից,  հիմնական թողարկումներ ենք ունենում «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հետ, 3 ժամը մեկ զրույցներ ենք  հեռարձակում ՝ քաղաքական,  մշակութային, հոգևոր  թեմաներով:

-Ստանում եք լուրեր Հայաստանից,  իսկ ինքներդ լուրեր տրամադրո՞ւմ  եք Հայաստանին:

-Այո՛.  Արաբական Միացյալ Էմիրություններում  հային ու Հայաստանին նվիրված ամեն մի միջոցառում ես լուսաբանում եմ և լուրերի ձևով այն ուղարկում  եմ Հայաստան:  Օրինակ՝  Շարժայի հայկական հիմնական եկեղեցուց բացի՝ հայկական  երկրորդ եկեղեցին   բացվեց Աբուդաբիում. ես այդ լուրը տալիս եմ մեր ռադիոկայանով  և նույնը ուղարկում եմ Հայաստանի հանրային ռադիոյին:  Ես ունեմ նաև իմ հեղինակային «Պատմության էջեր»  հաղորդաշարը,  որի  ժամանակ անդրադառնում եմ մտավորականներին,  մշակույթին, արվեստին, հեղափոխական շարժումներին: Մենք կուսակցական պատկանելության առումով կողմնապահություն չենք անում.  սկզբունքը մեկն է՝  հա՛յ է,  արժե՛ք է :

-Շաքե՛,  ի՞նչ մասնագետ եք , Ձեր մասնագիտությամբ աշխատե՞լ եք:

-Ես մի քանի դիպլոմներ ունեմ. ավարտել եմ Երևանի  համալսարանի լեզուների բաժինը, որից  հետո աշխատանքի եմ անցել: Հիմնականում կատարել եմ գրասենյակային,  վարչական  աշխատանք: 18 տարի աշխատել եմ  ամերիկյան ապահովագրության    տարածաշրջանային  ընդհանուր  հիմնակառույցում՝  որպես Մարդուժի  և վարչական մարմնի տնօրեն,  այնուհետև կրկին անցել եմ ուսման՝ հետևելով Քեմբրիջի  Մարդուժի և մենեջմենթի  դասընթացներին:  Դրանից հետո դասավանդել եմ:  Հիմա «Այգն» է իմ հիմնական  գործը,  որը  մեծ նվիրում  և շատ ժամանակ է պահանջում:

-Դուք շատ  լավ խոսեցիք Սփյուռքի նախարարության ծավալած գործունեության մասին.  վաղու՞ց եք բարեկամացել:

-Նախարարության ստեղծման առաջին օրերից հետևել եմ նրա բոլոր ծրագրերին , աշխատանքներին:  «Այգը»  առաջին և միակ ռադիոկայանն է,  որը  հենց  սկզբից էլ սկսել է համագործակցել  նախարարության հետ.  միշտ կարդում եմ մամուլը,  բոլոր հրապարակումները: 2014-ին նախարարության կողմից Հայոց ցեղասպանությանը նվիրված լավագույն հրապարակումների մրցույթում մեր ռադիոկայանն արժանացավ առաջին կարգի մրցանակի:  Ես նախարարության ամեն մի նոր ծրագրի առաջին արձագանքողն  ու տարածողն եմ իմ կայք-էջում,  դիմատետրում:

-Շաքե՛,  պատմեք Ձեր արմատների մասին, խնդրում եմ…

-Արմատներս  Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Չմշկածագ գյուղից են: Հուզիչ մի պատմություն կա. Հայոց ջարդի ժամանակ մեծ մայրիկս ու հայրիկս Հալեպ հասնելու  տառապալից   Ճանապարհին ուժասպառ լինելով,  չկարողանալով այլևս  քայլել,  ճանապարհին են թողնում իրենց  ծծկեր փոքրիկին.  այս միջադեպը  ողջ կյանքում  հանգիստ չի տվել մեծ մորս և այդ ցավով էլ գնաց այս աշխարհից,  դա էլ եղավ    նրա  մահվան հիմնական պատճառը….Հայի՛  ճակատագիր,  հայի ցա՛վ…

-Իսկապե՛ս,  անչափ հուզիչ մի պատմություն,  որը  միլիոնավոր  հայերի  ճակատագրից  մի  դրվագ է….Շաքե,  այսօրվա հային ինչպիսի՞ն  կուզենայիք  տեսնել:

– Ես պատրաստ եմ այս հարցին պատասխանելու. կուզեի,  որ բոլոր պարագաներում հայը մարդու կոչմանը հավատարիմ մնա  և  բարյացկամ լինի.  այսպիսի՛ն է հայի լավագույն  տեսակն ինձ համար:

Այս մաղթանքներով է ավարտվում Շաքե Մանգասարյանի՝ հայուհու լավագույն տեսակի ներկայացուցիչներից մեկի հետ ունեցած իմ զրույցը:

 Կարինե Ավագյան

 

Scroll Up