Օր 4-րդ. «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներն այցելեցին Կոտայքի մարզ

Հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի «Պարարվեստի օրերի» շրջանակներում «Կիլիկիա» (ՌԴ, Մոսկվա), «Տաշիր» (ՌԴ, Կալուգա), «Նարեկ» (ՌԴ, Կրասնոդար), «Տայք» (Էստոնիա), «Թերպսիխորա» (ՌԴ, Պյատիգորսկ), «Արփի» (ՌԴ, Ռոստով) պարախմբերը մեկնեցին Կոտայքի մարզ:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ փառատոնի մասնակիցներն այցելեցին Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք:

Երեկոյան Աբովյան քաղաքի մշակույթի կենտրոնում կայացավ սփյուռքյան պարախմբերի համերգը: Շուրջ երկու ժամ տևած համերգային ծրագիրն անմոռանալի պահեր պարգևեց դահլիճում հավաքված հանդիսատեսին:

Համերգին ներկա էին Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

Երեկոյի ընթացքում «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցներին ողջունեցին նաև երգիչներ Սամսոն Պանյանը, Մամիկոն Բադալյանը, Աբովյանի քաղաքապետարանի «Նազենիկ» պարախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Աիդա Մկրտչյան):

Համերգի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության  «Իմ  Հայաստան» փառատոնի մշակութային հարցերով պատասխանատու, ՀՀ վաստակավոր մանկավարժ Լաուրա Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին, համերգի կազմակերպիչներին՝ Սփյուռքից ժամանած պարախմբերին հյուրընկալելու համար: «Պարախմբերի համար մեծ պատիվ է ելույթ ունենալ հայրենիքում, հարազատ հանդիսատեսի ջերմ ծափահարությունների ներքո: Հայրենիքից ստացած ջերմությունն ու անկեղծ վերաբերմունքը մեր պարախմբերին նոր լիցք կհաղորդի, կօգնի առավել քրտնաջան աշխատել՝ հավատարիմ մնալով սեփական ակունքներին, մշակույթին»,-հավելեց Լաուրա Ավետիսյանը և շնորհակալագրեր հանձնեց Կոտայքի մարզի մասնակիցներին:

1 2 3 4 5 6 7 8

Scroll Up